Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

Ոսկեգույն ականջօղով ոհմակները կամ ստերիլիզացված ահաբեկչություն

Ոսկեգույն ականջօղով ոհմակները կամ ստերիլիզացված ահաբեկչություն

Tue, 22 Sep 2026 16:45:43 +0400


Գյումրիի Չարենցի փողոցում օրերս տեղի ունեցած սարսափելի տեսարանը, երբ կատաղած շների ոհմակը հարձակվել էր աղբարկղի մոտով անցնող երեք փոքրիկների վրա, ստիպեց քրքրել ԶԼՄ-ների անվերջանալի լրահոսը։ Եթե չլինեին անցորդների արագ արձագանքն ու քարերով-փայտերով հակահարվածը, շները երեխաներին կբզկտեին։ Մեր «բարձրտեխնոլոգիական» ու «մոդեռն» քաղաքներում անվտանգության միակ համակարգը նախնադարյան մարդու պարզունակ գործիքն է՝ փայտը (տեխնոլոգիական լեզվով՝ «Փայտ՝ տարբերակ 1.0»)։

Քանի որ այս տեսարանը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, պարզեցի՝ ինչ է ասում օրենքը, եւ ինչու է այն այդքան անզոր փողոցում։ Պետական մեքենան հիանալի է աշխատում միայն մեկ ուղղությամբ. խնդիրը վերացնում է թղթի վրա եւ հոշոտող ոհմակին, «բիրիք թղթապանակով», վերադարձնում փողոց։ Ունենք մարդասիրական, «ժամանակակից» մեխանիզմ. շներին բռնում ենք, ստերջացնում, հետո վերադարձնում այնտեղ, որտեղից վերցրել ենք։

Գյումրիի պատմությունը հատկապես զայրացուցիչ է, որովհետեւ այնտեղ ահազանգում են տարիներ շարունակ։ Միայն 2024-ին հանրապետության երկրորդ քաղաքում արձանագրվել է շների հարձակման 750 դեպք, 2025-ին՝ 1012, իսկ 2026-ին… էլ ո՞վ «զահլա» ունի հաշվելու (միայն հունվարն են հաշվել՝ 102 դեպք, նախորդ տարվա նույն ամսվա 49-ի փոխարեն)։ Գործող ստերջացման ծրագիրը հարձակումների նվազման չի հանգեցրել։ Այսինքն՝ ծրագիրը գործում է, շներն էլ գործում են նույն ուժգնությամբ ու հետեւողականությամբ։ Գյումրիում խնդրի լուծման համար տարիներ շարունակ խոսվում է կենդանիների կացարանների մասին, սակայն «Ազատության» 2026-ի հրապարակմամբ՝ թափառող շների կացարանի համալիր ծրագիրը գնահատվել է որպես տապալված, մինչդեռ հարձակումների թիվը շարունակում է աճել։ Այսինքն՝ կացարանը դեռ ծրագրի մեջ է, իսկ ոհմակները՝ փողոցում։

Երեւանում, օրինակ, քաղաքացիներին նույնիսկ հատուկ կարգով տեղեկացնում են՝ եթե փողոցում կամ բակում չստերջացված թափառող շուն տեսնեք, զանգահարեք 1-05 կամ ահազանգեք «Ակտիվ քաղաքացի» հարթակով։ Այսինքն՝ քաղաքացուն տրվել է նաեւ նոր քաղաքացիական պարտականություն՝ շանը տեսնել, ճանաչել՝ ստերջացվա՞ծ է, թե՞ ոչ, հասցեն նշել, ահազանգել եւ սպասել։
Սրան զուգահեռ՝ պետությունն ու համայնքները միլիոններ են մսխում։ Արարատը, Մասիսը, Սեւանը, Սիսիանը, Նոր Հաճնը տասնյակ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքում։ «Հետքի» ուսումնասիրություններն ասում են՝ համակարգ կա, գումար կա, օրենքը կա, ծրագիր կա, շունն էլ կա, միայն անվտանգ փողոցները չկան։

Ստերջացումը կարող է սահմանափակել բազմացումը, բայց երբ մարդու վրա հարձակվող ոհմակը շարունակում է ապրել նույն աղբարկղի, դպրոցի ու բակի կողքին, ստերջացման փաստը չի մխիթարում։ Ոչ մի երեխա, շան երախում հայտնվելիս, չի հարցնում. «Ներեցեք, դուք ստերջացվա՞ծ եք»։

Մեր քաղաքներում բնակիչներն այլեւս եղանակի տեսություն չեն նայում․ տնից դուրս գալուց առաջ նայում են` եթե աղբամանի մոտ երեք շուն է, կարելի է վազքով անցնել։ Եթե հինգն են՝ ավելի լավ է զանգել աշխատավայր. «Այսօր չեմ գա, մեր թաղի ոհմակը վետո է դրել տեղաշարժիս վրա»։

Ազգային ժողովի պատգամավորները, որոնք ծառայողական մեքենաների մգեցված ապակիներից աշխարհը տեսնում են միայն վարդագույն, հանգիստ են։ Ընդունեցին օրենքը, ստերջացրին շներին, ականջներին կախեցին եվրոպական դեղին կոճակներ։ Քաղաքական տրամաբանությունը հանճարեղ է․ եթե շան ականջին կա դեղին կոճակ, ուրեմն նրա ատամներն այլեւս սուր չեն, իսկ հաչոցը Մոցարտի սիմֆոնիա է։

– Վա՜յ, քաղաքացի, ինչո՞ւ եք վախենում, չէ՞ որ ձեզ վրա հարձակվող շունը ստերջացված է,- հանգստացնում է պաշտոնյան։

– Պարոն, նա ինձ չի ուզում գրկել, համբուրել, ուզում է կծել, պատառոտել,- պատասխանում է լեղապատառ քաղաքացին։
Օրենքի տառն ասում է՝ «ստերջացնել եւ վերադարձնել իրական միջավայր»։ Իսկ «իրական միջավայրը» մեր երեխաների բակն է ու դպրոցի ճանապարհը։ Շներին սպանելը, օրենքով ու հումանիզմից դրդված, արգելվեց, բայց չստեղծվեցին ո՛չ շնանոցներ, ո՛չ էլ թափառող շներին մեկուսացնելու մեխանիզմներ։ Թղթերով բոլոր շները «բարի են ու պատվաստված», իսկ իրականում քաղաքում ռեալիթի-շոու է՝ «Ով ավելի արագ կվազի»։ Երեւի իշխանությունները դրա համար են հպարտությամբ ասֆալտ փռում․ շներից փախչելու համար հարթ, առանց փոսերի ասֆալտ է անհրաժեշտ` արագ վազես, որ հասնեն ապահով վայր։

Լուծումն ակնհայտ է, բայց «չտեսնելու» են տալիս․ փողոցում թափառող շներ չպետք է լինեն։ Սա քննարկման ենթակա հարց չէ։ Շները պետք է լինեն կա՛մ հատուկ կացարաններում, կա՛մ մեկուսացված, կա՛մ մարդկանց խնամքի ներքո։ Խստացում է պետք նաեւ բնակարաններում խոշոր ցեղատեսակի շներ պահողների նկատմամբ․ շքամուտքում դեմառդեմ երախը բաց գամփռի հանդիպելը երբեմն սրտի կանգ է առաջացնում։ Քաղաքակիրթ վերաբերմունքն ու մարդու անվտանգությունն իրար հակադիր չեն։ Հակառակը՝ քաղաքակիրթ համակարգը պետք է կարողանա ե՛ւ կենդանուն չտանջել, ե՛ւ մարդկանց չթողնել ոհմակի առաջ անպաշտպան։
Հանրության հույսը չի կարող լինել մոտակայքից հայտնաբերված փայտի հաստությունը, իսկ կենդանիներին պաշտպանող օրենքը չի կարող վերածվել մարդու անվտանգությունը մոռանալու օրենքի։ Ու եթե օրենքը չի ապահովում տարրական անվտանգություն, ուրեմն այն պետք է փոխել, լրացնել եւ, ի վերջո՝ գործադրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի․ ինչ ուղերձ է հղել Սամվել Կարապետյանը

Այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի․ ինչ ուղերձ է հղել Սամվել Կարապետյանը Mon, 21 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով