Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Փոխեցինք Սահմանադրությունը` ադրբեջանական իշխանություն է հաստատվելու

«Հրապարակ». Փոխեցինք Սահմանադրությունը` ադրբեջանական իշխանություն է հաստատվելու

Fri, 20 Nov 2026 11:15:01 +0400


Նիկոլ Փաշինյանը ցնցումների մեջ է: 15-օրյա վոյաժներից նա վերադարձել է գրգռված նյարդերով ու հիստերոիդ վարքագծով: Նորից՝ թալան, բուլդոզերով քշելու եմ, բանտարկելու եմ բոլորիդ: Ըստ նրա՝ գործող սահմանադրությունը սպասարկում է հակամարտության տրամաբանությունը, եւ այն պետք է փոխվի, որ վերջնական խաղաղություն հաստատվի: Զրուցել ենք «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանի հետ:

– Երբ Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է ընկնում, աչքերը փակում է, բերանը բացում, հարվածում իր իսկ կրծքին: Ի՞նչ պետք է անի ընդդիմությունն այդ ժամանակ: Գուցե չմասնակցե՞ն առհասարակ հարցուպատասխանին: Ո՞րն է ճիշտ:

– Որոշ դեպքերում, երբ ընդդիմադիրները նրան իրենց հարցերով հիստերիայի են հասցնում, դա ապացուցում է հանրությանը, որ այդ մարդը հարցերի պատասխանը չունի, եւ հենց պատասխան չունենալու հանգամանքն է նա այդ ոչ ադեկվատ վարքագծով փորձում կոծկել: Եթե պատասխանի այդ հարցերին, իր դավաճանությունը կբացահայտվի, դրա համար հիմար-հիմար դուրս է տալիս, ցայտնոտի մեջ է ընկնում: Ժամանակ առ ժամանակ նրա դիմակը պետք է պատռել հարցեր տալով: Երբ նրան հարց ես տալիս, որի ուղիղ պատասխանը խոստովանությունը կլինի այն բանի, որ ինքը դավաճան է, սկսում է հիմարություններ դուրս տալ: Բայց կան դեպքեր, երբ անիմաստ է նրան հարցեր ուղղելը: Իրավիճակային է` մնա՞լ հարցուպատասխանին, թե՞ չմնալ: Միանշանակ չէ: Նայած թե երբ, նայած թե ինչ իրավիճակում: Մեր գործընկերները իրավիճակը գնահատելով՝ իրենք են այդ պահին որոշում, թե ինչ անել:

– Նիկոլ Փաշինյանը խոստանում է, որ կհեռանա, եթե փոխվի սահմանադրությունը: Կարելի՞ է հավատալ:

– Ի՞նչ է նշանակում՝ փոխեք սահմանադրությունը, եւ ես կհեռանամ: Մեր խնդիրը հենց սահմանադրությունը պահելն է: Փոխել սահմանադրությունը, նշանակում է` վաղը Հայաստանում կունենանք ադրբեջանական իշխանություն: Դա ի՞նչ ասելու բան է: Ինքն ուր ուզում է գնա, մեր ինչի՞ն է պետք, թե ինքն ուր կգնա, եթե սահմանադրությունը փոխում է եւ Ալիեւին հնարավորություն է տալիս Հայաստանում ձեւավորել իշխանություն: Գրողի ծոցը կարող է գնալ ինքը, դա էլ ո՞ւմ է հետաքրքրում, եթե 300 հազար ադրբեջանցու համար ճանապարհ ենք բացում՝ ջնջելով մեր պետության Անկախության հռչակագիրը: Ալիեւն ասում է` ես չեմ ուզում պայմանագիր կնքել Նիկոլի հետ, ես ուզում եմ պայմանագիր կնքել հայ ժողովրդի հետ: Ալիեւը շատ լավ գիտի, որ այս ամենը հակասահմանադրական է: Ընդդիմությունն ինչպե՞ս կարող է օգնել իրեն՝ հրաժարվել Անկախության հռչակագրից: Խելքի աշեցեք….

– Փաշինյանն ասում է, որ ընդդիմությունը չի ընթերցել նոր սահմանադրության տեքստը, հետեւապես՝ չի կարող դեմ լինել դրան:

– Իր նպատակը հենց դա է: Պատահական չի ասում այդ ամենը: Փորձում է հանրությանն ու ընդդիմությանը բերել իր օրակարգ: Փորձում է այնպիսի հարցերի քննարկման օրակարգ ստեղծել, որը նաեւ կվերաբերի սահմանադրության այլ դրույթներին: Գուցե փոփոխություններում լինեն նաեւ դրական կետեր, իր նպատակն էլ դա է` հանրությանը թելադրել իր օրակարգը: Բայց գլխավոր հարցը հետեւյալն է․ հանվելո՞ւ է Անկախության հռչակագիրը սահմանադրությունից: Հանվելու է` վերջ: Մեզ մյուս փոփոխությունները հետաքրքիր չեն, մեզ համար ամենակարեւորը մեր երկրի անկախությունն է: Այդ դրական փոփոխություններին, ինչպես իրենք են նշում, կարելի է հասնել նաեւ առանց սահմանադրությունը փոխելու:

– ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ, որն իրեն ծանրակշիռ դիվանագետ է երեւակայում, հայտարարում է. «Մեռնեք էլ՝ խաղաղություն է հաստատվելու»: Արդյո՞ք ընդդիմությունը չի ցանկանում խաղաղություն հաստատել, միայն աղետալի պատերազմներ բերած ո՞ւժն է երազում դրա մասին:

– Այսինքն` ուզում են ասել, եթե Անկախության հռչակագիրը չհանենք սահմանադրությունից, պատերազմ է տեղի ունենալու: Մենք պատերազմի մեջ հայտնվել ենք հենց իրենց իշխանության ժամանակ` 3 պատերազմ: Այն պարագայում, երբ Ադրբեջանը հայտարարում էր, որ պատրաստ է խաղաղություն հաստատել: Ադրբեջանը երբեք իր նվաճողական նկրտումները չի դադարեցնելու: Սահմանադրությունը եթե փոխվեց, հասնելու է նրան, որ վաղը Հայաստանում հաստատվի ադրբեջանական իշխանություն` ադրբեջանցիներից կազմված: Եթե գա այդ օրը, ՔՊ-ից պաշտոն ակնկալող երիտասարդներն էլ կհեռանան Հայաստանից, ՔՊ-ականներն էլ կհեռանան, չենք ունենա հայկական պետություն: Ալիեւը կանգ չի առնելու:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Այս մարդուն ո՞նց կարելի է հավատալ, երբ անգամ նրա սպառնալիքներն են սուտ

«Հրապարակ». Այս մարդուն ո՞նց կարելի է հավատալ, երբ անգամ նրա սպառնալիքներն են սուտ Fri, 20 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով