Էնքան ես արել, որ ասում են՝ վեշերդ հավաքի ու գնա՛, նախկինն ավելի լավ էր․․․
Wed, 25 Mar 2026 16:45:01 +0400

Երբ ութ տարի ամեն օր նույն բանի մասին ես խոսում՝ քեզ էլ չեն լսում։ Ասածդ էլ լուրջ չի ընդունվում՝ ծաղրում, ծիծաղում են։ Իսկ երբ ճանաչում ես քո չափը և հազար անգամ համբերելուց հետո արտահայտվում ես՝ ընկալելի, ընդունելի է դառնում։ Քաղաքականության մեջ դա ավելի պարզ է երևում։ Ութ տարի Նիկոլ Փաշինյանը նախկիններից այնքան է բողոքել, այնքան է հայհոյել, որ մարդիկ արդեն կաթվածահար են եղել։ Կաթվածահար՝ բառի բուն իմաստով։ Մի այսպիսի դեպք եմ հիշում, որը սիմվոլիկ կարգով ուզում եմ ներկայացնել։ Մարդ ու կնիկ բաժանվում են։ Մարդը նոր կնիկ է բերում։ Էս նոր կնիկը ամեն օր նախկինից է բողոքում՝ ինչու սա չի արել, ինչու նա չի արել։ Վերջը մարդը «նադայել է լինում» ու գոռում՝ վեշերդ հավաքի ու գնա՛․․․Գնում ու իր նախկին կնոջը հետ է բերում։
Հիմա այդ մարդու դերում է հայտնվել ժողովուրդը։ Նոր կնիկ է բերել, ով Աստծո ամեն օր ասում է՝ նախկինդ սա էր, նախկինդ նա էր․․․ Այդ մարդն էլ խելք ունի, տեսնում է, որ էս նոր կնիկը իրենց ունեցածը քամուն է տալիս։ Բողոքելուց, բամբասելուց, տժժալուց, աշխարհը ոտի տակ տալուց բացի ուրիշ բան չի անում։ Տան գործը, ընտանիքը թողած, նախկին կնոջ կծիկն է շուռումուռ տալիս։ Նույն պատմությունն է։ Այս վիճակին ենք հասել ու հիմա ավելի շատ եմ լսում՝ վեշերդ հավաքի ու գնա՛, նախկինն ավելի լավ էր․․․
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր