Պետությունը նմանվում է այն ընտանիքին, որն ունի պարտքեր, բայց պապայի ծնունդը պետք է անեն թանկ ռեստորանում
Tue, 03 Nov 2026 12:03:55 +0400

2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը քննադատեց վարչապետի աշխատակազմի ծախսերը՝ հարց բարձրացնելով սննդի և «Վարչաբենդ» համույթի ֆինանսավորման նպատակահարմարության վերաբերյալ։
Դիմելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին՝ պատգամավորը նկատեց, որ իշխանությունների մոտեցումից տպավորություն է ստեղծվում, թե ընտրություններում հաղթանակը նրանց իրավունք է տալիս պետական միջոցները տնօրինել սեփական հայեցողությամբ։
Ղազինյանը շեշտեց, որ իրեն՝ որպես քաղաքացու, հետաքրքրում է, թե որքան գումար է հատկացվում նման ծախսերին։
Ի պատասխան՝ Լիլիթ Մակունցը մերժեց ամբարտավան վերաբերմունքի վերաբերյալ գնահատականը՝ նշելով, որ ընթացիկ տարվա բյուջեում նախատեսված է 1,6 միլիարդ դրամի կրճատում։ Նրա պարզաբանմամբ՝ խոսքը ոչ այնքան ընդհանուր ֆինանսավորման նվազեցման, որքան միջոցների առավել արդյունավետ վերաբաշխման մասին է։
Մակունցը ներկայացրեց նաև վարչապետի աշխատակազմի բյուջեի մի շարք հոդվածներ։ Մասնավորապես, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման համար նախատեսվել է շուրջ 7 միլիարդ դրամ, որի մեջ ներառված են նաև կառավարական ամառանոցի ծախսերը։ «Քաղաքացու միջոցառում» ծրագրին հատկացվել է 40 միլիոն դրամ, «Մեր ժամանակների հերոսը» միջոցառմանը՝ 156 միլիոն դրամ, իսկ միջազգային դատարաններում և արբիտրաժներում Հայաստանի շահերի պաշտպանության համար նախատեսվել է 4,3 միլիարդ դրամ։
Սակայն պատգամավորի գնահատմամբ՝ ներկայացված հատկացումները շարունակում են բավական մեծ մնալ։ Ղազինյանը հայտարարեց, որ իշխանափոխության դեպքում այդ ծախսային ուղղություններով ֆինանսավորումը զգալիորեն կնվազի։
Իր տեսակետը հիմնավորելու համար նա պետական ծախսերը համեմատեց ֆինանսական դժվարությունների մեջ հայտնված ընտանիքի վարքագծի հետ, որը, ունենալով պարտքեր և չլուծված կրթական ու սոցիալական խնդիրներ, միևնույն ժամանակ որոշում է ընտանիքի հոր ծննդյան տարեդարձը նշել ամենաթանկ ռեստորանում։
Պատգամավորի խոսքով՝ պետությունը չպետք է նման առաջնահերթություններ սահմանի, երբ առկա են ավելի հրատապ ֆինանսական և սոցիալական խնդիրներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր