Հինգշաբթի , 12 Մարտի 2026

Հիմնավորում էին, որ ԱԱԾ «պադվալից» կզանգեմ, պետական շենքեր գրավելու հրահանգ կտամ

Հիմնավորում էին, որ ԱԱԾ «պադվալից» կզանգեմ, պետական շենքեր գրավելու հրահանգ կտամ

Wed, 11 Mar 2026 22:45:00 +0400


«Ստեղծվում է պատկեր, որ այն հիմնարկը, որը պետք է զբաղվեր կամ ժամանակին զբաղվում էր պետական անվտանգության պահպանմամբ, հակահետախուզությամբ եւ այլն, դրանով այսօր չեն կարող զբաղվել։ Երբ վերնախավը գնում է Բաքու, դրանից հետո նրանք այստեղ թուրք շպիոն ման գալ չեն կարող։ Էդ մարդիկ ակնհայտ գալիս են այստեղ, էդ կասպյան թուրքերը պտտվում, նկարում են, տեղադրում են սոցցանցերում, և ոչ մի հետևանք, բայց մենք՝ չգիտես ինչի առանց որևէ հիմքի հանդիսանում ենք ահաբեկիչ»,- այսօր դատարանում իր վրդովմունքը բարձրաձայնեց «Հյուսիսային տերևաթափի» գործով մեղադրյալ Վազգեն Ոսկանյանը։
«18 տարեկան երեխեքը պոստերում չեն վախենում, բայց ուսադիր կրող մարդիկ ակնհայտ իրավխախտում թույլ տված մարդուն, ով խախտում է Սահմանադրությունը, դատարաններ է շրջափակում, հրաժարվում է Արցախի ժողովրդին պաշտպանելուց, չի արժանանաում արձագանքի: Այսքանից հետո ես կարող ե՞մ ասել՝ իրենք ծառայում են թուրքին ծառայողին»,-ասաց Վազգեն Ոսկանյանն ու հրաժարվեց հարցերին պատասխանելուց:

Հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Հյուսիսային տերևաթափ»-ի գործով դատալսումները։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են 5 քաղաքացի՝ Վազգեն Ոսկանյանը, Սերգեյ Մկրտչյանը, Աշոտ Մարգարյանը, Էդգար Ծատինյանը, Կարեն Սիմոնյանը։ Նրանք, ըստ մեղադրանքի, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով ՀՀ կառավարության կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, 2023 թվականին նախնական համաձայնությամբ, կատարել են ահաբեկչության, ինչպես նաև՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և կրելու նախապատրաստություն, իսկ այդ ահաբեկչական գործողությունն անվանել են «Հյուսիսային տերևաթափ»։

Այսօրվա նիստում հարցաքննվեց Վազգեն Ոսկանյանը։ Նա իր խոսքը սկսեց նախաքննության փուլից, նկատելով, որ այսօրվա Հայաստանում պետությունը կարող է կամայականորեն կալանավորել ցանկացած քաղաքացու՝ առանց հիմքերի և ինքն արդեն 37 ամիս է, ինչ կալանքի տակ է եւ որևէ ապացույց չկա․ «Ամենահիմնականն այն է, որ երբ նախաքննության փուլում քննիչը պահանջում էր կալանավորել, հնարավորինս խիստ խափանման միջոց սահմանել՝ թե զանգերը, ընտանիքի անդամների հետ տեսակցության իրավունքը սահմանափակել, դա հիմնավորում էին, որ անձամբ ես ունեմ ինչ-որ հանցավոր խումբ, ու եթե իմ զանգերը բաց լինեն, ես ԱԱԾ «պադվալից» կզանգեմ, հրահանգ կտամ, ու իմ հրահանգով նրանք պետք է գրավեն ինչ-որ անհասկանալի պետական շենքեր։ Մինչև հիմա չենք լսել որևէ հիմնավորում՝ ո՞րն էր այդ շենքը, ովքե՞ր են այդ մարդիկ»։

Վազգեն Ոսկանյանն ասաց՝ դեռ նախաքննության փուլում ունեցել է հիմնավորված անվստահություն դատական ատյանի նկատմամբ․ «Երբ սկսվում էին հիմնական դատալսումները, քննչական կոմիտեն գործը փոխանցել է դատախազությանը, հույս ունեի, որ ատյանը կփոխվի, բայց տեսնում եմ դատախազ Հովակիմյանին, իսկ նա եղել է վերահսկող դատախազ նախաքննության փուլում։ Դատախազ Հովակիմյանը, լինելով վերահսկող դատախազ, չի կանխել անհիմն գործողությունները։ Դատախազն իր ծառայության բերումով պարտավոր էր վերահսկել։ Այսինքն՝ ինքը ուղղակի պիտի մի օր քննիչին կանչեր, ասեր՝ եղբայր, էս մարդիկ փափախով քուրդ չեն, պահը գալու է, իրենք սրա համար պիտի պատասխան ուզեն, որովհետև քո խոսացածների պատճառով մարդիկ չեն կարողանում խոսել իրենց ընտանիքի հետ, ապրում են 5 հոգով 20 քմ-ի մեջ։ Էս մարդիկ այն տեսակը չեն, որ ուղղակի մոռանան, ասեն՝ դե լավ, եղել է, եղել է։ Մենք դա կյանքում չենք կարող մոռանալ։ Բայց փաստացի, քանի որ քննիչ Ծառուկյանի հորինած մեղադրանքը շարունակվել է ամբողջ նախաքննության ընթացքում, ես կարող եմ փաստել, որ դատախազ Հովակիմյանը, լինելով վերահսկող դատախազ, չի կանխել այս անհիմն գործողությունները»։

Վազգեն Ոսկանյանը պնդեց՝ այս գործը քաղաքական է․ «Քննիչը պնդում էր, որ ես պլանավորել եմ, ու իմ զենքի տեխնիկական հնարավորությունը թույլ էր տալիս, որ դրանով պետական շենք գրավենք։ Եթե ես կամ որևէ մեկը ունենանք նման մտադրություն, նախքան էդ զենքով պետական շենք գրավելը, ես ստիպված պետք է մտնեմ խանութ, ձեռք բերեմ մեծ քանակով ծխախոտ ու սուրճ, մոտենամ էդ շենքի անվտանգությունն ապահովող անձնակազմին և իրենց բաժանեմ, ասեմ՝ ինձ լիքը ժամանակ է պետք, որ ես կամ որևէ մեկը ձեզ սպանենք, կոֆե խմեք, ծխեք, քանի որ իմ զենքն աշխատում է հետևյալ սկզբունքով․ չեմ կարող՝ հատ-հատ պիտի ձեզ գյուլլեմ, պիտի մի հատ կրակեմ, բացեմ, պարկուճը հանեմ, նոր պարկուճ դնեմ, փակեմ, մի հատ էլ կրակեմ, էդ ընթացքում մարդիկ մի հինգ անգամ սուրճ կխմեն ու կծխեն։ Բայց քննիչը պնդում էր, որ սա հնարավոր է։ Մեղադրանքի մեջ լրջություն, տրամաբանություն ուղղակի չկա։ Մեր գործի վրա աշխատել է 10-13 հոգանոց քննչական խումբ, նախաքննությունը տևել է 10 ամիս, այսինքն՝ 10 ամիս չեն կարողացել ավելի լավ բան հորինել կամ հորինածին հիմնավորում գտնել։ Ու մարդիկ կան, որ ասում են՝ այս գործը քաղաքական գործ չի՞։ Լավ, քաղաքական գործ չէ։ Գործով հինգ մեղադրյալ է անցնում, շեշտեմ՝ ցանկացած բարոյական կալանավորի ազատմանը, կալանքի մեղմացմանն ուրախ եմ, որ տղերքը դուրսն են, բայց հարց է առաջանում՝ մե՞նք ինչի դուրսը չենք, քանի որ մեղադրանքը լրիվ նույնն է։ Այսինքն՝ ով ունեցել է ընդդիմադիր ուժերի հետ կապ, մասնակցություն, ստացել է ավելի խիստ կալանքի ռեժիմ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարդիկ արդեն կատարել են իրենց ընտրությունը

Մարդիկ արդեն կատարել են իրենց ընտրությունը Wed, 11 Mar 2026 15:45:42 +0400 Կարելի է երկար …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով