Երեքշաբթի , 17 Նոյեմբերի 2026

Կամ թույլ կլինենք, ու մեզ կխժռեն, կամ խելացի կլինենք ու կհաղթահարենք․ Աղվան Վարդանյանի հայտարարությունը

Կամ թույլ կլինենք, ու մեզ կխժռեն, կամ խելացի կլինենք ու կհաղթահարենք․ Աղվան Վարդանյանի հայտարարությունը

Tue, 17 Nov 2026 17:15:01 +0400


ՀՐԱՆՏ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ. «ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ»
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի
հայտարարությունը Ազգային ժողովի 2026թ. նոյեմբերի 17-ի նիստում

Որ այս դահլիճում հայեցի խոսք հնչի, այսօր ուզում եմ մարգարիտներ շաղ տալ։ Հրանտ Մաթեւոսյանից։ Զուտ մեջբերումներ «Ես ես եմ» էսսեներ-հարցազրույցներ գրքից։

Կրոնի դասավանդումը դպրոցում անհրաժեշտ է նույնքան, որքան Մեսրոպյան այբուբենը։ Երեխային զրկել Աստվածաշնչի հետ հարաբերվելուց՝ նշանակում է նրան կտրել նաև Դոստոյևսկու, Տոլստոյի, Նարեկացու ժառանգությունից։

Հեղափոխությունները ես ուղղակի չեմ ընդունում։ Ամեն մի հեղափոխությունից հետո երկրներ են ավիրվել, որոնք ոտքի են կանգնել միայն տասնամյակներ հետո։ Նույնը մեզ հետ էլ եղավ։

Պաշարված միջնաբերդում կարգուկանոն եւ հոգեւոր, մտավոր մարմնավոր կարողությունների ճիգ է լինում, իսկ մենք հենց պաշարված միջնաբերդ ենք։ Կամ թույլ կլինենք, ու մեզ կխժռեն, կամ խելացի կլինենք ու կհաղթահարենք։

Սա Հայաստանի՝ Կովկասում մնալ-չմնալու հարցն է։ Հարցն այսպես է դրված։ Եթե մենք ուզում ենք լինել Կովկասի իրավահավասար ազգերից մեկը, մենք պարտավոր ենք չպարտվել, պարտվելու իրավունք չունենք և պիտի չպարտվենք։

Ղարաբաղը իմ հողն է։ Ղարաբաղից չի կարելի հրաժարվել, եթե թուրքի ետևում կանգնած լինի նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Արցախի կորուստը Հայաստանի կորուստն է։ Ղարաբաղը չի կարելի տալ։ Սա ուղղակի՝ գնա, ոչնչացիր-վերջացիր։ Նույն թուրքը, եթե զիջեցիր իրեն, քեզ չի բարեւելու, թուրքը ծիծաղելու է վրադ։ Մի դեպքում ատելու է, մյուս դեպքում՝ ծիծաղելու վրադ։ Ծիծա՞ղն է լավ, թե՞ ատելությունը։

Ազգից, ազգային կառուցվածքից ավելի մի մեծ բան չկա, որ դու տրվես նրան։ Համամարդկայինը իրացվում է հենց ազգայինի միջոցով։

Մի տեսակ տիրական ցեղ է մերը՝ ինքը ոչ մի բանի տեր չլինելով։

Ինչ մեծ տարածություն է նեղ կուսակցականությունից մինչև ազգային լայն բովանդակությունը։

Ուրեմն ուժեղ եղիր, քոնը ուրիշին մի՛ տուր։
Ինչքան տվեցիր, տանելու են։ Տարան՝ ուժեղանալու են, ուժեղացան՝ արհամարհելու են։

Միակ բանը, որ կարող եմ համոզված ասել՝ ես անվերապահորեն հավատում եմ իմ ժողովրդին, հավատում եմ, որ նա կգտնի ճշմարիտ ուղին և պատվով դուրս կգա իր գլխին թափվող դաժան փորձություններից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են

Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են Sun, 15 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով