Չորեքշաբթի , 4 Մարտի 2026

Ջիհադից հեռու…

Ջիհադից հեռու…

Tue, 03 Mar 2026 18:45:32 +0400


Ի՞նչ տեղի կունենար Հայաստանում, եթե, այսպես կոչված, TRIPP-ում արդեն իսկ տեղակայված լիներ ամերիկյան «կիսառազմականացված» մասնավոր ընկերությունը: Հազիվ թե Իրանը դա դիտարկեր որպես Հայաստանում տեղակայված ամերիկյան ռազմաբազա, բայց, ամեն դեպքում, մեկ-երկու հրթիռ կարձակեր՝ նախապես ներողություն խնդրելով բարեկամ հայ ժողովրդից: Ուրեմն եկեք փառք տանք Աստծուն, որ ՀՀ իշխանությունները չէին որոշում՝ երբ հրավիրել ամերիկյան կիսառազմականացված ստորաբաժանումը՝ TRIPP-ի վրա պարեկություն անելու: Այո, թուղթ է՝ ստորագրել են Վաշինգտոնում, բայց այդ թղթում ոչինչ գրված չէ ժամկետների մասին: Ալիեւն էլ նախապես էր ապահովագրել իր երկրի անվտանգությունը եւ իր տարածքում TRIPP-ի համապատասխան հատվածների կառուցումը վերցրել իր վրա: Որոշ բաներ էլ, իհարկե, կառուցել են, բայց ամերիկյան կողմին արված հրավերը, թե՝ արի, տիրություն արա «կորիդորին», հնչել է Հայաստանից: Հիշո՞ւմ եք, թե ով այդ գործն արտապատվիրակեց ամերիկյան մասնավոր ընկերությանը: Եվ, ուրեմն, փառք տանք Աստծուն, որ ամերիկյան կողմը չհասցրեց մինչեւ Իրանի դեմ այս պատերազմը գործարկել TRIPP-ը: Սյունիքում մենք ունեի՞նք հակաօդային պաշտպանության այնպիսի միջոցներ, որ իրանական հրթիռների դեմն առնեինք: Պապիկյանը գնացել, Հնդկաստանից մի քանի հատ պարսատիկ է գնել, որոնցով ուզում են Հայաստանը չգիտես ումից պաշտպանել: Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «հավերժական» խաղաղություն է: Այնտեղ մնացին Վրաստանը, Իրանը եւ Ռուսաստանը, որոնք չեն հարձակվի Հայաստանի վրա, եթե համը չհանեք: Եվ, ուրեմն, պարոն Պապիկյան, ինչո՞ւ ես մսխել պետական փողը, ինչո՞ւ ես այդ փողը մտցնում բանակի էն տեղը, որը չի կռվելու եւ ոչ մի պարագայում:

Որպեսզի չստացվի, որ ռազմական գաղտնիքներ եմ հրապարակում, նշեմ նաեւ, որ հակաօդային պաշտպանություն մենք, այնուամենայնիվ, ունենք: Մեր վարչապետի անունը միայն բավական է, որ Հայաստանի թշնամիներն ահից սսկվեն տեղները: Ի՜նչ անօդաչու սարք, ի՜նչ բալիստիկ հրթիռ կգա Հայաստանի վրա, երբ Հայաստանի վարչապետն է իր քաջարի թիմով «սանրում» երկրի գյուղերն ու քաղաքները: Թող փորձեն հանկարծ գալ մեզ վրա… Իրանը, Արաբական թերակղզին, Իսրայելը, Աֆղանստանը, Պակիստանը, Հնդկաստանը՝ կրակների մեջ, ինքը «պերաշկի» է կրծում ավտոբուսում ու կատակում ՔՊ-ի թեթեւսոլիկ մեծամեծների հետ… Յանի՝ «էս ամեն ինչն իմ տանձին չի»: Ասում են՝ երբ Մակրոնին ցույց են տվել սրանց «պերաշկիով» կադրերը, իսկույն դուրս է եկել մահճակալի տակից ու սկսել «դուխով» հայտարարություններ անել Իրանի դեմ, թե՝ հանկարծ չհարվածեք մեր գործընկերների ռազմաբազաներին: Տո այ Մակրոն, ինչո՞ւ որեւէ հայտարարություն չարիր, երբ ամերիկա-իսրայելական հրթիռները Թեհրանում հարվածեցին դպրոցին՝ խլելով հարյուրավոր երեխաների կյանքեր: Հիմա տեսել ես ՀՀ վարչապետի «պերաշկիով» կադրերն ու քաջությո՞ւն ես խաղում: Իսկական քաջը մեր վարչապետն է: Մի տես, թե ոնց է մտնում մարդկանց խանութներն ու տները, ոնց է գոռգոռում քաղաքացիների վրա… Պատերին կտա բոլորին, հասկանում ես, ով իրեն ասի՝ աչքիդ վերեւն ունք կա: Այո, պատահում է՝ խանութ չեն թողնում, տան դուռը չեն բացում նրա առաջ, բայց մի՞թե նման բաները կարող են ընկճել ՀՀ վարչապետին, որ որոշել է արհամարհել հարեւան երկրի դեմ սանձազերծված պատերազմը:

Խոսակցություններ կան նաեւ այն մասին, որ Էրդողանն ու Ալիեւը քիչ է մնացել ծիծաղից ուշաթափվեն, երբ տեսել են, թե ինչպես են ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը «պերաշկի խեղդում» Իրանում պայթող ամերիկա-իսրայելական հրթիռների տարափի տակ: Ալիեւն իբր ասել է՝ սրանց «երկրորդ հարկի հետ» մի բան այն չէ, բայց Էրդողանը սաստել է նրան, թե՝ դրա ժամանակը չէ, քանի այս պատերազմը չի դադարել, պետք է բուֆերային գոտի ստեղծել Իրանի հյուսիսում: Կասենք՝ դա արվում է հանուն Թուրքիայի անվտանգության, ինչպես Սիրիայում արեցինք: TRIPP-ը կլայնացնենք, ավելի շատ ամերիկացի զինյալներ կբերենք, արեւմտյան Ադրբեջանը կշինենք, ու… Քեֆ արա, Իլհամ ջան… Եվ ո՞վ կարող է Էրդողանին ու Ալիեւին կանգնեցնել: Բոլորն զբաղված են… Սա ՀԱՊԿ-ի գործը չէ, Եվրոպան մտել է մահճակալի տակ, Ռուսաստանը խրված է Ուկրաինայում, իսկ ՀՀ վարչապետը քարոզարշավի է: Մտել է մի կնոջ տուն ու փոխանակ հետաքրքրվի նրա առողջությամբ, հարցնում է՝ տանը մարդ չկա՞… Չասե՞մ հիմա՝ քո ի՞նչ գործն է, դու եկել ես վերելակի հարցո՞վ զբաղվելու, թե՞ տիկնոջն այդպիսի անհարմար հարցեր տալու: Հասկացանք, «տանձիդ չէ» մեր դռանը տեղի ունեցող պատերազմը, բայց ա՞յդ աստիճանի:

ՀԳ. Ասում են՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսը տեսել է մերոնց ուրախ ավտոբուսի կադրերն ու ընկել մտածմունքի մեջ՝ էն փողը տա՜ն, չտա՜ն… Պատերազմը կարող է երկարել ու հավելյալ ծախսեր պահանջել: Այսօր այդ փողը տան Հայաստանին, որ ի՞նչ անեն: Որոշել է այս երկու օրը մտնել Թրամփի մոտ ու նորից քննարկել հարցը: Բայց Վենսն ի՞նչ իմանա, թե ինչ կգա իր գլխին, եթե ՀՀ վարչապետը «պերաշկին» կուլ տալուց հետո մատների յուղը սրբի ու անձամբ Թրամփին զանգի, որ սա 9 միլիարդը ոչ թե մաս-մաս տա, այլ միանգամից՝ TRIPP-ի ուշացման հետ կապված տույժ-տուգանքն էլ հետը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս ուժը ջատագով է խաղաղության, բայց ոչ թուլության հաշվին

Այս ուժը ջատագով է խաղաղության, բայց ոչ թուլության հաշվին Tue, 03 Mar 2026 18:49:25 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով