Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Եթե 2020-ին պարտվել ենք, չի նշանակում, թե առաջին պատերազմը սխալ է եղել

Եթե 2020-ին պարտվել ենք, չի նշանակում, թե առաջին պատերազմը սխալ է եղել

Tue, 17 Mar 2026 19:15:17 +0400


Երբ լսում ենք քաղաքական հայտ ներկայացնող առանձին ուժերի եւ նրանց ներկայացուցիչների փաստարկները, հասկանում ենք, որ նրանց խոսքը Հայաստանի ու հայ մարդու մասին է, իսկ երբ լսում ենք Հայաստանի օրվա իշխանությունների ու նրանց սատարող շրջանակների խոսույթն ու խոսույթի թեման, միանգամից հասկանում ենք, որ սրանց ասածն ու ուզածը ոչ թե Հայաստանին ու հայ մարդուն են վերաբերում, այլ՝ նրանց խաբելուն:

Այս իմաստով, հատկապես հատկանշական է արցախյան քաղաքականության հետ կապված՝ օրվա իշխանությունների դիրքորոշումը: Դիրքորոշում, որը ոչ թե իրավիճակի հավասարակշռված գնահատում է, այլ այս «չպատերազմը» Հայաստանի վրա վաճառելու մի հիվանդագին մղում:

Իհարկե, Արցախյան առաջին պատերազմի ու դրանից հետո ընկած ժամանակների համար, Հայաստանի ընտրված ճանապարհն ամենաճիշտ ճանապարհը չես համարի: Չես համարի, որովհետեւ այն պատերազմը սխալ տեղում կանգնեցնող ճանապարհ էր, որովհետեւ այն պատերազմի աշխարհաքաղաքական նշանակությունը Լաչինի միջանցքի լայնության հետ շփոթող ճանապարհ էր: Սակայն, որքան որ սխալ էր պատերազմը սխալ տեղում կանգնեցնող ու պատերազմի աշխարհաքաղաքական նշանակությունը Լաչինի միջանցքի հետ շփոթող քաղաքականությունը, նույնքան էլ սխալ է Ադրբեջանի պահանջով արցախյան հիմնախնդիրը Հայաստանի ռազմաքաղաքական օրակարգից դուրս դնելու համար Արցախյան առաջին պատերազմից հրաժարվելու քաղաքականությունը:

Այս երկրի խնդիրը, այս առումով, միայն այն չէ, որ երկիրը պատերազմում պարտվել է: Այս երկրի խնդիրը նաեւ այն է, որ ինչպես իր ընտրած նախորդ իշխանությունները չէին հասկանում, որ Արցախի հարցը լուծողը ոչ թե միջազգային հանրությունն է, այլ հզոր Հայաստանը, այնպես էլ իր ընտրած այսօրվա իշխանությունը չի հասկանում, որ Արցախն այսօրվա Հայաստանի ռազմաքաղաքական օրակարգի մաս չդարձնելու համար ամենեւին էլ պարտադիր չէ, որ մենք Արցախյան առաջին պատերազմում տարած մեր հաղթանակից հրաժարվենք: Այն, որ մենք այս պատերազմում պարտվել ենք, դա դեռ չի նշանակում, թե պարտվել ենք, որովհետեւ սխալ է եղել առաջին պատերազմը: Ճիշտ հակառակը՝ դա նշանակում է, որ պարտվել ենք, որովհետեւ առաջին պատերազմում հաղթելուց հետո սխալ ենք գնահատել մեր հաղթանակը, սխալ ենք վարվել մեր հաղթանակի հետ:

Այս առումով, մեր երկրի խնդիրն այսօր ոչ թե արցախյան օրակարգն այսօրվա Հայաստանի ռազմաքաղաքական առաջնահերթությունից դուրս դնելն է, արցախյան առաջին պատերազմը սխալ պատերազմ համարելը, այլ հաղթելուց հետո մեր թույլ տված սխալներն ու բացթողումները գիտակցելն ու դրանք երբեք թույլ չտալը:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երեկվա հանրահավաքը առաջին համարի քայլ էր

Երեկվա հանրահավաքը առաջին համարի քայլ էր Sun, 12 Apr 2026 19:15:25 +0400 Սամվել Կարապետյանի գլխավորած …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով