Վերընտրվելու պատվին խնջույք են արել` հատուկ այդ առիթով պատվիրված երգի տակ
Sat, 14 Nov 2026 13:15:24 +0400

Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից հետո մեծ խնջույք էր կազմակերպել իր վերընտրվելու առիթով:
Մեզ պատմեցին, որ մոտ 500 մարդ է եղել հրավիրված խնջույքին: Խնջույքին մասնակցել են ՔՊ-ական պատգամավորներ, համայնքապետարանի աշխատակիցներ, աջակիցներ, անգամ հատուկ երգ են պատվիրել իրենց թվով՝ համար 14 և մինչեւ ուշ գիշեր քեֆ են արել: Այս կերպ քաղաքապետը իր շնորհակալությունն է հայտնել թիմին: Քաղաքում խոսակցություններ են պտտվում, որ այդ գումարների մի մասը համայնքի բյուջեից են ծախսել:
Կապ հաստատեցինք համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գոռ Նազարյանի հետ, հարցրեցինք՝ համայնքի բյուջեից գումա՞ր ծախսվել է ընտրություններից հետո կազմակերպված խնջույքի վրա. «Ո՞նց կարող է համայնքի բյուջեից խնջույքի վրա գումար ծախվի»: Որտեղից և ով է ֆինանսավորել այդ խնջույքը. «Կարող եք այդ հարցը ուղղել ՔՊ կուսակցությանը կամ ՔՊ-ի տարածքային գրասենյակ: Ընդհանրապես խնջույքների վրա համայնքապետարանի բյուջեից փող չի ծախսվում»: Քանի որ Արտաշատի համայնքապետը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արտաշատի տարածքային խորհրդի նախագահն է փորձեցինք իրենցից տեղեկանալ, ում միջոցներով եւ որքան գումար է ծախսվել համայնքապետօ հաղթանակին նվիրված խնջույքի վրա: Պարզվում է, որ Արտաշատի քաղաքապետի հետ խոսելն անհնար է, նա շատ զբաղված մարդ է, այնքան է զբաղված, որ անգամ աշխատակիցները ժամերով սպասում են, որ քաղաքապետին տեսնեն: Մեզ չհաջողվեց խոսել նրա հետ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր