Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

ՀՖՖ նախագահի թեկնածուներն առաջադրվել են

ՀՖՖ նախագահի թեկնածուներն առաջադրվել են

Sat, 21 Nov 2026 17:07:06 +0400


Երեկ ավարտվել է ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամության թեկնածուների առաջադրման ժամկետը։ Նախագահի 2 թեկնածու է առաջադրվել, իսկ գործկոմի անդամի՝ 29։ Թեկնածուներին առաջադրելու իրավունք ունեն միայն ակումբները, ըստ այդմ, ֆան ակումբների թեկնածու Գեւորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է Շիրակ ֆուտբոլային ակումբը, որի մասին ակումբը պաշտոնապես հայտարարել է, իսկ մյուս թեկնածուի ով լինելը ՀՖՖ-ն դեռ չի հայտարարում, պատճառաբանելով, որ ՀՖՖ ընտրական կանոնակարգի 8-րդ հոդվածի համաձայն՝ ընտրական կոմիտեն 10-օրյա ժամկետում կիրականացնի ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգումներ, որից հետո գրանցված թեկնածուների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի անդամ ակումբներին և կհրապարակվի։

ՀՖՖ մամուլի խոսնակ Սուրեն Սուքիասյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ չէ, թե ով է մյուս թեկնածուն եւ չգիտի թե որ ակումբն է առաջադրել, իսկ Գեւորգ Ղազարյանի թեկնածության մասին հայտարարել է թե՛ Ղազարյանը, թե՛ առաջադրող ակումբը։ Խոսելով ընտրության կարգի մասին, Սուքիասյանը նշեց, որ նախագահի և գործադիր կոմիտեի անդամների ընտրությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 21-ին ժամը 12-ին։ Նախագահի ընտրությունը տեղի է ունենալու փակ գաղտնի քվեարկությամբ։ Լրատվամիջոցների համար ևս փակ է լինելու, բայց ամբողջ գործընթացը հեռարձակվելու է ուղիղ եթերով։

Գեւորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրած ֆան ակումբների ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Գեւորգ Ղազարյանը պատրաստվում է հանդիպումներ ունենալ ՀՖՖ անդամ բոլոր 34 ակումբների հետ, ներկայացնել իր ծրագրերի քարտեզն ու անելիքները։ Ինչ վերաբերում է Ղազարյանի մրցակցին, ֆան ակումբից նշեցին, որ իրենք եւս ցանկանում են իմանալ, թե ով է, բայց ՀՖՖ-ն, օգտվելով օրենքով սահմանված կարգից, անունը գաղտի է պահում։ Սակայն կարծում են, որ հավանաբար թեկնածուն հենց աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի ավագ եղբայր Դենիս Ջորկաեֆն է։ Հիշեցնենք, որ այդ տեղեկությունը հրապարակվել էր «Հրապարակ» թերթում և ոչ միայն չէր հերքվել, այլ նաեւ ՀՖՖ կանոնադրությունն էին փոխել` հանելով վերջին մեկ տարին ՀՀ-ում բնակվելու ու հայերենին տիրապետելու պարտադիր պահանջը:

Հավելենք, որ ՀՖՖ-ն մինչեւ նոյեմբերի 30-ը պետք է հայտարարի գրանցված թեկնածուների մասին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միության նախագահի թեկնածուի փաստաբանին ցանկանում են հեռացնել դահլիճից․ լարված իրավիճակ

Միության նախագահի թեկնածուի փաստաբանին ցանկանում են հեռացնել դահլիճից․ լարված իրավիճակ Sat, 21 Nov 2026 13:54:00 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով