Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք

Այս սիրավեպի թանկ գինը վճարում է ոչ թե «սիրահարվածը», այլ՝ մենք

Wed, 11 Nov 2026 23:15:21 +0400


Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանը սիրո իրական իմաստը սկսել է հասկանալ միայն վերջերս՝ թուրքերի հետ շփվելուց հետո։ Մեր պատմության մեջ Հայաստանի ոչ մի ղեկավար իրեն այնքան սիրալիր ու զիջող չի պահել թուրքական կողմի հանդեպ, որքան Նիկոլ Փաշինյանը։ Նա կարծես պատրաստ է չեղարկել կարևոր հանդիպումները, անձնական ու պետական բոլոր գործերը միայն թե հնարավորություն ունենա տեսնելու իր «սիրելիին»։

Մարդկային, առավել ևս՝ տղամարդկային հոգեբանության մեջ մի հետաքրքիր օրինաչափություն կա․ երբ մեկը քեզ սիրում է, իսկ դու նույն զգացմունքը չունես նրա հանդեպ, շատ հաճախ սկսում ես օգտվել նրա սիրուց՝ այն ծառայեցնելով սեփական շահերին։ Իսկ նա, ով սիրում է, աստիճանաբար կորցնում է ինքնասիրությունը, արժանապատվությունն ու սեփական եսը՝ ի վերջո հայտնվելով թշվառ ու խղճալի խնդրողի, սեր մուրացողի վիճակում։

Մեզ համար ամենացավալին այն է, որ այս անհավասար ու անպատասխան սիրո պատմության մեջ սիրահարի դերում Նիկոլ Փաշինյանն է, իսկ նրա զգացմունքներից ու պատրաստակամությունից օգտվողը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։
Էրդողանը, իր անցած քաղաքական ճանապարհով ու փորձով, դժվար թե իր շրջապատում հանդիպած լինի Նիկոլ Փաշինյանի նման մեկին։ Նա լավ գիտի, որ քաղաքականության մեջ զգացմունքները տեղ չպիտի ունենան, իսկ եթե կան, ապա հաճախ վերածվում են գործիքի, իսկ դիմացինի անսահման պատրաստակամությունը՝ սեփական շահերն առաջ տանելու հնարավորության։

Եվ եթե Էրդողանը տեսնում է, որ Նիկոլը պատրաստ է ամեն ինչի՝ հանուն այդ հարաբերությունների, ապա ինչո՞ւ չպետք է օգտվի դրանից մինչև վերջ։

Միայն թե այս սիրավեպի գինը վճարում է ոչ թե «սիրահարված» Փաշինյանը, այլ՝ Հայաստանը։ Իսկ ՀՀ վարչապետ, թերևս, դեռ չի հասկացել, որ միջազգային քաղաքականության մեջ անպատասխան սերը ոչ թե ռոմանտիկ պատմություն է, այլ կարող է վերածվել ազգային արժանապատվության կորստի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Թուրքիայի փոխնախագահի հետ

Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Թուրքիայի փոխնախագահի հետ Wed, 11 Nov 2026 19:07:12 +0400 ՄԱԿ-ի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով