ԿՀՎ-ն մտադիր է զենք մատակարարել քրդերին՝ Իրանում ապստամբություն հրահրելու համար․ ԶԼՄ
Wed, 04 Mar 2026 11:30:18 +0400

Կենտրոնական հետախուզական վարչությունը աշխատում է քրդական կազմավորումներին զենք մատակարարելու ուղղությամբ՝ Իրանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
«ԿՀՎ-ն աշխատում է քրդական կազմավորումներին զինելու ուղղությամբ՝ Իրանում ժողովրդական ապստամբություն բորբոքելու նպատակով»,-հայտնում է հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ակտիվ խորհրդակցություններ է վարում իրանական ընդդիմության ներկայացուցիչների և Իրաքի քուրդ առաջնորդների հետ՝ հնարավոր ռազմական աջակցության վերաբերյալ։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ մարտի 3-ին Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իրանական Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Մուսթաֆա Հիջրիի հետ։
Ավելի վաղ Axios-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահը Իրանի ռմբակոծությունների մեկնարկի հաջորդ օրը զրուցել է նաև Իրաքի երկու առանցքային քրդական քաղաքական ուժերի առաջնորդների՝ Մասուդ Բարզանիի և Բաֆել Թալաբանիի հետ։
Իրանցի քրդերի բարձրաստիճան ներկայացուցիչը հեռուստաալիքին հայտնել է, որ առաջիկա օրերին ընդդիմադիր ուժերը կարող են միանալ Իրանի արևմուտքում իրականացվող ցամաքային գործողությանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր