Ամեն ամիս 41 միլիոն դրամ են տալիս. ՀՈԱԿ չի` փողերի «լվացքատուն» է
Sat, 21 Nov 2026 14:45:37 +0400

Երևանի փողոցներում խցանումներն արդեն վաղուց սովորական երևույթից վերածվել են քաղաքային կյանքի մի մեծ խնդրի։ Մեքենաների անվերջանալի շարքեր, ճանապարհներին կորցրած ժամեր, ուշացող հասարակական տրանսպորտ ու օրեցօր ավելի բարդացող երթևեկություն։ Մինչ երևանցիները փորձում են հասկանալ՝ ինչպես հասնել աշխատանքի կամ տուն՝ առանց կես օր ճանապարհին անցկացնելու, քաղաքային իշխանությունները խոսում են նոր սահմանափակումների մասին։
Նոյեմբերի 18-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ նախատեսվում է հանրային քննարկման ներկայացնել ավտոմեքենաների մուտքի սահմանափակումների առաջարկներ։ Խոսքը մասնավորապես առանձին վարչական շրջաններում և հատվածներում բնապահպանական ստանդարտներով ավտոմեքենաների մուտքը կարգավորելու մասին է․ «Մենք առաջարկելու ենք, որ կոնկրետ հատվածներ և կոնկրետ վարչական շրջաններ կարող են մտնել եվրո- 4 ստանդարտի ավտոմեքենաներ, բոլոր մնացած ավտոմեքենաների համար գործելու է հավելյալ սահմանափակում»։
Այս համատեքստում առանցքային է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի դերակատարությունը։ Կառույցը ստեղծվել է 2025 թվականին, մայրաքաղաքի երթևեկության կազմակերպումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։ Նրա գործառույթներն են խցանումների, վթարների և երթևեկության խափանումների ուսումնասիրությունը, տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը, ինչպես նաև իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկների մշակումը։
Կենտրոնի հաստիքացուցակով նախատեսված է 74 աշխատակից, իսկ աշխատավարձի ամսական ֆոնդը կազմում է ավելի քան 41 միլիոն դրամ։ Նոր կառույցին են փոխանցվել նաև «Երևանտրանս»-ի որոշ գործառույթներ։ Հարց է ծագում` ի՞նչ կոնկրետ աշխատանք է իրականացրել կենտրոնն այս ընթացքում, որ իրավիճակը գնալով վատացել է, իսկ բյուջեից մի կլորիկ գումար է ծախսվել դրա վրա:
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանը «Հրապարակ»ի հետ զրույցում, անդրադառնալով Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի գործունեությանը՝ նշեց․ «Նախ առաջինը սկսենք նրանից, որ դեռ այս հիմնարկը չէր ձեւավորվել երբ իրենք հայտարարեցին, որ այս խցանումների դեմն առնելու համար «Կարմիր գծերը» պետք է թանկացնենք, ու հարցը լուծվելու է: Դարձրին` խցանումներն ավելացան: Չեղավ, չստացվեց` բացեցին այս հիմնարկը, որը ամսական 41 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, այս հիմնարկ մենք գնացել ենք, այնտեղ տեսախցիկներ են դրել, որով հետեւում են Երեւան քաղաքի երթեւեկությանն ու հաշվարկ են անում, թե քանի մեքենա է մուտք գործում եւ դուրս գալիս, այս հիմնարկի ֆունկցիան սա է, ոչ մի այլ բան, եթե AI-ն տային այդ 41 միլիոնից 200 հազար դրամ՝ ամսական, միանշանակ այդ թվերն ինքը տալու էր, ուղղակի փող լվալու տեղ ա: Հ1-ով քաղաքագլուխն ասաց, եւ ես ամիսներ առաջ ասում էի` իրենք ինձ հակադարձում էին, հիմա կսկսեն նոր սահմանափակումներ: Եկանք, հասանք «Օպելի» վարորդներին։ Այն խավը, որը հնարավորություն չունի լավ մեքենա գնելու, «Եվրո- 4 դասի» մեքենա գնելու, պետք է ընդհանրապես մուտք չգործի Երեւան, ում մեքենայի վրա հեղուկ գազ է, օդ գազ է, նրանք ընդհանրապես չպետք է մտնեն Երեւան, ասում ա՝ «օպելը» վաճառեք, առեք էլեկտրական մեքենա: Էս մարդուն մեկը չի ասում՝ ամենալավ «օպելը» 2,5 միլիոն արժի, սովորական էլեկտրական մեքենան արժի՝ 7 միլիոն դրամ, եղբայր, դու ընդհանրապես տունը չես, ամեն ինչ խառնել ես իրար։ Իսկ եվրո դասի մեքենաներ մուտք կգործեն Երեւան` գումարի դիմաց, այնպես չի, որ անվճար ա լինելու: Լավ ապրող մասսայի համար, ովքեր որ լավ են ապրում, պիտի գումար մուծեն, իսկ էն չունեւոր դասը` Երեւանի երես չտեսնի։ Իրենք ցրցամը տվել էին, լավ ասեմ` «օպելի համբալ վարորդներն ի՞նչ իրավունք ունեն քշեն», հիմա մենակ «օպելը» չի, այդ գնային սահմանի մեքենաների մասին է խոսքը, մարդը Հ1-ով ասեց»։
Ավինյանի հա՞յրն է այս միտքը տվել քաղաքապետ որդուն, ավագանու անդամն արձագանքեց․ «Իր հայրը չի տվել, բայց իր հայրը միտքը տվեց։ Ես շատ լավ հիշում եմ՝ հասարակությունն ինչ արձագանք տվեց, «ներողություն» հայտնեց դրա համար, ինքը «ներողության» համար մուռ ա հանում, ուրիշ բան չկա։ Մենակ խցանման հա՞րցն ա, Երեւան քաղաքը կոլապսի մեջ ա` ինչ կապ ունի։ Ինձ օրը 10 մարդ զանգում ա, շինթույլտվություններ են տվել տարիներ առաջ՝ բազմաբնակարան շենքերի համար, այս մարդիկ չեն հասցրել ավարտել, առաջ եղել է մի քանի հարյուր հազար` թույլտվության համար, հիմա դարձրել են միլիոններ: Հիմա շենքերը տենց մնացել ա՝ փոշի ու կեղտ, ասում են 200 միլիոն տվեք, երկարացնեմ, հա որ տենց կանգնի, ո՞ւմ ա օգուտ տալու, կառուցողն ասում ա՝ չեմ հասցրել: Լավ, որ չեմ հասցրել 200 միլիոն դրամ պիտի մուծե՞մ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր