Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն
Mon, 23 Nov 2026 22:23:25 +0400

Հայկական խոզաբույծների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ գործընկերներ, խոզաբույծներ, գյուղացիներ և ոլորտի պատասխանատուներ,
Քիչ առաջ ստացել եմ խիստ մտահոգիչ տեղեկություն. Արմավիրի մարզի Լենուղի գյուղում (ժողովրդին հայտնի նաև որպես 6-րդ սովխոզ կամ ՄԱՊ-ի գյուղ) գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում, և, ինձ հասած տեղեկություններով, անկումները շարունակվում են։
Հայկական խոզաբույծների միությունը ահազանգում և զգուշացնում է. այսօր Հայաստան ամենամսյա ռեժիմով ներկրվում է մոտ 12,000 գլուխ կենդանի խոզ։ Ներկրումից ընդամենը 1-2 շաբաթ անց այդ կենդանիները ենթարկվում են սպանդի՝ սանիտարահիգիենիկ նորմերի ամենակոպիտ խախտումներով, և միսը հայկական շուկայում իրացվում է որպես տեղական արտադրանք։
Ավելին՝ մեզ մոտ առկա են հավաստի տվյալներ և բոլոր փաստերը, որ վերջերս Հայաստանի Հանրապետություն է ներկրվել մեծ քանակությամբ հիվանդ և սուր վարակիչ հիվանդություններով վարակված խոզերի խմբաքանակ, որը հապճեպ ենթարկվել է սպանդի և վաճառվել տեղական շուկայում՝ ուղղակի սպառնալիք ստեղծելով քաղաքացիների առողջության և երկրի անասնագլխաքանակի համար։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) և նրա ղեկավար Տիգրան Պետրոսյանը, փաստացի աչք փակելով այս ամենի վրա, թաքցնում են իրականությունը և սպասարկում խոզ ներմուծողների շահերը՝ վտանգելով թե՛ տեղական արտադրողին, թե՛ սպառողի առողջությունը։
Մասնավորապես, ներմուծող ընկերություններից «Օջախ Ագրո»-ն և ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը գտնվում են սերտ կապերի մեջ (ինչպես և մյուս բոլոր խոշոր ներմուծողների հետ)։ Այս հովանավորչության պայմաններում «Օջախ Ագրո»-ի կողմից Հայաստան են ներկրվում մեծ քանակությամբ խոզեր և իրացվում շուկայում՝ բոլոր հնարավոր խախտումներով։ Ընկերության կողմից Մասիսի տարածքում վարձակալած ֆերմայում տեղի են ունենում կոպտագույն խախտումներ, որոնց մասին ՍԱՏՄ ղեկավարը քաջատեղյակ է, սակայն շարունակում է աչք փակել դրանց վրա։
Խնդրում և պահանջում ենք բոլոր հայ քաղաքացիներից և սպառողներից.
Միս գնելիս պարտադիր պահանջե՛ք, որպեսզի գնապիտակի վրա հստակ նշված լինի մսի ծագման երկիրը (որտեղի արտադրանք է)։
Մի՛ թողեք, որ ձեզ խաբեն. պաշտպանե՛ք ձեր առողջությունն ու տեղական գյուղացու քրտինքով ստեղծված արտադրանքը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր