Ի տարբերություն ամբողջ ժողովրդի անունից խայտառակ որոշումներ կայացնողի, ես 75 տոկոս ձայն եմ ստացել
Sat, 28 Nov 2026 15:45:51 +0400

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի շուրջ քննարկումների առանցքային թեմաներից մեկը դատավորների նշանակման և պաշտոնավարման կարգի հնարավոր փոփոխությունն է։ Արդարադատության նախարարությունն անդրադարձել է այս հարցին՝ տեսանյութի միջոցով ներկայացնելով գործող դատավորների վերագնահատման մեխանիզմը, դրա իրականացման ընթացակարգերն ու ժամկետները։ Նախաձեռնության համաձայն՝ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում գործող բոլոր դատավորները կենթարկվեն մեկանգամյա վերագնահատման։ Առաջարկվող կարգավորումները, սակայն, հարցեր են առաջացրել դատական իշխանության անկախության, դատավորների անփոփոխելիության և նրանց պաշտոնավարման երաշխիքների վերաբերյալ։ Այս խնդրին անդրադարձել է նաև Հայաստանի դատավորների միությունը՝ ներկայացնելով իր դիրքորոշումն ու մտահոգությունները նախագծով առաջարկվող փոփոխությունների առնչությամբ։
Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է․ «Ես Արդարադատության նախարարության հոլովակին չեմ ցանկանում անդրադառնալ, սակայն կանդրադառնամ միության հայտարարության կապակցությամբ նրանց հայտարարությանը։ Նշել են, որ իմ հայտարարությունը չի արտահայտում ամբողջ դատական համակարգի կարծիքը։ Ես էլ կարծում եմ, որ նախարարությունը, և նախարարության հայտարարությունը չի արտահայտում նախարարության աշխատակիցների կարծիքը։ Ես ի տարբերություն ոմանց մասնակցել եմ ազատ ընտրությունների, ստացել եմ միության անդամների 75 տոկոս քվեն, ի տարբերություն այն մարդու, ով ամբողջ ժողովրդի անունից խայտառակ որոշումներ է կայացնում։ Ես չեմ ճանաչում գեթ մեկ դատավորի, ով կողմ լինի այս փոփոխությանը»
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր