«Հրապարակ». Իբրեւ թե միգրանտական մշակույթը նոր շունչ է տալիս Եվրոպային
Tue, 03 Nov 2026 12:15:48 +0400
Եվրոպայում բողոքի ցույցերը հասել են աշխարհի ամենախաղաղ ու հարուստ երկրներից մեկին` Շվեյցարիային: Քանի օր է՝ Ցյուրիխում անկարգություններ են, իսկ իրավապահները ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ են օգտագործում: Զայրացած ամբոխը նույնիսկ հարձակվել է ոստիկանների վրա, վնասել Հելոուինը նշող քաղաքացիներին։ Գողացել են աղբատար մեքենաներ եւ այրել, կոտրել շենքերի ճակատային մասը, պատուհանները։ Բողոքողները հիմնականում դժգոհ են բնակարանի, սննդի եւ կրթության արժեքից: Որոշ աղբյուրների համաձայն՝ Շվեյցարիայում բողոքի ցույցերն ուղղված են Գազայի հատվածում պատերազմի, ոստիկանության եւ ֆաշիզմի վերելքի դեմ:
Լեհաստանում եւս իրավիճակը բավականին լարված է` իշխանափոխության փորձեր են արել: Կատաղի բողոքի ցույցեր էին նաեւ Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում եւ այլուր: Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, մեզ հետ զրույցում խոսելով Եվրոպայում տիրող քաոտիկ իրավիճակի մասին, ասում է. «Եվրոպայում տեղի է ունենում քաղաքացիական պատերազմ, որը գնալով բռնկվում է: Ձախական եւ կոմունիստաիսլամական դաշինքը ճնշում է ազգային, ավանդական փոքրամասնություն դարձած եվրոպական ժողովուրդներին, եւ դա պրոբլեմ է առաջացնում: Շվեյցարիայում եւս իսլամական ճյուղն է ստեղծում այսպիսի քաոտիկ իրավիճակներ: Կոմունիզմը, որպես այդպիսին, մշտապես հենվել է այդ գործոնի վրա: Եվրոպայում զավթողական մշակութային պատերազմ է գնում, եւ մենք ընկել ենք դրա տակ, իսկ Նիկոլ Փաշինյանը հենց դրա կրողն է»: Բայց այդ ակցիաները հիմնականում սոցիալական բնույթի են, ցուցարարները խոսում են սոցիալական անարդարության մասին։ «Ամեն դեպքում, խնդիրը սոցիալականի հետ այնքան էլ կապ չունի: Օրինակ` Ֆրանսիան սոցիալական հարցերի վերաբերյալ վարում է հստակ քաղաքականություն: Այնտեղ միջին հարկատուն աշխատում է միգրանտների համար: Սոցիալական խնդիր այնտեղ, որպես այդպիսին, չկա: Մարդիկ գնում են Ֆրանսիա, ուզում են ապրել այնտեղ, ֆրանսիական փող ծախսել, ֆրանսիական ինստիտուտներից օգտվել, բայց իրենց օրենքներով եւ դա անում են խիստ բացահայտ: Ֆրանսիայի ուսուցիչների 80 տոկոսը վառ արտահայտված ձախականներ են, հետեւաբար` պրոիսլամիստներ են կամ առնվազն հակաքրիստոնյա, հետեւաբար՝ նրանք խրախուսում են այս ամենը եւ պնդում, որ ֆրանսիական մշակույթը հին է, մեռած է, իսկ միգրանտական մշակույթը նոր շունչ է տալիս Եվրոպային: Այս հարցն այնքան է մնալու օրակարգում, իրավիճակն այնքան է մնալու լարված, մինչեւ աջերը չգան իշխանության: Լեհաստանում տեղի ունեցածը ձախական հեղաշրջման փորձ էր: Մուսուլմանական փողերը ձախականներին հանգիստ չեն տալիս: Հայաստանն էլ մուսուլմանական փողերին զոհ գնաց: Մենք այսօր Եվրոպայի հետ մի նավակում ենք»: