Կիրակի , 1 Նոյեմբերի 2026

Հարցեր հայոց բիոզանգվածին

Հարցեր հայոց բիոզանգվածին

Sun, 01 Nov 2026 20:45:55 +0400


Ֆեյսբուքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին դժոխք ուղարկող պառավի մեկնաբանության առկայությունը վկայում է, թե որքան թույլ է քարոզչության դրվածքը եկեղեցում: Ինչո՞ւ եմ դա շեշտում: Որովհետև սովորաբար ծեր մարդիկ ամենաջեռմերանդ հավատացյալներն են: Ճիշտ է, սրան կարելի է հակաճառել, թե «գեղ չկա, որ շուն չլինի» ասացվածքով, սակայն կրոնն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր կյանքում: Ու նման միտք չպետք է ծագեր պառավի ուղեղում՝ որքան էլ նա լիներ անուղեղ նիկոլական: Որովհետև պետք է վախենար Ասստծո պատժից: Պառավը սակայն չվախեցավ, ու դա Նիկոլի հաղթանակն էր 1700-ամյա հայոց եկեղեցու նկատմամբ: Որքան էլ այն լիներ աննշան:

Ընդդիմության մասին էլ չեմ խոսում՝ ամենօրյա քարոզչական աշխատանքի պահանջն առկա է, եթե Փաշինյանի պատճառով մեր գլխով անցած այդքան արհավիրքներից հետո դեռ գտնվում է մարդկանց մի հսկայական բազմություն՝ շուրջ 727 հազար, որ ձայն է տալիս նրան: Կամ էլ գտնվում են լրացուցիչ շուրջ 40 հազար մարդիկ, ովքեր քվե չէին տվել 2021-ին: Կամ էլ առաջին հայացքից հայրենասեր մեկը գրագետ ու խելացի նյութի տակ այսպիսի մեկնաբանություն է թողնում. «… մեր վիճակն էլ կլինի այսպես , հայը հային վիրավորի , երկիրը ծախի , քանդի Հայաստանի ոտքի տակի հողը ։ Չես հասկանում ոնց կարելի է փողի խաթր ծառայել թշնամի երկրներին»: Մեջբերումը կատարել եմ առանց որևէ փոփոխության: Մեջբերումը վկայում է, որ մարդն անգրագետ է, սակայն այսպես թե այնպես մտածում է հայրենիքի մասին:

Բայց դա նաև վկայում է, որ նույնիսկ հայրենասեր մեկն ընկել է Փաշինյանի ազդեցության տակ: Ինչը նշանակում է, որ համապատասխան օրինակներով անընդհատ պետք է կրկնել, որ հայը հային վիրավորելու գործընթացը միշտ նախաձեռնվում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից: Որ եթե իշխանություն ունեցողն իրեն ադեկվատ պահի, ապա ընդդիմախոսներն էլ ստիպված կլինեն դրսևորել նույն վերաբերմունքը: Իսկ եթե երկրի ղեկավարն իրեն պահում է վերջին փողոցայինի պետ, ապա կգտնվեն մարդիկ, ովքեր կարձագանքեն նրան նույն ոճով:

Որ «երկիր ծախելու և Հայաստանի ոտքի տակի հողը քանդելու» մեջ առաջին հերթին պետք է մեղադրել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին՝ կրկին համապատասխան հիմնավորումներով: Անընդհատ պետք է կրկնել, որ այնպես էլ բարձրաձայն չի ասվել, թե նախքան 44-օրյա պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ցուցումներով ինչպիսի բովանդակությամբ ծրարներ են փոխանակվել հատուկ ծառայությունների միջև: Եվ վերջապես՝ երբ Նիկոլը հերթական անգամ կրկնում է, թե իր որդին կամավոր պատերազմ է գնացել, չնայած ուներ չմասնակցելու իրավունք, պետք է հարց տալ, թե, նախ, կամավոր գնացած Աշոտիկն ինչ գործ ուներ նկուղներում՝ երբ մայրն այցելում էր այդտեղ պատսպարված կանանց ու երեխաներին: Եվ երկրորդ, այդ ինչ գործողություն է կատարվել, որպեսզի նրա որդին չընկնի գերության մեջ: Եվ ինչի է հանգեցրել այդ գործողությունը՝ միաժամանակ հիշեցնելով, որ ինքը պատրաստ էր իր որդուն փոխանակել թշնամական երկրում մնացած մեր գերիների հետ:

Իհարկե, կասկածի ենթակա չէ, որ չի կարելի «փողի խաթր ծառայել թշնամի երկրներին»: Դա դավաճանություն է և որպես ծանր հանցագործություն՝ արժանի է խիստ պատժի: Հետաքրքիր է, իսկ կարելի՞ է իշխանության պահպանման «խաթր ծառայել թշնամի երկրներին»: Երբ վարչապետի աթոռից կառչած անձը սպասարկում է թշնամական Ադրբեջանի շահերը՝ դա չի՞ նշանակում ծառայել թշնամի երկրներին: Դա, սակայն, չեն գիտակցում այն անձինք, ովքեր կոչ են անում միավորվել գործող իշխանության շուրջը: Սակայն հնարավոր չէ միավորվել Փաշինյանի շուրջը, ով կատարում է Բաքվից հնչող պահանջները: Ինչը պայմանավորված է խայտառակ պարտությամբ, որով ինքը, չգիտես ինչ աննորմալ տրամաբանությամբ, հպարտանում է: Իսկ հպարտանալ խայտառակ պարտությամբ կարող է ոչ թե իսկական հայը, այլ միայն թշնամու գործակալը:

ՀԳ. Հետաքրքիր է, իշխանափոխությունից, ինչը վաղ թե ուշ տեղի է ունենալու, հետո ինչպե՞ս են նման մարդիկ իրենք իրենց անցյալը գնահատելու: Եվ ի՞նչ են պատասխանելու մեր օրերի մասին իրենց զավակների կամ թոռների հարցերին: Խոսքն, իհարկե, վերը նշված պառավի մասին չէ, որ հոգին՝ եթե այն առկա է, արդեն բռնել է դժոխքի ճանապարհը: Թե՞ պատասխանելու են, որ չէին տեսնում, թե ինչ բնույթի ու մակարդակի անձնավորություն էր ղեկավարում մեր երկիրը: Եվ ինչպե՞ս է հնարավոր պետությունն արհավիրքների տարած ղեկավարին անվերապահ աջակցել ու անընդհատ վերարտադրվելու հնարավորություն ընձեռել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրության արդյունքները ոչ թե ՔՊ-ի, այլ տեղական գործիչների շնորհքն է Sun, 01 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով