«Հրապարակ»․ Ես ի՞նչ կապ ունեմ` մարդը քայլելիս էլ կարող է մահանալ
Wed, 11 Nov 2026 10:15:58 +0400

«Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, որի պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում եւ կալանավորում են»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստանը»: 4 տարի առաջ դատական նիստի ժամանակ հանկարծամահ եղավ ընդդիմադիր հայացքներով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Այս տարի հոգեբուժարանում ինքնասպան եղավ ՔՊ-ի պաստառը պոկելու համար ձերբակալված Արմեն Հովհաննիսյանը: Քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեները հայտարարում են, որ ընդդիմադիր ուժը ընտրակաշառ է բաժանել, սակայն անցել է 5 ամիս ոչ մի գործով չկա դատավճիռ, ոչ մեկի հանցանքը չի ապացուցվել:
ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ կարծիքի է Արսեն Գեւորգյանի մահվան դեպքի մասին, մարդիկ իշխանություններին են մեղադրում. «Ես քննարկման էի, հենց նոր լրահոսում տեսա այդ տեղեկությունը, բայց չեմ կարծում, որ այդ հարցը պետք է պատգամավորները մեկնաբանեն: Տեսնենք, թե ինչպիսի պաշտոնական տեղեկություներ կփոխանցեն իրավապահները: Քաղաքական գնահատական այս ամենին չէի ցանկանա տալ: Իհարկե, ցավալի է, որ նման դեպք է տեղի ունեցել, առհասարակ՝ ցանկացած անձի հետ կապված նման դեպք ցավալի է, բայց ես դեպքին ծանոթ չեմ»: Բայց կարծում եք` արժե՞ ընդդիմադիր հայացքների կամ խոսքի համար կալանավորել։ «Հայաստանում խոսքի ազատությունը երաշխավորված է, եւ եթե քրեական որեւէ հանցակազմ չկա անձի խոսքում, եթե ատելության խոսք չէ, բռնության քարոզ չէ, ապա, բնականաբար, որեւէ մեկին իր խոսքի համար չեն պատժում Հայաստանում: Ինչ վերաբերում է Պուտինի հետ համեմատություններին, ես նման բամբասանքներ չեմ ցանկանում մեկնաբանել»:
ՔՊ-ական Լուսինե Բադալյանն ասաց. «Հարցն այս պահին ուսումնասիրության փուլում է, եւ ես ոչ մի բան չեմ կարող ասել»:
ՔՊ-ական պատգամավոր Սարիկ Մինասյանն էլ ասաց. «Ցանկացած մարդ կարող է մահանալ: Մարդը քայլելիս էլ փողոցում կարող է ինֆարկտից մահանալ, ի՞նչ կապ ունենք մենք, կամ ես ի՞նչ կապ ունեմ: Ցավակցում եմ իր հարազատներին, շատ վատ բան է եղել»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր