Թույլ չենք տալու դա անել
Tue, 17 Nov 2026 12:20:56 +0400
Հայաստանի սահմանադրական փոփոխությունների շուրջ ձևավորվող օրակարգը, ըստ ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի, պայմանավորված է արտաքին միջամտությամբ, մինչդեռ հասարակությունը բավարար չափով տեղեկացված չէ տեղի ունեցող գործընթացների մասին։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Վարդևանյանը հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է, և իրենք թույլ չեն տալու արտաքին պարտադրանքով որոշել Հայաստանի սահմանադրական օրակարգը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ արդեն իսկ հրապարակային հայտարարություններ են հնչել, որոնք հաստատում են, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը ներկայացվում է որպես նախապայման։ Նա այս համատեքստում հիշատակել է ինչպես Հայաստանի արտգործնախարարի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Վարդևանյանի գնահատմամբ՝ միջազգային հարաբերություններում անընդունելի իրավիճակ է, երբ մի ինքնիշխան պետություն միջամտում է մեկ այլ ինքնիշխան երկրի սահմանադրական հարցերին՝ ընդհուպ պահանջելով փոփոխություններ կատարել դրա մեջ։
Նա նաև ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի Սահմանադրության նախաբանի վրա՝ ընդգծելով, որ այնտեղ ևս հղումներ կան անկախության հռչակագրերին, որոնց բովանդակությունը, իր գնահատմամբ, հակամարտություն հրահրող դրույթներ է պարունակում։ Մինչդեռ այդ հանգամանքը, պատգամավորի խոսքով, հանրային քննարկումների առարկա չի դառնում։