Սահմանադրությունն ուժեղ տնտեսություն ու մարտունակ բանակ ունենալու համար է
Tue, 17 Nov 2026 19:15:00 +0400

Մենք՝ որպես հասարակություն, մի զարմանալի հատկություն ունենք: Հարցն այն է, որ աշխարհում ամենից շատ այդ մենք ենք, որ չենք կարողանում կարեւորն անկարեւորից տարբերել, եւ այդ մենք ենք, որ կարողանում ենք առաջնայինը երկրորդականի հետ այդքան «լավ» շփոթել: Ասվածի լավագույն օրինակը, թերեւս, նոր սահմանադրություն ընդունելու հանրաքվեին վերաբերող՝ իշխանության եւ ընդդիմության ստեղծած այսօրվա խառնաշփոթն է:
Տեսեք՝ ես հին մարդ եմ ու 1988-ից եմ գալիս եւ կարող եմ ձեզ վստահեցնել, որ այն ժամանակ, երբ մենք պատերազմ էինք հաղթում, երբ Արցախ էինք ազատագրում, այդ ժամանակ մեր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագիրը չփոփոխվող հոդվածով ամրագրված չէր: Ամրագրված չէր, բայց ո՛չ այդ ամրագրված չլինելը, ո՛չ էլ Ադրբեջանը մեզ չէին խանգարում, որ մենք դա անեինք: Իսկ չէին խանգարում, որովհետեւ մեր տնտեսությունն ավելի արդյունաբերականացված էր, որովհետեւ մեր բանակն ավելի մարտունակ էր:
Եվ ճիշտ հակառակը․ չնայած նրան, որ 2020 թվականին մենք 25 տարուց ավելի մեր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագիրը չփոփոխվող հոդվածով էինք ամրագրել, դա մեզ չփրկեց պատերազմում պարտվելուց եւ նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիան ստորագրելուց: Չփրկեց ու չէր էլ կարող փրկել: Չէր կարող, որովհետեւ նոյեմբերի 6-ից առաջ եղած 25 տարիները մենք ծախսել էինք ոչ թե մեր հաղթանակը տնտեսությունն ուժեղացնելով ու մեր բանակն ավելի մարտունակ դարձնելով ամրացնելու, այլ մեր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագիրը չփոփոխվող հոդվածով ամրագրելու համար:
Մի խոսքով, փորձեմ ասելիքս ընդհանրացնել: Տեսեք՝ եթե մենք ուժեղ տնտեսություն եւ մարտունակ բանակ ունենանք, ոչ միայն Ադրբեջանի ասելով մեր Սահմանադրությունը չենք փոխի, այլ նաեւ մեր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագիրը չփոփոխվող հոդվածով ամրագրելու կարիքը չենք ունենա, իսկ եթե չունենանք այդ տնտեսությունն ու բանակը, ապա Ադրբեջանի պահանջով ոչ միայն Անկախության հռչակագիրը մեր Սահմանադրությունից կհանենք, այլեւ կգա ժամանակ, որ Ադրբեջանի ասելով նաեւ սահմանադրություն ունենալուց կհրաժարվենք:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր