Ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել
Sun, 08 Nov 2026 15:30:32 +0400

Կոլումբիայի հյուսիսում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինծառայող է զոհվել, ևս առնվազն 16-ը վիրավորվել են, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով բանակի հայտարարությանը։
Հարվածը հասցվել է Սան Լուկաս լեռնաշղթայի ստորոտում գտնվող Սանտա Ռոսա դել Սուր փոքր քաղաքի ռազմական օբյեկտին։ Իշխանությունները դեռ չեն պարզել, թե ով է կանգնած հարձակման հետևում։
Շրջանը հարուստ է ոսկու հանքավայրերով և վաղուց պայքարի առարկա է «Ծոցի կլան» հանցավոր խմբավորման, ապստամբական Ազգային ազատագրության բանակի (ԱԱԲ) և Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի նախկին անդամների ստեղծած փոքր կազմավորումների միջև։
«Այս հարձակման հետևում կանգնածները թաքնվելու տեղ չեն ունենա», — հայտարարել է Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան՝ նշելով, որ զինվորականների վրա հարձակումները միայն ամրապնդում են երկիրը պաշտպանելու իշխանությունների վճռականությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր