Գործ տվող կուսակցությո՞ւն
Fri, 13 Nov 2026 20:15:28 +0400

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, Վեհափառ Հայրապետի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, դատապարտել է 2 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման: Միաժամանակ որոշվել է պայմանականորեն չկիրառել պատիժը՝ սահմանելով փորձաշրջան։ Դատարանը վճիռ է կայացրել նաև նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի վերաբերյալ, ով դատապարտվել է 3 տարի 5 ամիս ազատազրկման։ Նրա պատժի կրումը, սակայն, հետաձգվել է մինչև երեխայի 6 տարին լրանալը։ Ներսիսյանները մեղադրվում են Վաղարշապատի ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու և խուլիգանության համար։ Պատկերացնո՞ւմ եք, իշխանության ճնշումների ներքո գտնվող կաթողիկոսի եղբայր՝ թոշակառուի տարիքի անձնավորությունը խուլիգանություն կատարի: Ենթադրաբար, այս դեպքը նիկոլական «արդարադատության» հերթական նոու-հաուն է:
Ասեմ, որ դա կարող էր տեղի ունենալ այն դեպքում, եթե վերջինս լիներ այն աստիճանի անադեկվատ, որ նման վարք դրսևորեր՝ երբ գործող իշխանությունը պատերազմ է հայտարարել Գարեգին Բ-ին: Կամ էլ աչքի ընկներ այնպիսի անկրթությամբ, ինչպիսին նիկոլականներն են կամ նրանց հարազատները: Բայց քանի որ մենք երբևէ չէինք լսել ո՛չ Գևորգ Ներսիսյանի և ո՛չ էլ նրա զավակի մասին, ուրեմն այդ գործոններն ինքնըստինքյան դուրս են գալիս մեջտեղից: Մնում է, իհարկե, իշխանության կողմից ապօրինի քրեական գործ կարելն ու դատարանի կողմից այն հաստատելը՝ թեկուզ պայմանական: Որովհետև փորձանշանը ենթադրում է հարվածի տակ գտնվելու ժամանակաշրջան, ինչը հոգեբանորեն հեչ հաճելի բան չէ՝ նույնիսկ այն դեպքում, երբ մարդը ողջ կյանքը եղել է օրինապահ քաղաքացի: Էլ չասած նրա որդու նկատմամբ կիրառված պայմանականը:
Իսկ եթե իշխանությունն, այնուամենայնիվ, ցանկանում է պայքարել խուլիգանության դեմ, ապա պետք է խոշորացույցի տակ դիտարկի սեփական խմբակցության անդամներին: Որոնք աչքի են ընկնում թե՛ խուլիգանական խոսույթով և թե՛ նույնիսկ գործողությամբ: Ընդդիմախոսի վրա Ազգային ժողովի դահլիճում աթոռ նետելն, օրինակ: Եթե դա կատարվեր ընդդիմադիր որևէ պատգամավորի կողմից, ապա վերջինս անմիջապես կվերածվեր մեղադրյալի: Ինչևէ, դատարանի որոշումների վերաբերյալ տեղեկատվությունը նախորդ օրը հայտնել էին հայաստանյան լրատվամիջոցները: Եվ եթե չեզոք կամ ընդդիմադիր լրատվականները կաթողիկոսին ներկայացրել էին «Վեհափառ Հայրապետ» կոչումով, ինչը նորմալ է, ապա այդ առումով բավական «լուրջ» խնդիր էին ունեցել իշխանականները: Այդ կայքերն օգտագործել են այսպիսի տարբերակ. «Գարեգին Բ (Կտրիճ Ներսիսյան)»: Ինչո՞ւ եմ այ փաստըա շեշտում. Քանի որ դա նահանջ է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ սովորական դարձած խոսույթից: Նահանջ է այն առումով, որ հրապարակման մեջ օգտագործվել է Վեհափառի կաթողիկոսական անունը: Ինչը վաղուց արգելանքի ներքո էր: Եթե այդպես է գրված դատարանի որոշման մեջ, ապա այն կարելի էր փոխել՝ եթե հետևեին իրենց առաջնորդի սովորույթին:
Վերադառնանք դատարանի որոշումներին: Առաջին հայացքից կարծես թե դրական երևույթ է փորձաշրջանի սահմանմամբ պայմանական պատիժը: Մարդիկ մնացել են իրենց տներում՝ որքան էլ դա հոգեբանորեն ծանր լինի: Բայց հաշվի առնելով, թե ովքեր են դատապարտվածները, Նիկոլենք անպայման կգտնեն միջոց, որպեսզի փորձաշրջանը խախտված համարվի՝ եթե կրկին ակտիվացնեն Վեհափառի դեմ պատերազմը: Եվ, բացի դրանից, իշխանամերձ քաղաքական ուժի ներկայացուցչի կողմից այդ անձանց հասցեին ամբաստանություն կատարելը հերթական անգամ վկայում է, որ գործ ունենք ոչ թե արդարադատության, այլ ստալինյան տիպի բռնապետության հետ: Նախկինների օրոք որպես դիտորդ տարիներ շարունակ մասնակցելով ընտրական գործընթացին՝ ականատես եմ եղել նաև անօրինական քարոզարշավների կամ օրինական քարոզարշավը խոչընդոտելու դեպքերի: Բայց, այսպես կոչված, անցումային ժամանակների իշխանությունների մտքով երբեք չի անցել իրենց հետ համաձայն չլինող անձանց կամ դրանց հարազատների վրա քրեական գործեր կարելու համար օրենքներ փոխելը: Ինչպես երևում է, այս ամենը վաղուց մոռացված ու նիկոլական «ժողովրդավարության» կողմից վերածնված անբարո երևույթներից է:
Ասում են, չէ՞, թե ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ նրա համախոհներն են կամ մերձավորները: Որպես համահոհ կամ մերձավոր դիտարկելով հանգուցյալ Սպարապետի եղբոր կողմից ղեկավարվող «Հանրապետություն» կուսակցության գործունեությունը՝ կարելի է հանգել աննորմալ մի եզրակացության. այն վերածվել է ընդդիմադիր կուսակցության վրա գործ տվող սուբյեկտի: Նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ Ներսիսյանների նկատմամբ հարուցված անօրինական մեղադրանքը հիմնված էր «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Մկրտչյան Հարությունի հաղորդման վրա: Նրանից ետ չի մնացել իր «առաջնորդը»՝ Սարգսյան Արամը: Վերջինս առաջին անգամ նման իշխանասիրական վարքագիծ էր դրսևորել ԱԺ ընտրությունների նախորդ օրը: Երկրորդ անգգամ այդ արարքը կատարվել է վերջերս, ու երկու դեպքում էր թիրախը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն էր: Մի խոսքով, վերադառնում ենք նախորդ դարի 30-ական թվականները՝ երբ ծաղկում էր ապրում ամբաստանություն կատարելը: Ինչը, բնականաբար, չի կարող տեսնել իբրև թե ժողովրդավարական Արևմուտքը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր