Մոսկվան պարտավոր չէ վճարել եվրոպական ձգտումների համար
Wed, 04 Nov 2026 13:15:04 +0400

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն կարծում է, որ Ռուսաստանը ներկայում դեռեւս նախազգուշացնում է, թե ինչ հնարավոր կորուստներ կարող է ունենալ Հայաստանը, եթե դուրս մնա ԵԱՏՄ-ից։ Իսկ կորուստներ, անխոս, լինելու են, քանի որ ԵԱՏՄ ինտեգրացիոն նման միությունում անդամակցությունը Հայաստանին տրամադրում է որոշակի արտոնություններ եւ զեղչեր։ Դրանք վերաբերում են ե՛ւ էներգակիրներին, ե՛ւ աշխատանքային, ե՛ւ ապրանքային ռուսական շուկային, ե՛ւ միության մյուս անդամ պետությունների շուկաներին։ Ու եթե պետությունը Ռուսաստանի հանդեպ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում, ապա բնական է, որ այդ արտոնությունների եւ զեղչերի վրա հույս դնելը շատ դժվար է լինելու։ «Ալֆանյուզի» հետ զրույցում Բեզպալկոն ասել է, որ Հայաստանն իրավասու է՝ ինքնուրույն որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը, սակայն այդ ընտրությունը չպետք է ենթադրի միավորման մյուս անդամների ունեցած արտոնությունների եւ զեղչերի պահպանում` այդ անդամների հաշվին։
«Եթե պետությունը, վերջինիս ղեկավարությունը եւ ժողովուրդը ցանկանում են որոշակի քաղաքականություն իրականացնել, իրենց երկիրը տանել որոշակի նպատակների, ապա դա նրանց իրավունքն է։ Անխոս՝ այդպես է։ Սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանը կամ ԵԱՏՄ մյուս անդամները պետք է այդ ճանապարհը հովանավորեն իրենց հաշվին, իրենց բյուջեների հաշվին, արտոնությունների ու զեղչերի հաշվին։ Պետք է պատասխանատվություն կրել, այդ թվում՝ նաեւ տնտեսական ոլորտում պատասխանատվություն։ Եթե Հայաստանի ղեկավարությունն այդքան վստահ է իր ընտրության, ուժերի եւ իր պետության պոտենցիալի վրա, ապա ինչի՞ց պետք է վախենա այդ դեպքում»,- ասել է քաղաքագետը։ Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ Հայաստանում կամ Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմամբ։
Բեզպալկոն կարծում է, որ ուկրաինական հակամարտության շարունակման ֆոնին՝ հավելյալ լարվածությունը կստիպեր Մոսկվային նոր քաղաքական, տնտեսական եւ այլ ռեսուրսներ գտնել։ «Սակայն դա չի նշանակում, որ մեր հաշվին, մեր քաղաքացիների հաշվին պետք է լինեն Փաշինյանի կամ հայկական էլիտաների ձգտումները, ինչպես նաեւ՝ Հայաստանի այն քաղաքացիների հաշվին, որոնք դրան չեն աջակցում։ Թող այդ դեպքում նրանք ամբողջապես կրեն պատասխանատվություն, այդ թվում՝ նյութական, ֆինանսական եւ այլն, այն ընտրության համար, որը կատարել են։ Նրանք ցանկանում են գնալ դեպի Եվրամիություն։ Խնդրեմ։ Դա չի համապատասխանում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԵԱՏՄ նպատակներին։ Այդ դեպքում թող ինքնուրույն վճարեն իրենց ընտրության համար»,- ասել է քաղաքագետ Բեզպալկոն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր