Ինչպես է փոքրիկ հայ համայնքը նպաստել երկրի զարգացմանը
Sat, 21 Nov 2026 21:00:19 +0400

Եթովպիայում հայերի ներկայության պատմությունն ավելի քան հազար տարվա տարեգրություն ունի։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը, երկու ժողովուրդներին միմյանց հետո կապում են ընդհանուր քրիստոնեական հավատքը, առեւտուրն ու մշակութային կապերը։ Ենթադրվում է, որ առաջին հայերը հին Աքսումյան Թագավորությունում հայտնվել են դեռ 7-րդ դարում՝ փրկվելով արաբական նվաճողներից։ Նրանց անվան հետ է կապված Սբ Ստեփանոսի վանքի հիմնադրումը Հայք լճի վրա գտնվող կղզում, որը հետագայում դառնում է երկրի կարեւոր կրոնական կենտրոններից մեկը։
Հայերը սկսել են հատկապես նշանակալի դեր ունենալ Եթովպիայի կյանքում 16-17-րդ դդ․, երբ առեւտուր են արել, հանդես եկել նաեւ որպես դիվանագիտական առաքելություն իրականացնողներ՝ եթովպական պետության համար ձգտելով ապահովել ռազմական աջակցություն։ Հետագայում արդեն Հաջի Մուրադը ծառայել է մի քանի եթովպական կայսրերի մոտ, դիվանագիտական կապեր պահպանել Հնդկաստանի եւ Օսթ-Հնդկական հոլանդական ընկերության հետ։ Տեղի հայերից վաճառական Մաթեւոսը 1512 թվականին մեկնել է Պորտուգալիա՝ դիվանագիտական առաքելությամբ։ Մշտական կամ կայուն հայկական համայնքը ձեւավորվել է 19-րդ դարի 2-րդ կեսին։ Առավել նկատելի դեմքերից է եղել եթովպահայ համայնքից Սարգիս Թերզյանը, որը նպաստել է եթովպական բանակի արդիականացմանը, մատակարարել է զենք ու զինամթերք, մասնակցել արդյունաբերության եւ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը։
Մայրաքաղաք Ադիս-Աբեբայի զարգացման գործում կարեւոր ներդրում է ունեցել ճարտարապետ Մինաս Խարբեկյանը, որը զբաղեցրել է քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը եւ մասնակցել է բնակելի շենքերի, ճանապարհների եւ կամուրջների շինարարությանը։ Երկրի պատմության մեջ հատուկ տեղ ունեն հայ երաժիշտները։
1924 թվականին ապագա կայսր Հայլե Սելասիեն Երուսաղեմից 40 հայ որբերի է հրավիրել, ովքեր վերապրել էին Հայոց ցեղասպանությունը։ Գեւորգ Նալբանդյանի ղեկավարության ներքո ստեղծվել է «Քառասուն մանկունք» կայսրական հոգեւոր երաժշտախումբը։ Նալբանդյանը, ի դեպ, հեղինակն է նաեւ Եթովպիայի առաջին պետական հիմնի։ Նրա զարմիկը հետագայում դարձել է եթովպական ջազի հիմնադիրներից մեկը՝ տեղի մոտիվները համադրելով ջազային երաժշտության հետ։ Հայերը եղել են հմուտ ոսկերիչներ, ձեռներեցներ, պետական համակարգի աշխատողներ։ Ոսկերիչ Պետրոս Սեւաջյանը պատրաստել է այն ոսկյա սկուտեղը, որը 1965 թվականին Հայլե Սելասիե Առաջին կայսրը նվիրել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն։ Իր ծաղկման շրջանում հայ համայնքն ունեցել է 2 հազար անդամ։ Սակայն 1947 թվականից հետո, երբ կործանվեց միապետությունը, մասնավորեցվեց սեփականությունը, եւ քաղաքական ու տնտեսական ճգնաժամ սկսվեց, հայերի մեծ մասը տեղափոխվեց կա՛մ Հյուսիսային Աֆրիկա, կա՛մ Եվրոպա, կա՛մ Ավստրալիա։ Այսօր համայնքը հաշվվում է մոտ հարյուր մարդ։ Շարունակում են գործել Սբ Գեորգ եկեղեցին եւ «Արարատ» ակումբը՝ Ադիս-Աբեբայում։ Չնայած համայնքը նոսրացել է, պատմական ժառանգության մի մասը՝ կորսվել, սակայն հայերը շարունակում են իրենց նպաստը բերել երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր