Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Իրանում տարբեր ուժերի ինքնահաստատման փուլն է

«Հրապարակ». Իրանում տարբեր ուժերի ինքնահաստատման փուլն է

Wed, 11 Nov 2026 12:45:57 +0400


«Հրապարակի» զրուցակիցն իրանագետ Տիգրան Դավուդյանն է։

– ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, բացի ներամերիկյան վերադասավորումների հեռանկարից, խոստանում են որոշ լույս սփռել Իրանի հետ հակամարտության հարցում․ օրինակ, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բացահայտ ակնարկում է այդ համատեքստում Թրամփին հակադրվելու մասին՝ կոչ անելով դադարեցնել պատերազմը։ Իսկ հաղթած դեմոկրատները մտադիր են սահմանափակել ԱՄՆ առաջնորդի՝ Իրանի դեմ արշավը։ Ի՞նչ ակնկալել այս հանգրվանում։

– Իրավացի եք, հակասական մտքեր կան։ Փոխնախագահ Վենսը փորձում է իր ճանապարհը Թրամփից առանձնացնել եւ իր հավանական նախագահության քարոզարշավի համար միավորներ կուտակել․ չմոռանանք, որ նրա գլխավոր ախոյանն է պետքարտուղար Ռուբիոն։ Նորընտիր դեմոկրատները Կոնգրեսում իրենց աշխատանքն սկսելու են առաջիկա հունվարին, այնպես որ՝ Թրամփի ռազմատենչ թիմը դեռ 2 ամիս ժամանակ ունի, եւ չի բացառվում, որ ռազմական սահմանափակ կամ լայնածավալ գործողությունների դիմի։ Երեւի սպասում են նաեւ Իսրայելի անցուդարձերին, նաեւ Կատարի միջնորդական քայլերի արդյունքին։

– Այս ընթացքում Պուտինն ընդունեց Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաիին․ ըստ հրապարակումների՝ նա Թեհրանին խոստացել է օգնել պատերազմը կանգնեցնելու հարցում։ Ուկրաինայի հետ պատերազմող եւ Թրամփի համակրանքը վայելող Պուտինն ի՞նչ կարող է անել իրականում։

– Խամենեիի մահից հետո գոյություն ունի տարբեր ուժայինների եւ դիվանագիտական կորպուսի աշխատանքի համադրության հարց։ Երկրորդ առաջնորդն իր տարիքի, փորձառության եւ հեղինակության հաշվին կարողանում էր երկրում միասնականություն ստեղծել։ Այժմ տարբեր ուժերի ինքնահաստատման փուլն է։ Մի կողմից երկրի քաղաքական ինստիտուտների ներկայացուցիչներն են՝ հանձինս հանրապետության եւ խորհրդարանի նախագահների, մյուս կողմից՝ ռազմական ղեկավարները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երբեմնի հրամանատար գեներալ Ռեզային հիմա դարձել է Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար եւ իր գործունեությունը հիմնականում համադրում է կորպուսի նոր ղեկավարների եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ։ Հիմա էլ Մոսկվա է գնացել՝ իրենց հետագա քայլերը ՌԴ-ի հետ համաձայնեցնելու համար։ Այո, Պուտինի ձեռքում շատ լծակներ կան, եւ նա ԻԻՀ-ի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի ցանկության դեպքում կարող է կարեւոր միջնորդ հանդիսանալ։ Ըստ երեւույթին, Իրանի կողմից այդ ցանկությունը կա։

– Բաքվում հիստերիա է․ պնդում են, թե Չինաստանը գաղտնի հետախուզական տվյալներ է փոխանցել Իրանին Ադրբեջանի օդանավակայանների մասին՝ իբրեւ հնարավոր թիրախների ռազմական հակամարտության համատեքստում։ Իրանում ինչպե՞ս են արձագանքել այս մեղադրանքին։

– Փաստը ցույց է տվել, որ ԱՄՆ-ԻԻՀ-Իսրայել անհավասար կռվում հարեւան երկրներում տեղակայված Իրանի թշնամի երկրների բազաների կամ հաստատությունների թիրախավորումն արդյունք է տալիս։ Դրանով հարեւան կամ ավելի հեռվում գտնվող երկրները խնդրում կամ ճնշում են ԱՄՆ-ին, որպեսզի վերջ տա հակաիրանական գործողություններին։ Այս անգամ Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին ավելի խիստ հայտարարություն է արել եւ սպառնացել աշխարհագրական ավելի լայն տարածք` հարեւաններից մինչեւ Եվրոպայի հեռավոր կետեր, որպեսզի Իրանի թշնամի ոչ մի երկրի բազա կամ հաստատություն չհյուրընկալեն։ Ադրբեջանի մտահոգությունները եւս այս դիտանկյունից պետք է նայել. այնտեղ շատ են իսրայելական թիրախները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Այս դեպքով մենք անգամ չգիտենք, թե ինչպես են բուժօգնություն ցուցաբերել

«Հրապարակ». Այս դեպքով մենք անգամ չգիտենք, թե ինչպես են բուժօգնություն ցուցաբերել Wed, 11 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով