Ինչ 435 միլիարդի մասին է խոսքը
Thu, 19 Nov 2026 13:48:04 +0400

2027 թվականին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների ֆինանսավորումը կգերազանցի 435 միլիարդ դրամը։ Այս մասին նոյեմբերի 19-ին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ներկայացված նախագծի համաձայն՝ նախատեսվող գումարից 164,4 միլիարդ դրամը կուղղվի կապիտալ ծրագրերի իրականացմանը։ Նախարարի խոսքով՝ 2021 թվականի համեմատ, երբ մեկնարկել է Կառավարության նախորդ ծրագրի իրականացումը, նշված ոլորտների ընդհանուր ֆինանսավորումը կավելանա ավելի քան 2,5 անգամ։
2027 թվականի պետական բյուջեով նախատեսվում է միջոցներ տրամադրել 23 բյուջետային ծրագրերի և դրանց շրջանակում իրականացվող 193 միջոցառումների համար։
Անդրադառնալով կապիտալ ներդրումներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերջին տարիներին զգալի աշխատանք է իրականացվել ծրագրերի պլանավորման և դրանց գործնական իրականացման միջև առկա տարբերությունը նվազեցնելու ուղղությամբ։ Նրա գնահատմամբ՝ այս գործընթացում կարևոր նշանակություն է ունեցել համապատասխան ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։
Նախարարի ներկայացրած տվյալներով՝ 2018 թվականին ոլորտի կապիտալ ծախսերը կազմել են ընդամենը 1,3 միլիարդ դրամ։ Դրանից հետո արձանագրվել է զգալի աճ․ մասնավորապես, 2025 թվականին նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում կապիտալ ներդրումների փաստացի ծավալը հասել է 129,3 միլիարդ դրամի։
2026 թվականի համար կապիտալ ծրագրերի իրականացման նպատակով նախատեսվել էր 165,5 միլիարդ դրամ։ Իսկ 2027 թվականի բյուջետային նախագծով այդ ուղղությամբ առաջարկվում է հատկացնել 164,4 միլիարդ դրամ, որը կկազմի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների համար նախատեսված ընդհանուր ֆինանսավորման 37,7 տոկոսը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր