Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ Փաշինյանը Պուտինի համար եզակի գործիչ է

«Հրապարակ»․ Փաշինյանը Պուտինի համար եզակի գործիչ է

Thu, 02 Apr 2026 09:15:00 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն է:

– Այսօր` հումորի եւ հիմարների միջազգային օրը, Նիկոլ Փաշինյանը ռուսական կողմի հրավերով այցելել է Մոսկվա: Մի քանի օր առաջ նա հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանի բարեկամն է, սակայն դրանից առաջ թե՛ ինքը, թե՛ իր թիմը պնդում էին, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է հայտարարել Հայաստանի դեմ, ասում էին, որ հենց «երաշխավորից» ազատվել ենք, պետություն ենք ունեցել, մեր անկախությունն է ամրապնդվել: Այսինքն, Փաշինյանը մեկ շաբաթ հակառուս է, մեկ շաբաթ` պրոռուս: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հակասական հայտարարություններն ու այցը Մոսկվա: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր իշխանավարման տարիներին ավելի քան 38 անգամ այցելել է ՌԴ: Հայաստանի որեւէ այլ ղեկավար այդքան շատ չի այցելել Ռուսաստան:

– Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը համագործակցում է Ռուսաստանի իշխանությունների հետ, ավելին` նա կոորդինացնում է ռուսական կողմի հետ Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ Ռուսաստանի Դաշնության պատվերով էլ արել է այն բոլոր քայլերը, որոնք տեղի են ունեցել Արցախի հետ` 2018-ից սկսած…. բանակցություններից սկսած, ամեն հնարավոր բան արեցին, որպեսզի Ադրբեջանն ունենա հարձակվելու մեծ հնարավորություն: Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը եւս նախապես համաձայնեցված էր ռուսական կողմի հետ: Այդ պատերազմի բուն նպատակն այն էր, որ ռուսական զորքերը բերվեին Արցախ: Ինչպես արձանագրեցիք` նա 38 անգամ այցելել է Մոսկվա եւ ամեն անգամ վերադառնալով Հայաստան՝ հայտարարել է, որ պետք է Արցախի նշաձողն իջեցնել, ինչից հետո Արցախը ենթարկվել է հարձակման` Ադրբեջանի կողմից, եւ հետո սկսվել է շրջափակումը` բլոկադան, եւ հայերի բռնի տեղահանումը: Այդ ամբողջը տեղի է ունեցել ՌԴ-ի հետ համաձայնեցված, համատեղ պայմանավորվածության արդյունքում: Իմ գնահատմամբ` Փաշինյանը Պուտինի համար եզակի գործիչ է, որն անվերապահորեն համաձայնեց Արցախն Ադրբեջանին հանձնելու ծրագիրը կյանքի կոչել: Ռուսաստանի համար շատ կարեւոր է, որ Հայաստանի ղեկավարը հլու-հնազանդ ենթարկվի իրեն։ Այնպես որ, ռուսական կողմն ամեն ինչ անելու է, որ Փաշինյանը շարունակի իշխանավարել 2026-ից հետո եւս:

– Բայց ռուսական հեռուստաալիքները Փաշինյանին նաեւ պարբերաբար քննադատում ու ծաղրում են:

– Նաեւ նշում են, որ Փաշինյանն արեւմտամետ է, ասում են, որ նա Ռուսաստանին մեղադրում է հիբրիդային պատերազմ իրականացնելու մեջ եւ այլն, բայց այդ ամենն իրականում կեղծիք է` թե՛ Արեւմուտքի համար, թե՛ հայ հասարակության, որպեսզի տեսակետ ձեւավորվի, որ Հայաստանում կան ռուսամետ գործիչներ` Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան եւ այլն, որոնք չեն թաքցնում իրենց ռուսամետությունը, իսկ Փաշինյանին այս ամենի ֆոնին ներկայացնում են իբրեւ հակառուս, սակայն այդ պատկերն ամեն անգամ քանդվում է, երբ Նիկոլ Փաշինյանն այցելում է Ռուսաստան: Սա շատ տարօրինակ իրավիճակ է: Եթե հայ-ռուսական հարաբերություններն այդքան վատ վիճակում են գտնվում, ինչո՞ւ են այսքան ջերմ Փաշինյանին պարբերաբար Մոսկվա հրավիրում: ԱՊՀ տարածքում չկա այլ գործիչ, որն այդքան հաճախ ՌԴ է մեկնում: Սա եւս մեկ անգամ փաստում է այն մասին, թե որքան կարեւոր է Փաշինյանի գործոնը ՌԴ-ի համար:

– Բայց շաբաթներ առաջ Եվրապառլամենտում հոտնկայս Փաշինյանին ծափահարեցին, դրանից առաջ էլ ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարեց, որ Փաշինյանին Ամերիկան աջակցում է: Այսինքն` նման խոշոր ուժերը չե՞ն հասկանում, թե ինչ խաղ է խաղում ՀՀ վարչապետը:

– Իմ կարծիքով` բոլորն էլ ամեն ինչ հասկանում են, սակայն Եվրամիությունն իր կողմից է ինչ-որ պահանջներ դնում ՀՀ-ի առջեւ, ԱՄՆ-ն էլ իր կողմից է պահանջներ դնում, իսկ Փաշինյանը խոստանում է դրանք կատարել: Հավանաբար, ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին Փաշինյանի խոստումներն այս փուլում բավարարում են: Նրանք ռուսական ազդեցության տակ գտնվող Փաշինյանից աստիճանաբար ստանում են այն, ինչ ցանկանում են այս փուլում ստանալ: Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին մենք ականատես ենք եղել մի երեւույթի, որ Հայաստանի ղեկավարությունը կարող է խոստումներ տալ եւ ոչինչ չանել: Օրինակ` ասոցացման պայմանագիրը: 2013 թվականի պատմությունն այդ մասին է: Ընտրություններից առաջ Սարգսյանը հակված էր ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ համագործակցել, տրամաբանությունն էլ այն էր, որ վերընտրվելու շեմը հաղթահարվի…. Փաշինյանի պարագայում էլ կա ռիսկ, որ Հայաստանը կարող է Արեւմուտքին տված իր խոստումներից հրաժարվել: Սերժ Սարգսյանի փորձը դրա վառ ապացույցն է:

– Ուղղակի Նիկոլ Փաշինյանի պրոարեւմտյան քայլերը շատ ավելի ցցուն են: Ի դեպ, այսօրվա այցը Մոսկվա ինչի՞ մասին է, ըստ Ձեզ:

– Անգամ ռուսական լրատվամիջոցները չգիտեն, թե որն է այս հանդիպման օրակարգը: Ենթադրում եմ, որ քննարկումը լինելու է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել գործողությունների մասին: Օրակարգ են ստեղծում, հավանաբար, Ռուսաստանի իշխանությունները Փաշինյանին հանձնարարություն ունեն տալու: Իրանի հանգամանքն ամենատեսանելի գործոնն է այժմ, որը կարող է կողմերի հանդիպման համար պատճառ դառնալ: Չեմ կարծում, որ Հայաստանի ընտրություններն են այս հանդիպման հատուկ պատճառը: Արտաքին քաղաքական ամենախոշոր իրադարձությունն այժմ Իրանի ճգնաժամն է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ փորձել է հրաժարական տալ

Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ փորձել է հրաժարական տալ Thu, 02 Apr 2026 11:48:35 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով