Արցախից եկանք ադրբեջանցի չդառնալու համար, եկանք՝ այստեղ են դարձնում
Fri, 20 Nov 2026 15:15:02 +0400

Նոյեմբերի 1-ից ներդրված նոր կենսաչափական (բիոմետրիկ) անձնագրերի տրամադրման կարգը լուրջ դժգոհությունների ալիք է բարձրացրել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների շրջանում։ Խնդիրը վերաբերում է անձնագրի «ծննդյան վայր» դաշտին, որտեղ բնակավայրի փոխարեն այժմ գեներացվում է միայն երկրի անվանումը՝ ըստ միջազգային ISO 3166 ստանդարտի, ինչի հետևանքով արցախցիների փաստաթղթերում որպես ծննդավայր նշվում է Ադրբեջանը կամ Ադրբեջանական ԽՍՀ-ն։
Թեև ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պնդում է, որ սա բացառապես տեխնիկական և միջազգային ավիացիոն ու սահմանային չափորոշիչներին համապատասխանեցնելու քայլ է, քաղաքացիներն ու իրավապաշտպանները սա համարում են իրենց իրավունքների և ինքնության կոպիտ ոտնահարում։
Մեր խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել անձնագրային բաժիններ դիմած արցախցիներից, որոնք հրաժարվում են նման գրառմամբ փաստաթուղթ ստանալուց։
Ստեփանակերտից տեղահանված Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անձնագրի փոխանակման գործընթացը իրենց ընտանիքի համար վերածվել է լուրջ հոգեբանական և իրավական փակուղու.
«Մենք մեր տունն ու հայրենիքը թողել ենք հենց նրա համար, որ Ադրբեջանի կազմում չապրենք, իսկ հիմա Հայաստանում մեզ տալիս են փաստաթուղթ, որտեղ գրված է՝ ծննդավայրը՝ Ադրբեջան։ Սա մի այլ կարգի իրավունքների ոտնահարում է։ Ես հրաժարվել եմ դիմումը շարունակելուց, քանի դեռ այս հարցին հստակ լուծում չի տրվել»,- դժգոհեց նա։
Նմանատիպ մտահոգություն հայտնեց նաև Մարտունու շրջանից տեղահանված Նարինե Ավագյանը, ով նշում է, որ նախապես տարածված խոսակցությունները, թե դիմում գրելով հնարավոր է փոխել գրառումը, իրականությանը չեն համապատասխանում.
«Անձնագրայինում մեզ ուղիղ ասացին, որ համակարգն ավտոմատ է բերում, ու իրենք ոչինչ փոխել չեն կարող։ Բայց ինչպե՞ս կարելի է մարդու կամքին հակառակ իր փաստաթղթում նման բան գրել։ Դրսի երկրներ գնալիս էլ սա մեզ համար լրացուցիչ գլխացավանք ու կասկածներ է առաջացնելու սահմաններին»,- ասաց քաղաքացին։
Իրավապաշտպանները և Արցախի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբանները պետական մարմինների բացատրությունները համարում են անհիմն՝ ընդգծելով, որ միջազգային չափորոշիչները պետությանը չեն պարտադրում հենց այս տարբերակը։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և մի շարք փաստաբանական նախաձեռնություններ արդեն իսկ ահազանգում են, որ նման մոտեցումը խնդրահարույց է ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ մարդու հիմնարար իրավունքների տեսանկյունից։ Իրավաբանների գնահատմամբ՝ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կանոնակարգերը թույլ են տալիս վիճելի կամ չճանաչված տարածքներում ծնված անձանց անձնագրերում երկրի փոխարեն նշել կոնկրետ բնակավայրի անվանումը (օրինակ՝ Stepanakert), ինչը լայնորեն կիրառվում է միջազգային պրակտիկայում՝ ավելորդ քաղաքական և անվտանգային ռիսկերից խուսափելու համար։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ իրավաբաններն էլ ընդգծում են, որ պատրաստվում են հարցը բարձրացնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, ինչպես նաև դիտարկում են կառավարության համապատասխան ենթաօրենսդրական ակտը Վարչական դատարանում վիճարկելու հնարավորությունը՝ պահանջելով վերականգնել բնակավայրի նշման նախկին մեխանիզմը։
ՀԳ․ ՆԳՆ-ն այսօր պարզաբանում է տարածել այս հարցի շուրջ, թե՝ կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․
«Մեքենաընթերցվող անձը հաստատող/ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգավորվում է ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) 9303 ստանդարտով, որում նշվում է, որ ծննդյան վայրը նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։ Վերջինս, ըստ պետությունների, ամրագրում է այն աշխարհագրական միավորները, որոնց վերաբերյալ նշումն ընդունելի է անձնագրում։ Ըստ այդմ՝ ոլորտի լիազոր մարմնի՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարվող ցանկացած նշում, որը վավերացված չէ միջազգային կարգավորման շրջանակում, խնդրահարույց է սահմանային անցման կետերում: Տարբեր երկրների սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից հին նմուշի կապույտ անձնագրերում առկա նշումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացվել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։ Ծառայության ամենօրյա գործունեության ընթացքում հին նմուշի կապույտ անձնագրերում առկա նշումների հետ կապված խնդիրները գործընկերային ճանապարհով հնարավորինս կարգավորվում էին։ Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ սահմանվել է միասնական մոտեցում՝ ISO 3166 ստանդարտն ապահովելու և սահմանային կետերում խնդիրները բացառելու նպատակով»: Իրականում ցանկացած հարց լուծելի է՝ եթե դու ուզում ես հայի ինքնությունը պահպանել, իսկ երբ ուզում ես ադրբեջանական պահանջները կատարել՝ հազար պատճառաբանություն ու բացատրություն կգտնվի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր