Փաշինյանի թիմի պարադոսքսալ նախաձեռնությունը․․․կոշտ մեսիջներ՝ Մոսկվայից
Mon, 09 Nov 2026 11:00:48 +0400

Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտ ներկայացնելուն։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Եվրոպական միությունում տեղ փնտրելը, որը նախաձեռնել է Փաշինյանի թիմը, հանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու իրական օգուտներն օգտագործվում են այլ ինտեգրացիոն միավորում անցնելու եթերային գաղափարն առաջ մղելու համար»,-նշել է ռուս դիվանագետը։
Պանկինի կարծիքով՝ ստեղծված հանգամանքներում օրինաչափ տրամաբանական ելքը կլիներ հանրաքվեն, որի ժամանակ Հայաստանի ժողովուրդը կարտահայտեր իր կամքը, ինչպես նախատեսված է երկրի Սահմանադրությամբ, ինտեգրման իր հետագա ուղղության հարցում։
«Ընդ որում, տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդին, հետո նոր պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, և ոչ թե հակառակը, ինչը վերջերս հրապարակավ պնդում է Հայաստանի ղեկավարությունը», -ընդգծել է ռուս պաշտոնյան։
Նա պարզաբանել է, որ եթե հայտ ներկայացվի, ժողովրդի կարծիքն արդեն որևէ մեկին հետաքրքրիր չի լինի․
«Ըմբռնելու համար այն ակնհայտ առավելությունները, որոնք Հայաստանը ստացել է որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, և հնարավոր կորուստները, որոնք կլինեն ինտեգրման կապերի խզումից, հասարակությանը վերջերս ներկայացվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության կատարման նպատակով պատրաստված զեկույցը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին»։
ՌԴ ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ զեկույցում շարադրված սցենարը դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ տնտեսական անվտանգության ռիսկերը և Միության անդամ պետությունների համար վնասները կանխելու նպատակով։
«Արդյո՞ք դա կիրականացվի, կախված է ՀՀ ղեկավարության՝ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների մոտ առաջացած մտահոգությունները փարատելու պատրաստակամությունից»,-նշել է Պանկինը:
Դիվանագետի պնդմամբ, առայժմ Մոսկվայում Երևանից կառուցողական ազդանշաններ չեն ստացել այս հարցի հետ կապված։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր