Ինչու՞ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ Փաշինյանին

Ինչու՞ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ Փաշինյանին

Fri, 03 Apr 2026 13:32:40 +0400


ԻՆՉՈւ՞ Է ԱՐՑԱԽԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՄԻՇՏ ՀՈւՆԻՑ ՀԱՆԵԼՈւ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու նշանակությունը կարծես ամբողջ խորությամբ չի հասկացվում: Փաշինյանն ինքը և իր փաստաբանները այդ ճանաչումը արդարացնում են նրանով, որ իրենից առաջ Պուտինն է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս:

Այս ասողները հույսը դնում են այն հանգամանքի վրա, որ քաղաքականությունից հեռու մարդիկ չեն հասկանում հակամարտությունների կարգավորման դիվանագիտության կարևորագույն սկզբունքները:
Ոչ միայն Պուտինը, այլ նաև ՌԴ նախկին նախագահ Ելցինը, ինչպես նաև ԱՄՆ նախագահներ Քլինթոնը, Բուշը և այլք, Ֆրանսիան, Իրանը, Չինաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և դրա մասին արել բազմաթիվ հայտարարություններ:

Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ քանի դեռ հակամարտության կողմերը (1994 թվականի միմչև1999-ը Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, իսկ 1999 թվականից` բանակցությունների ձևաչափից Լեռնային Ղարաբաղին դուրս դնելուց հետո` Հայաստանն ու Ադրբեջանը) Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ համաձայնության չէին եկել, աշխարհը շարունակում էր համարել, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ գոյություն ունի հակամարտություն, որը լուծված չէ, բայց պետք է լուծվի խաղաղ բանակցություններով` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու տակ: Ավելին, Մինսկի խմբի համանախագահների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից բանակցությունների սեղանին դրվում էին խաղաղ կարգավորման առաջարկներ, որոնց իրականացման դեպքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը անորոշ ժամանակով պիտի առկախվեր, իսկ Արցախը պիտի ստանար դե ֆակտո անկախություն` հաստատված խաղաղության պայմաններում:

Այս հնարավորությունը վերջնականապես փակեց Նիկոլ Փաշինյանը` 2022 թվականին ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Փաշինյանն իրականում ճիշտ է ասում, որ փակել է ղարաբաղյան շարժումը և նա արել է դա հենց 2022 թվականի իր որոշումով:

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումով` հակամարտությունը, որի հիմքում դրված էր անհամաձայնությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, ֆորմալ առումով ավարտվեց, որովհետև հակամարտության ճանաչված կողմերը` Հայաստանն ու Ադրբեջանը եկան համաձայնության: Այդ պահից սկսած Արցախի Հանրապետությունը միջազգային իրավունքի տեսակետից դարձավ «ապօրինի անջատողական միավորում», որի ոչնչացման համար Ադրբեջանն ստացավ բոլոր իրավունքները: Ոչ ռուսները, որոնց խաղաղապահները, ի դեպ, չունեին անգամ կրակ բացելու մանդատ, ոչ որևէ այլ երկիր կամ միջազգային կազմակերպություն այլևս իրավունք չունեին խոչընդոտելու Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողությանը», ինչի մասին վկայեցին նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում տեղի ունեցած ամուլ քննարկումները:

Ադրբեջանը չէր կարող բաց թողնել ստեղծված հնարավորությունը. եթե հապաղեր, Արցախի Հանրապետության շարունակական գոյությունը նորից կլեգիտիմացվեր որպես իրողություն գետնի վրա: Այո, Արցախից հայերի ցեղասպանական տեղահանումն իրականացրեց Ադրբեջանը, բայց նման քայլի անպատժելիությունը և որևէ միջազգային հետևանքի բացակայությունն ապահովեց Նիկոլ Փաշինյանը:

Այսպիսով, Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով, և այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին: Իսկ թե ինչու նա այդպես վարվեց, դա մեկ այլ հրապարակման առարկա է:

Լևոն Զուրաբյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա նշանակում է՝ ընտրության պահը մոտենում է

Սա նշանակում է՝ ընտրության պահը մոտենում է Thu, 02 Apr 2026 12:25:45 +0400 Կրեմլում տեղի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով