Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

Վատ օրինակը վարակիչ է

Վատ օրինակը վարակիչ է

Thu, 26 Nov 2026 09:00:39 +0400


Հասարակությունն ընդօրինակում է իր վերնախավի արժեքներն ու վարքագծի կանոնները՝ դա անբեկանելի օրինաչափություն է անգամ այն դեպքերում, երբ մարդիկ խորապես մերժում են վերեւներին, հակաիշխանական հայացքներ ունեն, քննադատում են վերնախավին։ Միշտ է այդպես եղել եւ այդպես է բոլոր երկրներում։ Օրինակ, Ստալինից հալածվածները, անգամ նրանք, ովքեր աքսորով ու բանտերով էին անցել, հագնում էին Իոսիֆ Վիսարիոնովիչի կիտելին նմանվող վերնահագուստ, գալիֆե տաբատ, խրոմից սապոգներ, շատերը բեղ էին պահում՝ հաճախ չգիտակցելով, որ իրենց կյանքը խորտակած բռնապետին են նմանակում։ Բրեժնեւյան շրջանում ամեն կոլխոզ սեփական պատվոգիրն ու կրծքանշանն էր ստեղծել, որովհետեւ պոլիտբյուրոյի ղեկավարը սիրում էր պարգեւատրել ու պարգեւատրվել։ Անկախության առաջին շրջանում եւ պատերազմի տարիներին՝ 1990-95 թվականներին, ամենուրեք մորուք պահող տղամարդիկ էին՝ ֆիդայու տեսքով, նույնը՝ 2018-ից հետո, երբ 5-6 տարի Նիկոլ Փաշինյանը չէր սափրվում, եւ թիմակիցներն էլ հետեւում էին նրա օրինակին։ 1994-ից մինչեւ 2000-ականները Հայաստանը ողողված էր սեւ ջիպերով եւ համմերներով, որովհետեւ Վազգեն Սարգսյանը, բանակի գեներալներն այդ մեքենաներն էին նախընտրում։ Հիմա, երբ 8 տարի շարունակ լսում ենք ասֆալտին փռելու-կզըցնելու-սատկացնելու լեքսիկոն, երբ խելացի եւ կրթված մարդկանց հանդեպ հարգանքը հողին է հավասարեցվել, պետք չէ զարմանալ, որ նույնքան լկտի, անամոթ ու անթույլատրելի լեքսիկոնն է դարձել մոդայիկ։ Ինքը՝ պետության ղեկին հայտնված մարդը, ինքնահաստատվում է, իրեն ուժեղ է զգում այդ խոսույթը կիրառելիս, հանրությունն էլ ընդօրինակում է նրան։ Փոքրիկ օրինակ․ ուշադրություն դարձրեք, թե ինչքան շատ են սկսել կիրառել «եղկելի» բառը՝ Փաշինյանի վերջին բրիֆինգից հետո։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անզոր ու ապատիկ` հանրություն, 1-2 օրվա հիշողությամբ` լրատվություն

Անզոր ու ապատիկ` հանրություն, 1-2 օրվա հիշողությամբ` լրատվություն Sat, 17 Oct 2026 15:15:52 +0400 «1-2 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով