Խեր լինի…
Mon, 02 Nov 2026 16:45:12 +0400

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում կարող է նոր փուլ սկսվել՝ այս անգամ Սյունիքի մարզում։ Խոսքը TRIPP նախագծի ենթակառուցվածքների կառուցման համար նախատեսված տարածքների մասին է՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հատուկ վարժեցված շուն պետք չէ լինել՝ հասկանալու համար, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանի պատյանով այս մարդը: Մի ամիս չկա, ինչ հայտարարել էին, որ հյուսիսից են իջնելու ներքև… անկլավներ, էքսկլավներ, Արծվաշեն, Տիգրանաշեն… Գյուղերը մի քիչ աջ կտանք, մի քիչ ձախ՝ ֆլան, ֆստան: Այսքան արագ հասաք ԹՐԻՓՓ-ի՞ն: Մհեր Գրիգորյանն ասում է՝ «արտահերթ կարգով ենք սահմանազատելու»: Հավանաբար ոգևորվեցին, որ կարողացան խորհրդարանին կըզըցնելով ու խաբելով ԹՐԻՓՓ նախագիծն անցկացնել: Արդյունքում սահմանազատման գործընթացը թռավ Սյունիք, Մեղրի՝ ԹՐԻՓՓ-ի համար «նախատեսված տարածքներ» ենք տալիս «հարևանին»: Բայց մի անհամեստ հարց՝ իսկ «հարևանը» մեզ ի՞նչ է տալու այդ տարածքների դիմաց:
Վստահաբար խոսքը միայն Հայաստանից որոշ տարածքներ զիջելու մասին է, տարածքներ, որոնք պետք է օտարվեն, Գրիգորյանի խոսքով՝ TRIPP նախագծի ենթակառուցվածքների կառուցման նպատակով: Դրանք էլեկտրահաղորդման գծերն են, ավտոճանապարհը և բուն երկաթգիծը: Փաշինյանի տեղակալը նաև հասկացրել է, որ հայկական կողմն է այս շտապողականության մեղավորը: Իսկ թե ինչու է հայկական կողմը շտապում, ոչ ոք չգիտի: «Տո լի» ուզում են, որ թուրքերն ու ադրբեջանցիները հնարավորինս շուտ ողջագուրվեն ԹՐԻՓՓ-ի վրա, «տո լի» երազում են, որ Փաշինյանը կտրի կարմիր թելը: Այլապես Թրամփը, կարծես, չի շտապեցնում, իսկ Ալիևն էլ «յալվար չի» խաղաղության պայմանագիր ստորագրելու: Եվ ուրեմն այդ ի՞նչ շտապողականություն է մեր կողմից: Հող ու տարածք տալու համար խելքներս գնո՞ւմ է:
Իսկ եթե Մհեր Գրիգորյանը մի քիչ ավելի ազնիվ լիներ, հենց այսօր կհրաժարվեր իրեն վստահված սահմանազատման ու սահմանագծման այս կապիկությունից և կխոստովաներ, որ Փաշինյանի օրերը հաշված են, իսկ Ադրբեջանին տված նրա խոստումների մի զգալի մասը, այդ թվում և «Զանգեզուրով միջանցք տրամադրելը» մնացել են կիստ-պռատ ստորագրված թղթի վրա: Իսկ թե ինչու են Նիկոլի օրերը հաշված, Մհեր Գրիգորյանը բոլորից լավ գիտի: Պարոն Գրիգորյան, ՌԴ փոխվարչապետը վաղուց ձեզ հետ շաշկի չի խաղում: Խեր լինի…
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր