Իրանի ռեժիմի տապալման դեպքում ԹՐԻՓՓ-ը կյանքի կկոչվի
Sun, 01 Mar 2026 15:15:05 +0400

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման, իսկ Իրանի կողմից էլ արաբական յոթ պետություններում ամերիկյան բազաների ռմբակոծման սկզբնական շրջանում Թուրքիան լռություն էր պահպանում: Թուրքիայի արձագանքը չափազանց կարևոր էր, որովհետեւ ցուցադրվող իսլամական եղբայրությունից առավել տարածաշրջանում գերիշխող դիրքի համար մղվող պայքարում Թուրքիային ձեռնտու է Իրանի թուլացումն ու մասնատումը:
Թուրքագետ Մհեր Աբրահամյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատեց, որ Թուրքիան իրականում ռազմական գործողությունների հենց սկզբից փորձեց պահել լռության ֆորմատը և միայն երեկոյան տեղի ունեցավ կուսակցության նիստ, որի ժամանակ Էրդողանը հանդես եկավ ոչ միանշանակ ելույթով, որի ժամանակ քննադատեց 2կողմին էլ: «Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ շատ վատ է, որ Իրանը հարձակվում է իսլամական պետությունների վրա և շատ վատ է, որ Նեթանյահուն, ԱՄՆ-ն հարձակվում են Իրանի վրա: Փաստացի այստեղ Էրդողանը խաղաց երկու լարերի վրա, և փորձեց իր համար շահել հետաքրքիր դիվիդենտներ: Գիտենք, ու Թուրքիան ունի պայմանագրեր և հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ երկիր և Ամերիկայի ռազմական դաշնակիցն է Մերձավոր Արեւելքում և Փոքր Ասիայում, բացի դրանից փորձում է խաղալ իսլամական երկրներին համախմբող ի դեր, ինչը նաև երևում էր Էրդողանի ելույթում, որ իսլամական աշխարհը չպետք է տարանջատվի և Ռամադանի ժամանակ այսպիսի բաներ չպետք է տեղի ունենան և պետք է լինի խաղաղություն իսլամական աշխարհում», ասաց թուրքագետը:
Էրդողանը փորձում էր այս լարերի վրա խաղալով իր համար դիվիդենտներ շահել ու դուրս գալ այս իրավիճակից: Կարելի է ասել, որ մինչ այժմ Թուրքիային հաջողվել էր այսպիսի տարատեսակ իրավիճակներից դուրս գալ իր համար շահեկան վիճակում` նույն Սիրիան, որտեղ շահեկան վիճակում էր, Հարավային Կովկասը, որտեղ Արցախի հիմնախնդրում դուրս եկավ շահած, և Աբրահամյանը կարծում է, որ այստեղ ևս Թուրքիան փորձելու է իր համար կարևոր շահեկան դիրքեր ձեռք բերել: Թուրքագետը շեշտում է` սա է Թուրքիայի կեցվածքը այս հակամարտության մեջ. որպեսզի նա կարողանա իր համար շահել կարևոր դիվիդենտներ:
Եթե Իրանի ռեժիմը տապալվի` Իսրայելի ամերիկյան ծրագրի համաձայն, այն, ինչ Թուրքիան շահելու է այսօրվա ՀՀ իշխանությունների կողմից կոչվում էր ԹՐԻՓՓ, իսկ թուրքերն անվանում են Զանգեզուրի միջանցք:
«Այսինքն, այստեղ այն կարևոր պետությունը, որը խանգարում էր նրա որոշակի պլաններին, բայց որի հետ ուներ որոշակի «բարեկամական» հարաբերություններ և չէր ուզում առճակատման գնալ այդ պետության հետ, ահա այդ խնդիրը ԱՄՆ-ն և Իսրայելը լուծում են, և Թուրքիան էլ, օգտվելով Արևմտյան աշխարհի հետ իր դաշնակցի կարգավիճակից, շարունակելու է իր համար այդ ճանապարհը, որն իր արտաքին քաղաքականության կարևորագույն մասերից մեկն է կազմում: Ինչպես նաև Սիրիայում ու Մերձավոր Արևելքում նա ունենալու է ավելի ազատ շարժվելու հնարավորություն, որը Իրանը իր տարատեսակ սատելիտների միջոցով կարծես թե զսպում էր և Սիրիայում, և Լիբանանում, և Մերձավոր Արևելքի այլ երկրներում», ասաց Աբրահամյանը:
Եթե ամերիկա-իսրայելյան ծրագիրը հաջող ավարտ ունենա, ապա Թուրքիան այստեղ ևս կունենա շատ կարևոր շահեկան դիրք: Բնականաբար Հարավային Կովկասում էլ Թուրքիայի դիրքերը կտրուկ կուժեղանան, ինչպես նաև Մերձավոր Արեւելքում դիրքերը կամրանան` եզրափակեց Մհեր Աբրահամյանը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր