Ընտրապայքարի մեջ եք մտել մեր դե՞մ, թե՞ գործող վարչախմբի. Իշխան Սաղաթելյանը` Թաթոյանին
Wed, 25 Mar 2026 21:11:16 +0400

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, անդրդառանալով Արման Թաթոյանի հայտարարություններին, սպառիչ կերպով զգուշացրել է, որ իրենց համբերությունն անսպառ չէ և հարցով դիմել Թաթոյանին․ «Ընտրապայքարի մեջ եք մտել մեր դե՞մ, թե՞ գործող վարչախմբի, սա մեր վերջին նախազգուշացումն է»։
Նա, անգամ, կասկածի տակ է դրել, թե արդյո՞ք Արման Թաթոյանն է իր տեքստերը գրում․ «Մենք որևէ մեկին չենք թիրախավորելու, մեր թիրախը գործող վարչախումբն է և նույն ակնկալիքը և պահանջը ունենք ընդդիմադիր ուժերից: Այս իրավիճակում, այս ֆոնի վրա Արման Թաթոյանն արդեն որերորդ անգամ այդ նույն տեքստերն է կրկնում։ Կա մի քանի տարբերակ․ տարբերակ մեկ՝ հայտնվել է լուսանցքում, որևէ բան իրենից չի ներկայացնում և անընդհատ նման տեքստերով փորձում է ուշադրություն հրավիրել իր վրա: Տարբերակ երկուս՝ իր նպատակը գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելը չէ, այլ ընդամենը մասնակցել, թիրախավորել ընդդիմադիր հիմնական ուժերին ու ինչ-որ ընդիմադդիր ձայներ փոշիացնել։ Իմ տպավորությամբ արդեն այս ընթացքի մեջ է և, առհասարակ, ես կարծում եմ, որ այդ տեքստերի հեղինակը Արման Թաթոյանը չէ և, վստահաբար, ինքն ամեն օր դա իր խոսույթով ապացուցում է, բայց ընդամենը կարող եմ ասել, որ այդ տեքստերի հեղինակները, ինչպես մնացած բոլոր պրոեկտները, սա ևս ձախողելու են»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր