Քյավառցիները սենց կարտոլ չեն տեղափոխում, ոնց որ Ավինյանն է մարդկանց տեղափոխում
Mon, 16 Nov 2026 16:45:39 +0400

Երևանում երթևեկությունն օրեցօր ավելի անտանելի է դառնում, պակաս անտանելի չէ նաև, այսպես կոչված, թանկացած ու «բարեփոխված» հանրային տրանսպորտից օգտվելը։ Մարդիկ ստիպված են իրար հրելով, խցկվելով ու երբեմն բառի բուն իմաստով պայքարելով՝ մտնել ավտոբուս, որպեսզի կարողանան ժամանակին հասնել աշխատանքի կամ տուն վերադառնալ։
Քաղաքային իշխանությունները հայտարարում են, թե իրենց առաջնահերթությունը հանրային տրանսպորտի զարգացումն է։ Մինչև այստեղ ամեն ինչ ճիշտ է հնչում, բայց, ինչպես միշտ, ճշմարտության միայն մի մասն է ներկայացվում։ Թվում է՝ հանրային տրանսպորտը քաղաքի ղեկավարության համար առաջնահերթություն է միայն այնքանով, որքանով օրվա վերջում հնարավոր է հաշվել հավաքված գումարը։ Իսկ թե ինչ պայմաններում են մարդիկ օգտվում այդ ծառայությունից, ինչքան են սպասում կանգառներում, ինչպես են խցկվում ավտոբուսների մեջ և ինչ անհարմարությունների են բախվում ամեն օր, ոչ մեկին չի հետաքրքրում։ Կարևորը՝ 150 դրամը հավաքվի։
Պարոն Ավինյան, եթե ձեր նպատակն է մարդկանց աստիճանաբար զրկել սեփական մեքենաներով երթևեկելու հնարավորությունից, մի հարց էլ պատասխանեք՝ այդ մարդկանց որտե՞ղ եք տեղավորելու արդեն իսկ գերծանրաբեռնված ավտոբուսներում։ Տանի՞ք եք բարձրացնելու, թե՞ դեռ չեք մտածել այդ մասին։
Այսօր մարդիկ հաճախ ստիպված են վարկերով մեքենա ձեռք բերել, որպեսզի որոշ չափով խուսափեն ձեր ղեկավարած քաղաքի հանրային տրանսպորտ նստելու անհարմարություններից։ Եվ սա այն դեպքում, երբ նորմալ քաղաքային կառավարումը պետք է հակառակ արդյունքն ապահովի՝ մարդկանց համար հանրային տրանսպորտն այնքան հարմար, հասանելի և վստահելի դարձնի, որ նրանք սեփական մեքենայից օգտվելու անհրաժեշտություն չունենան։
Ձեր կառավարման թերացումների, մասնագիտական ոչ բավարար կարողությունների և քաղաքային խնդիրները լուծելու անկարողության համար քաղաքացիները մեղավոր չեն։ Նրանք չպետք է դառնան ձեր սխալ որոշումների պատանդը, առավել ևս՝ չպետք է իրենց վրա զգան տուգանքների, արգելքների ու սահմանափակումների ողջ ծանրությունը։
Քաղաքային խնդիրները քաղաքացիների նկատմամբ պատժիչ վերաբերմունքով չեն լուծվում։ Դրանք լուծվում են հաշվարկված քաղաքականությամբ, մասնագիտական մոտեցմամբ, ենթակառուցվածքների զարգացմամբ և, ամենակարևորը, մարդկանց իրական կարիքները հասկանալով։
Ի վերջո, ժամանակն անցնում է, և շատերը կամաց-կամաց կհասկանան, որ քաղաքի ռեսուրսները չեն ծառայում քաղաքի խնդիրների լուծմանը, այլ` վերածվել է անձնական կամ քաղաքական շահերը սպասարկելու միջոցի։ Քաղաքը ղեկավարելը միայն սահմանափակումներ սահմանելն ու մարդկանց կյանքն ավելի բարդացնելը չէ, այլ նախևառաջ մարդկանց համար արժանապատիվ պայմաններ ստեղծելն է։
Իսկ եթե ձեր պատկերացրած տրանսպորտային բարեփոխումների արդյունքում քաղաքացին պետք է ամեն առավոտ ավտոբուս մտնելու համար պայքարի, ապա գուցե արժե վերանայել ոչ թե քաղաքացիների վարքագիծը, այլ հենց ձեր պատկերացումները բարեփոխումների մասին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր