Մեսսին ու Ռոնալդուն՝ նույն թիմո՞ւմ․ պատմական իրադարձության հնարավորություն
Sat, 28 Nov 2026 14:30:28 +0400

Ֆուտբոլային աշխարհում կարող է տեղի ունենալ մի իրադարձություն, որի մասին տարիներ շարունակ երազել են միլիոնավոր երկրպագուներ։ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին կարող են առաջին անգամ հանդես գալ նույն թիմի կազմում։ Նման հնարավորություն է ստեղծվել արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Կարլոս Տևեսի հրաժեշտի հանդիպման շրջանակում։
Հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 20-ին՝ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում՝ «Բոկա Խունիորսի» հանրահայտ «Լա Բոմբոներա» մարզադաշտում։ Տևեսը, որը պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռացել է 2022 թվականին, որոշել է մեծ ֆուտբոլային միջոցառումով ամփոփել իր մարզական կարիերան։
Արդեն հաստատվել է, որ հանդիպմանը մասնակցելու է Լիոնել Մեսսին։ Միջոցառման կազմակերպիչները նրա մասնակցությունը ներկայացրել են որպես մեծ պատիվ՝ այն անվանելով «Ապաչեի վերջին պարը»։
Ինչ վերաբերում է Կրիշտիանու Ռոնալդուին, ապա պորտուգալացի աստղը նույնպես հրավիրված է, սակայն նրա մասնակցության հարցը դեռ վերջնականապես լուծված չէ։ Ըստ AFP-ի՝ Տևեսը հույս է հայտնել, որ Ռոնալդուն կմիանա Մեսսիին, և նույնիսկ վստահություն է հայտնել, որ պորտուգալացին կարող է ներկա լինել։
Այդուհանդերձ, կա լուրջ խոչընդոտ․ դեկտեմբերի 20-ին Ռոնալդուի ներկայիս ակումբը՝ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը», պետք է Սուպերգավաթի կիսաեզրափակիչ խաղում մրցի «Ալ Խուլուդի» հետ։ Հանդիպումը նախատեսված է Քուվեյթի «Ջաբեր» միջազգային մարզադաշտում։ Հետևաբար, Ռոնալդուի մասնակցությունը կախված է լինելու նաև ակումբային պարտավորություններից։
Հատկանշական է, որ Կարլոս Տևեսը ժամանակին խաղացել է երկու ֆուտբոլիստների հետ էլ։ Նա Մեսսիի խաղընկերն է եղել Արգենտինայի հավաքականում, իսկ Ռոնալդուի հետ միասին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Տևեսը նախկինում բազմիցս արտահայտել է երկու աստղերին նույն թիմում տեսնելու ցանկությունը։
Հանդիպմանն ընդառաջ արդեն հայտնի են դարձել նաև մի շարք այլ անվանի ֆուտբոլիստների անուններ։ Մասնակցությունը հաստատել են Սերխիո Ագուերոն, Ջանլուիջի Բուֆոնը, Ռիո Ֆերդինանդը, Լեանդրո Պարեդեսը և Մարտին Պալերմոն։
Այսպիսով, եթե Ռոնալդուն ևս ընդունի հրավերը, ֆուտբոլասերները կարող են ականատես լինել պատմական տեսարանի:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր