Անհեթեթ առաջարկների մրցույթը սկսված է. հերթը Սարիկինն է
Fri, 20 Mar 2026 22:45:52 +0400

Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր լիդերներին առաջարկում է վիկտորինա խաղալ, օրինակ, ասել, թե որն է Իսպանիայի մայրաքաղաքը, նրա թիմակիցներն էլ են սկսել մեկը մեկից անհեթեթ առաջարկներով հանդես գալ: Օրինակ, Գյումրիի ձախողված քաղաքապետ Սարիկ Մինասյանը ընդդիմության լիդերներին առաջարկում է իրենց փողերը կամովին հանձնել իշխանություններին: Նա իր էջում գրել է. «Առաջարկ` ընդդիմադիր 3 ուժի դոլարով միլիոնատեր, միլիարդատեր վարչապետի թեկնածուներին։
Ձեր ընդհանուր կարողությունը` ըստ տարբեր աղբյուրների, կազմում է 6 մլրդ դոլար։ Եթե իրականում ուժեղ հայրենասեր եք, ուժեղ հավատացյալ և ուժեղ բարերար, առաջարկում եմ ձեր ընդհանուր ունեցվածքի տասանորդը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը, վերջինս պարտավորվում է տվյալ գումարը համամասնորեն բաժանել Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ովքեր մտադիր են տնավորվել մեր հայրենիքում։
Սրանով կապացուցեք, որ թքած ունեք փողի վրա, պաշտոնի վրա և ձեր միակ նպատակը մեր երկրին օգնելն է։ Վստահ եմ` ձեր նման քայլը կողջունի նաև ՀԱԵ-ն ու սփյուռքը:
Մատթեոս 6:19-21 ՆՎԱԱ
Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն ապականում են, և որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։ Այլ ձեզ համար երկնքո՛ւմ գանձեր դիզեք, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն ապականում, ո՛չ էլ գողերն են սողոսկում ու գողանում. որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի»։
Աստվածաշնչից մեջբերումներն էլ է, ի դեպ, պլագիատ` իրենց առաջնորդին է կրկնօրինակում: Իսկ փողերն էլ առաջարկում է իշխանություններին տան, որպեսզի հաջորդ անգամ ոչ թե 8-9 միլիոն դրամի պարգևավճար ստանան ՔՊ-ականները, այլ 18-19 միլիոնի:
Արեգ Մարգարյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր