Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

Չպետք է հայտնվենք մի իրավիճակում, երբ ուսուցիչը վախենա երեխայի նկատմամբ պահանջկոտ լինելուց

Չպետք է հայտնվենք մի իրավիճակում, երբ ուսուցիչը վախենա երեխայի նկատմամբ պահանջկոտ լինելուց

Mon, 09 Nov 2026 13:45:51 +0400


​Վերջին շրջանում հանրային լարվածությունն ու քննարկումները կենտրոնացել են դպրոցներում արձանագրվող բռնության դեպքերի վրա։ Մանկավարժների կողմից երեխաների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերը ոչ միայն բուռն քննադատության են արժանանում, այլև երբեմն հանգեցնում են կտրուկ իրավական քայլերի՝ ընդհուպ մինչև ուսուցիչների կալանավորում։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ սա արդյոք զուտ իրավական գործընթաց է, թե՞ հետապնդում է իշխանությունների կողմից որոշակի նպատակներ՝ հանրային ուշադրությունը շեղելու կամ կրթական համակարգի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար։
Հրապարակի» զրուցակիցն է կրթության փորձագետ Վանո Կարապետյանը։

​- Վերջին շրջանում դպրոցներում մանկավարժների կողմից բռնության դեպքեր են արձանագրվում, նրանց կալանավորում են անգամ։ Սա ինչ նպատակ է հետապնդում։

​- Նախ՝ կարծում եմ, որ դպրոցներում արձանագրված բռնության յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկել առավելագույն լրջությամբ։ Որևէ պարագայում չի կարելի արդարացնել բռնությունը՝ անկախ նրանից՝ այն իրականացնողը աշակերտ է, ուսուցիչ, թե կրթական համակարգի որևէ այլ ներկայացուցիչ։ Երեխայի անվտանգությունը բացարձակ առաջնահերթություն է, և այստեղ որևէ փոխզիջում լինել չի կարող։ ​Բայց միաժամանակ ուզում եմ ուշադրություն հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա։ Վերջին շրջանում հանրային քննարկումներում հաճախ տպավորություն է ստեղծվում, թե դպրոցներում առկա բոլոր խնդիրների հիմնական պատասխանատուն ուսուցիչն է։ Կարծում եմ՝ սա չափազանց պարզունակ մոտեցում է բավականին բարդ խնդրի նկատմամբ։

​Ես չէի շտապի տեղի ունեցողը որակել որպես ուսուցիչների նկատմամբ կազմակերպված արշավ, բայց ակնհայտ է, որ հանրային դիսկուրսում ուսուցչի մասնագիտությունը հաճախ հայտնվում է միակողմանի քննադատության կենտրոնում։ Եվ այստեղ պետք է տարբերակել երկու բան՝ ուսուցչի մասնագիտական գործունեության հիմնավորված քննադատությունը և ամբողջ մանկավարժական հանրույթի արժեզրկումը։

​Այո՛, մենք ունենք ուսուցիչներ, որոնց մասնագիտական պատրաստվածության, հաղորդակցման մշակույթի, մանկավարժական մոտեցումների և երեխաների հետ աշխատանքի վերաբերյալ լուրջ հարցեր կան։ Դրանք պետք է բարձրաձայնվեն, ուսումնասիրվեն և համապատասխան լուծումներ ստանան։ Ուսուցիչը ևս պատասխանատվություն ունի, և այդ պատասխանատվությունը չի կարող շրջանցվել։

​Սակայն եկեք հարցին նայենք ավելի լայն տեսանկյունից։ Իսկ ո՞վ է պատասխանատու երեխայի դաստիարակության համար։ Մի՞թե միայն դպրոցը։ Որտե՞ղ է ծնողի պատասխանատվությունը, ընտանիքի դերը, հասարակության ազդեցությունը, սոցիալական միջավայրը։ Ի՞նչ ազդեցություն ունեն երեխաների վարքագծի վրա սոցիալական ցանցերը, համացանցային բովանդակությունը, ագրեսիայի հանդեպ հասարակական հանդուրժողականությունը։

​Մենք չենք կարող երեխայի վարքագծի բոլոր դրսևորումները վերագրել միայն դպրոցին և ուսուցչին։ Դպրոցը հասարակությունից մեկուսացված կառույց չէ։ Այն հասարակության ներսում գործող ինստիտուտ է և հաճախ արտացոլում է նաև հասարակության մեջ առկա խնդիրները։ Մյուս կողմից՝ պետք է խոսենք նաև հենց կրթական համակարգի պատասխանատվության մասին։ Արդյո՞ք դպրոցներն ունեն բռնության կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ, արդյո՞ք մանկավարժները պատրաստված են կոնֆլիկտների կառավարման և ճգնաժամային իրավիճակներում գործելու համար, արդյո՞ք դպրոցներում բավարար են հոգեբանական ծառայությունները, և արդյո՞ք ժամանակին են արձագանքվում երեխաների վարքագծում նկատվող վտանգավոր փոփոխությունները։
​Սրանք հարցեր են, որոնց պատասխանները շատ ավելի կարևոր են, քան հերթական հանրային մեղավորի որոնումը։
​Ինձ համար հատկապես մտահոգիչ է, որ երբ ուսուցչի հեղինակությունը հետևողականորեն արժեզրկվում է, մենք դրանով անուղղակիորեն թուլացնում ենք նաև դպրոցի՝ որպես դաստիարակչական ինստիտուտի ազդեցությունը։ Սա ամենևին չի նշանակում, որ ուսուցիչը պետք է լինի անձեռնմխելի կամ քննադատությունից վեր։ Ո՛չ։ Բայց ուսուցիչը պետք է ունենա և՛ պատասխանատվություն, և՛ մասնագիտական արժանապատվություն, և՛ անհրաժեշտ աջակցություն։ ​Մենք պետք է պաշտպանենք երեխային, բայց այդ պաշտպանությունը չպետք է վերածենք ուսուցչի դեմ պայքարի։ Մենք պետք է պահանջենք պատասխանատվություն ուսուցչից, բայց նույնքան հետևողականորեն պահանջենք այն ծնողից, դպրոցի ղեկավարությունից, կրթության կառավարման համակարգից և պետությունից։

​Ի վերջո, բռնության դեմ պայքարը մեկ մասնագիտության ներկայացուցիչներին թիրախավորելով չի իրականացվում։ Այն պահանջում է համատեղ աշխատանք, կանխարգելում, հստակ պատասխանատվություն և առողջ կրթական միջավայր։​Եվ ուզում եմ մի կարևոր միտք ընդգծել. մենք չպետք է հայտնվենք մի իրավիճակում, երբ ուսուցիչը վախենա երեխայի նկատմամբ պահանջկոտ լինելուց, երեխան՝ դպրոցում իր խնդիրների մասին բարձրաձայնելուց, իսկ ծնողը՝ դպրոցին վստահելուց։
​Մեր նպատակը պետք է լինի ոչ թե ուսուցչին և ծնողին իրար դեմ կանգնեցնելը, այլ նրանց դարձնել երեխայի անվտանգության, կրթության և առողջ զարգացման միասնական պատասխանատուներ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք՝ որպես իրավաբաններ, փաստաբաններ, չենք կարող լռել

Մենք՝ որպես իրավաբաններ, փաստաբաններ, չենք կարող լռել Sat, 07 Nov 2026 13:11:28 +0400 ՀԱՐԳԵԼԻ՛ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով