Երեքշաբթի , 17 Մարտի 2026

«Հրապարակ»․ Պապոյան, «մայրիկ ոչխարը» ո՞րն է, խոյն էլ «հայրի՞կ ոչխարն է»

«Հրապարակ»․ Պապոյան, «մայրիկ ոչխարը» ո՞րն է, խոյն էլ «հայրի՞կ ոչխարն է»

Tue, 17 Mar 2026 11:15:47 +0400


Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Ֆեյսբուքում տեսանյութ է տեղադրել եւ գրել․ «Սովորաբար, ոչխարը մեկ ծննդաբերության ժամանակ ունենում է 1 կամ 2 ձագ։ Հազվադեպ կարող է ունենալ 3 ձագ, իսկ միանգամից 4 ձագ ունենալը շատ քիչ հանդիպող բան է։ Մեր ֆերմերներից մեկի մայրիկ ոչխարը միանգամից 4 գառնուկ է ունեցել»։ «Մայրիկ ոչխարը» ո՞րն է, ոչխարն ինքնին էգ է, մայր, այդ դեպքում խոյին պետք է կոչեք «հայրիկ ոչխար»։
Միանգամից 4 գառ ծնելու մեջ ո՞րն է ՔՊ-ական իշխանության եւ, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտը կառավարող էկոնոմիկայի նախարարության եւ անձամբ նախարար Պապոյանի ներդրումը։ Նախարար Գեւորգ Պապոյանը փոխանակ հիմնավոր կերպով զբաղվի գյուղատնտեսության ոլորտում առկա, տարիներով չլուծվող հիմնախնդիրներով, կենսաբանական պատահականության արդյունքում 4 գառ ծնած ոչխարի մասին հրապարակում է արել։ Իսկ գյուղատնտեսության հիմնախնդիրների լուծումը նախարար Պապոյանի անմիջական գործն ու պարտականությունն են։

ՔՊ-ական իշխանությունը 2018-ին վերացրեց գյուղատնտեսության նախարարությունը։ Դրա գործառույթները ներառվեցին էկոնոմիկայի նախարարության մեջ, որի կազմում գործում են բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական խորհրդատվության եւ նորարարությունների, ագրովերամշակման, գյուղատնտեսական ծրագրերի նախագծման, գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություններ։ Սակայն որքանո՞վ են այդ վարչությունները նպաստում գյուղոլորտի խնդիրների լուծմանը։ Նախարար Գ․ Պապոյանին տեղեկատվական հարցում էի արել դեռ 2025 թ․ հոկտեմբերի 10-ին եւ պատասխանից տեղեկացա, որ Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերը 2 միլիոն 40 հազար 816, 8 հեկտար են, որից ոռոգվում է ընդամենը 156 հազար 500 հեկտարը։ Իսկ 156 հազար հեկտարից ընդամենը 6 378 հեկտարն է կաթիլային եղանակով ոռոգվում։ ՀՀ-ում 3 920 հեկտար ինտենսիվ այգի կա, 62 հատ «խելացի անասնաշենք» եւ 1 հատ խոշոր անասնաբուծական համալիր, որոնցում, ընդհանուր առմամբ, պահվում է 2 542 խոշոր եղջերավոր անասուն։ Սա Հայաստանի գյուղատնտեսության տխուր պատկերն է։

Գյուղացիների բերքը, ինչպես դարեր առաջ, կախված է «երկնքի ծերից»՝ կարկտահարությունից, եղանակի տատանումներից։ Իմ հայրենի Տավուշի մարզի 4 համայնքներից միայն Նոյեմբերյանում է հակակարկտային 14 կայան տեղադրված, մարզի Բերդ, Դիլիջան, Իջեւան համայնքներում հակակարկտային կայաններ չկան։ Նիկոլ Փաշինյանի իշխանության 8 տարում Տավուշի մարզում հակակարկտային ոչ մի կայան չի տեղադրվել։

Նախարար Պապոյանին հարցում եմ արել, թե որ թվականին է նախատեսված Հայաստանում ներդնել գյուղատնտեսության պարտադիր ապահովագրություն։ Նախարարությունից հայտնել են․ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «Դիվերսիֆիկացում եւ ռիսկերի կառավարում» սկզբունքում եւ «Բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը եւ արդյունավետությունը» առաջնահերթությունում կարեւորվում է ապահովագրական համակարգի աստիճանական ներդրումը։ 2019 թվականից մեկնարկել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման պետական աջակցության փորձնական ծրագիրը, որի հիմնական նպատակն է՝ գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը եւ ամբողջական համակարգի ներդրումը։ Փորձնական ծրագիրը դեռեւս իրականացվում է, հանրապետության ընդհանուր տարածքում գյուղատնտեսական պարտադիր ապահովագրության ներդրման ժամկետները դեռեւս հստակ չեն»։

7 տարի փորձնական ծրագիր են անում, սակայն պարտադիր ապահովագրության ներդրման ժամկետները դեռեւս հստակ չեն։ Հայաստանի մարզերում պարբերաբար կենդանիների դաբաղ եւ այլ հիվանդությունների բռնկումներ են լինում, արտերկրից ներկրվող բույսերի բուժանյութերի զգալի մասն անորակ է, դրանք վաճառվում են ոչ մասնագետների կողմից, որոնք չեն կարող բուժանյութերի օգտագործման ձեւերի վերաբերյալ արդյունավետ խորհրդատվություն իրականացնել։ Գյուղացիներն ամեն տարի խնդիրներ են ունենում աճեցրած բերքը ժամանակին իրացնելու գործում։ Ստիպված են լինում քրտինքով աճեցրած բերքն էժան վաճառել, որպեսզի այն չփչանա։ Ա՛յս հիմնախնդիրներով պետք է զբաղվի նախարար Պապոյանը, ոչ թե 4 գառ ծնած «մայրիկ ոչխարի» գովազդով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանից Հայաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն աճել է

Ռուսաստանից Հայաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն աճել է Tue, 10 Mar 2026 23:00:00 +0400 Ռուսաստանն ավելացրել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով