Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Ինչպես Մոնթե Մելքոնյանի այրին համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին

Ինչպես Մոնթե Մելքոնյանի այրին համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին

Mon, 02 Nov 2026 14:30:04 +0400


Նոյեմբերի 25-ից մեծ էկրաններին կհայտնվի «Մոնթե» գեղարվեստական ֆիլմը, որի ստեղծմանն իր համաձայնությունն ու աջակցությունն է տվել նաև Մոնթե Մելքոնյանի այրին՝ Սեդա Գասպարյան-Մելքոնյանը։ Genetic Production-ի՝ Instagram-ում հրապարակված տեսանյութում նա պատմել է, թե ինչպես է ստեղծագործական թիմը կապ հաստատել իր հետ և ինչ պայմանով է նա համաձայնել աջակցել նախագծին։

Սեդա Գասպարյան-Մելքոնյանի խոսքով՝ մոտ մեկ տարի առաջ Genetic Production-ի պրոդյուսեր Նոնա Սարգսյանն է կապ հաստատել իր հետ՝ ներկայացնելով Մոնթեի մասին ֆիլմ նկարահանելու մտադրությունը։

Ինչպես խոստովանում է Մոնթեի այրին, ինքը սովորաբար նման առաջարկներին մերժումով է պատասխանում։ Պատճառը նախկինում նկարահանված ֆիլմերի փորձն է․ դրանցից որոշներում, իր գնահատմամբ, Մոնթեի կերպարը երբեմն աղավաղվել է։

«Ինձ ամենաշատը ցավեցնում էր այն, որ երբեմն Մոնթեի կերպարը աղավաղում էին, և ես զգույշ եմ»,-նշել է նա։

Սեդա Գասպարյան-Մելքոնյանը պատմել է, որ նախքան համաձայնություն տալը մանրակրկիտ ուսումնասիրել է Genetic Production-ի գործունեությունը, հետաքրքրվել ընկերության նպատակներով և պատասխաններ ստացել իրեն հուզող հարցերին։ Նա նաև նշել է, որ նախկինում բազմաթիվ առաջարկներ է ստացել՝ այդ թվում՝ ամերիկյան և կանադական կազմակերպություններից, սակայն դրանց մեծ մասին աջակցելու հեռանկար չի տեսել։

Այս անգամ, սակայն, որոշել է հնարավորություն տալ նախագծին՝ մի կարևոր պայմանով. ֆիլմում Մոնթեի իրական կերպարը չպետք է աղավաղվի։

«Եթե այս ֆիլմը պետք է նկարահանվի, ուրեմն մեկ պայմանով՝ ամեն ինչ պետք է իրական լինի։ Այսինքն՝ մենք բացարձակապես Մոնթեին փոխելու կարիք չունենք, անգամ, այսպես ասած, գեղարվեստական ֆիլմում։ Մոնթեն ինքն արդեն այնքան հրաշալի է իր բնական կերպարով, որ նրան փոխելու կարիք չկա»,-ընդգծել է Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ինքը քայլ առ քայլ կհետևի ֆիլմի աշխատանքներին՝ համոզվելու համար, որ պատմության և Մոնթեի կերպարի ներկայացման մեջ սխալներ թույլ չեն տրվի։ Genetic Production-ը սիրով համաձայնել է այդ պայմանին։

Սեդա Գասպարյան-Մելքոնյանը նաև պատմել է, որ ֆիլմի ստեղծագործական թիմի հետ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, զրուցել և կիսվել Մոնթեի մասին պատմություններով։ Թեև այդ պատմություններից ոչ բոլորն են ընդգրկվելու ֆիլմում, դրանք կարևոր նշանակություն են ունեցել ստեղծագործական թիմի համար՝ Մոնթեին ավելի լավ ճանաչելու և նրա անհատականությունն ընկալելու տեսանկյունից։

«Նպատակը հենց դա էր՝ որ գոնե ֆիլմը ստեղծողները իրենք իսկապես ճանաչեն Մոնթեին, հասկանան, թե ով էր նա, ինչպիսին էր, որպեսզի կարողանան հնարավորինս իրականին մոտ ստեղծել նրա կերպարը»,-ասել է նա։

Ֆիլմում Մոնթե Մելքոնյանի կերպարը մարմնավորում է դերասան Վլադիմիր Մսրյանը, իսկ նրա կնոջ՝ Սեդայի դերում հանդես է գալիս Հռիփսիմե Նահապետյանը։ Խորեն Լևոնյանն այս ֆիլմում կրկին մարմնավորում է Վազգեն Սարգսյանին։ Ֆիլմի պրոդյուսերն է Նոնա Սարգսյանը։

Genetic Production-ը նպատակ ունի ֆիլմերի միջոցով ներկայացնելու հայի պայքարող և հաղթող գեների մասին պատմությունները՝ անդրադառնալով մեր պատմության ականավոր գործիչների կյանքին ու գործունեությանը։

«Մոնթե» ֆիլմը մեծ էկրաններին կլինի նոյեմբերի 25-ից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

4 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ

4 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ Tue, 27 Oct 2026 16:01:11 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով