Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

Հանրայինի հերթական շոուն

Հանրայինի հերթական շոուն

Mon, 16 Nov 2026 17:15:24 +0400


Ազգային ժողովում կամ հանրային բնույթի այլ վայրերում ծագող ծեծկռտուքին սովորաբար չեմ անդրադառնում: Քանի որ վերջին հաշվով դա անելն իմաստ չունի. այն կշարունակվի այնքան ժամանակ, որքան կգոյատևեի Նիկոլի անձնական իշխանությունը: Որովհետև այդ էքսցեսները (միջադեպերը), բառիս բուն իմաստով, անհրաժեշտ են անձամբ Փաշինյանին: Դրանով, նախ, հայաստանյան հասարակությունում սերմանվում է վախի մթնոլորտ: Երկրորդ, կոմպրոմատներ են հավաքագրվում սեփական թիմի անդամների նկատմամբ: Ինչի նպատակը, փոխաբերաբար ասված, նրանց շղթաների մեջ պահելն է: Եվ երրորդ, ինչը պակաս կարևոր չէ, փաշինյանասեր բիոզանգվածին շոուներ մատուցելն է: Ու այդ գործոննների առկայության պայմաններում նման երևույթին անդրադառնալն անիմաստ է:

Բայց Հանրային հեռուստատեսությամբ ներկայացվածի առումով ուզում եմ բացառություն անել: Որովհետև Բորիս Մուրազի – Մկրտչյան Հարություն բախման առումով որոշ նրբերանգներ են առկա: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սիրում է, չէ՞, նրբերանգներ բացահայտելը: Տրամադրեմ նրան մի այդպիսի օրինակ: Քաղաքագետ Հ. Մկրտչյանը հայտնի դարձավ ոչ թե իր մասնագիտական ունակությունների, այլ ստալինյան ժամանակաշրջանին բնորոշ՝ մատնություն կատարելու շնորհիվ: Վերջինիս ամբաստանագրի արդյունքում կալանավորվեցին, այնուհետև դատապարտվեցին Վեհափառի եղբայրն ու նրա որդին: Առիթը՝ նախընտրական քարոզչությունն իբրև թե խոչընդոտելն էր: Ճիշտ է, երկուսի ազատազրկումն էլ պայմանական էր, սակայն տղայի առումով ավելի դաժան վարվեցին: Պայմանականը գործելու է մինչև վերջինիս զավակի վեց տարեկան դառնալը:

Ինչևէ, նման «սխրագործությունից» հետո Հարությունը պետք է որ ավելի համարձակ դառնար: Ու անցներ բարեկրթության բոլոր սահմանները՝ հատկապես եթե իրենից նման վարքագիծ է ակնկալում կուսակցական իր ղեկավար Սարգսյան Արամի արտակուսակցական ղեկավարը: Ով այդ մասին, առանց դույզն իսկ ամաչելու, հայտարարել է հրապարակավ: Այսինքն, երբեմնի «դուխով Նիկոլը, ով 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո վերածվեց «խեղճ հարիֆի»: Ու թշնամուց ստացած նվաստացումները փորձում է փոխհատուցել ընդդիմախոս իր հայրենակիցների հաշվին. եթե, իհարկե, ինքը հայ է կամ իրեն հայ է զգում:
Իսկ ո՞վ է դիմացինը: Բորիսն ազգությամբ եզդի հայրենասեր հայաստանցի է: Իմ անձնական կարծիքով (դա շեշտում եմ, չնայած կարծիքը միշտ էլ անձնական է կամ սուբյեկտիվ) ինքը շատ ավելի հայ է, քան ազգությամբ հայ՝ 1 միլիոնից ավելի անձինք: Համենայն դեպս, 727 հազարի հասնող այն բիոզանգվածը, ով հունիսի 7-ին ընտրեց ՔՊ-ին: Կամ մոտ կես միլիոնի հասնող երկոտանի այն անտարբերները, ովքեր «լայաղ» չարեցին այդ օրը դուրս գալ տնից ու հասնել ընտրատեղամաս: «Լայաղ»-ի օգտագործումը նպատակային էր. այն արաբերեն բառ է՝ հայերենի բարբառներին անցած թուրքերենի միջոցով: Հաշվի առնելով, որ վերոնշյալ բիոզանգվածն ու անտարբեր զանգվածը ոչնչով լավը չեն թուրքերից: Բորիսը մարդ է, ով կարող էր մտածել, որ 44-օրյա պատերազմը հայության խնդիրն է, ու մնար տանը և ոչ թե կամավոր մեկներ Արցախ: Ինչն, ի դեպ, կազմակերպվել է «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի (հասարակական կազմակերպության) միջնորդությամբ:

Հետաքրքիր է, թե ինչպես են այս դեպքին արձագանքելու իրավապահները: Կարող են որևէ ձևով չարձագանքել, ու միջադեպը կանցնի կգնա: Հատկապես որ Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում միջադեպի մասին գրառում էր արել ու ստացել բազմաթիվ մեկնաբանություններ: Ու դրանցում նրա համակիրներն ազգային պատկանելության հիմքով թիրախավորել են Բորիս Մուրազիին: Ինչին ի պատասխան հայտարարություն էր տարածել վերը նշված ՀԿ-ն: Բորիս Մուրազին դրա համահիմնադիրներից է ու նաև ղեկավարը: Ի դեպ, ենթադրաբար, հենց Մուրազիի անձով պայմանավորված՝ «ՍԻՆՋԱՐ» ՀԿ-ն 2025 թ.-ի հունիսին մտահոգություն էր հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ուղղված արշավի կապակցությամբ։ Դա շեշտելու նպատակը հաշվի առնելն է, որ ազգային փոքրամասնությունները սովորաբար կողմ են լինում գործող իշխանությանը: Հայ համայնքների վարքագծի առումով այդ կանոնը գործում է նաև Վրաստանում և Ռուսաստանում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ազգային ժողովում քաղբանտարկյալների հարցով լսումներ են

Ազգային ժողովում քաղբանտարկյալների հարցով լսումներ են Mon, 16 Nov 2026 11:47:33 +0400 Ազգային ժողովի «Հայաստան» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով