«Հրապարակ»․ Անմեղ մարդը բանտում մեծ սթրես է ապրում, երբ գիտի, որ ոչ մի հանցանք չի կատարել
Wed, 11 Nov 2026 10:25:15 +0400

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գեւորգյանը: ՔԿԾ-ից հաղորդեցին. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող, 1980 թ․ ծնված՝ կալանավորված անձ (կալանքի սկիզբը՝ 21․10․2026 թ․) Արսեն Գեւորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնությունը։ Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գեւորգյանի կենսաբանական մահը։ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Արսեն Գեւորգյանը առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել»։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Արսեն Գեւորգյանին, այդ գործի շրջանակներում 14 անձ էր ձերբակալվել՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ավագանու ընտրություններից մի քանի օր առաջ` ընտրակաշառք տալու, օժանդակելու եւ ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով: Սա արդեն չորրորդ դեպքն է, որ Փաշինյանի իշխանության ժամանակ կալանավայրում մարդ է մահանում:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը, որը 2 տարի 7 ամիս բանտարկված լինելուց հետո վերջերս դատարանի կողմից արդարացվեց, մեզ հետ զրույցում ասաց. «Ես էլ երկու տարի յոթ ամիս անցկացրեցի «Վարդաշենում»: Բացի այն, որ քաղաքականությամբ զբաղվող մարդու համար բանտը խիստ անցանկալի վայր է, այստեղ կա նաեւ հոգեբանական շատ կարեւոր պահ: Անմեղ մարդը բանտում մեծ սթրես է ապրում, որովհետեւ գիտի, որ ոչ մի հանցանք չի կատարել, որեւէ օրենք չի խախտել: Մարդը հայտնվում է անելանելիության մեջ, երբ գիտակցում է, որ բանտում է հայտնվել, սակայն հանցանք չի գործել: Խնդիրը միայն այն չէ, որ բանտը քաղաքական գործչի համար հարմար միջավայր չէ, խնդիրն այն է, որ մարդկանց շատ հեշտությամբ զրկում են ազատությունից, զուտ այն բանի համար, որ քաղաքականությամբ են որոշել զբաղվել: Թեկուզ փոքր հանցագործություն կատարած անձը գիտի, թե ինչի համար է պատասխանատվության ենթարկվում: Այս պարագայում մարդը պատրաստ է նաեւ բանտ գնալուն: Հանցագործություն կատարած ցանկացած մարդ գիտի, որ կարող է պատժվել, իսկ այն մարդը, որն ուղղակի քննադատել է իշխանությանը եւ հաղթանակի շանսեր է ունեցել, սակայն բանտում է հայտնվել, լուրջ սթրեսի է ենթարկվում: Ինչի համար էր մեր գործընկերը կալանավորվել, ինչ-որ տեսանյութ էր տարածվել, որտեղ երեւում է, թե ինչպես է նա ակտիվիստներին գումար տալիս։ Առանց պարզելու, թե ինչի համար է գումար տալիս, առանց փաստարկելու, առանց դատարանի գնահատման մարդուն զրկել ազատությունից՝ խիստ անմարդկային է: Տարան՝ անմեղ մարդուն բանտ մտցրին, հոգեբանական խոշտանգման ենթարկեցին, մարդը մահացավ: Նախնական տեղեկություններով` Արսենը ինֆարկտից է մահացել: Չի կարելի մարդկանց պատժել քաղաքականությամբ զբաղվելու համար»:
Հարցին` իսկ Արսեն Գեւորգյանն առողջական խնդիրներ ունեցե՞լ է։ «Ես չեմ իմացել, բայց եթե առողջական խնդիրներ ունի, դա առավել եւս իրավիճակը մտահոգիչ է դարձնում: Բանտային կալանքի գնացող մարդը պետք է մանրակրկիտ բուժզննության ենթարկվի: Շատ ավելի վատ, եթե մարդուն բանտարկում են եւ հետո են իմանում, որ առողջական խնդիրներ ուներ: Նա ընտանիք ուներ, երեխաներ, մարզում հարգված մարդ էր: Պարկեշտ ու լավ հեղինակություն ունեցող մարդ էր, ստեփանավանցիները նրան շատ սիրում էին, իսկ ես նրան վաղուց էի ճանաչում»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր