Ո՛չ այս ընտանիքի մոդելին․․․
Mon, 20 Apr 2026 13:15:34 +0400

Վարչապետ կոչվող անձի ընտանիքը հանրության համար կարևոր է մի պարզ, բայց հիմնարար պատճառով․ այն պետք է օրինակ լինի։ Ընտանիքը փոքր պետություն է, և խոհեմ հասարակությունները առաջնորդի գործունեությունը գնահատում են նաև նրա ընտանեկան միջավայրով, արժեքներով ու վարքականոնով։
Գաղտնիք չէ, որ երկրի ղեկավարի ընտանիքին հանրությունը հետևում է խոշորացույցով՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն քաղաքական խոսքին, այլև կենցաղին, պահվածքին ու հարաբերություններին։ Սա բնական է, որովհետև իշխանությունը միայն պաշտոն չէ․ այն նաև մշակութային և բարոյական ուղերձ է։
Եթե պետության ղեկավարի ընտանիքն ամուր է՝ արժեքային, բարոյական, ներքին համերաշխության առումով, ապա այդ ամրությունը փոխանցվում է նաև պետությանը։ Ընտանիքը դառնում է վստահության, կայունության ու չափի զգացման խորհրդանիշ։
Առանց երկարաբանությունների ասեմ՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ինձ հետաքրքիր է հենց այս տեսանկյունից․ ի՞նչ օրինակ է այն տալիս հանրությանը։ Ի՞նչ է մեր հասարակությունը տեսնում, սովորում և ինչի՞ է դառնում հետևորդ։
Պատասխանը, ցավոք, հուսադրող չէ։ Մենք, որպես հասարակություն, այդտեղից չունենք այնպիսի օրինակներ, որոնք կարելի է փոխանցել մեր երեխաներին՝ որպես արժեհամակարգային ուղենիշ։ Չկա այն ներքին չափը, որը կարող է դառնալ ընդօրինակման աղբյուր։
Մենք մեր տղաներին ու աղջիկներին պիտի մաղթենք այնպիսի ընտանիք, որը հեռու է այն մոդելից, որը ներկայացվում է այսօր որպես իշխանական ընտանիք։ Ընտանիքը չի կարող լինել քաղաքական խաղերի փորձաքար, հանրային ցուցադրության նյութ կամ իրավիճակային շահարկումների հարթակ։
Հայ ընտանիքը միշտ ընկալվել է որպես սրբություն՝ իր ներքին լռությամբ, արժանապատվությամբ ու հավասարակշռությամբ։ Հայ մայրը՝ սիրո, խնամքի ու բարության խորհրդանիշ, ոչ թե քաղաքական բեմի դերակատար։
Երբ պետական առաջնորդը ներկայացնում է մի ընտանիք, որտեղ այս սահմանները խախտված են, վտանգվում է հենց ընտանիք հասկացության իմաստը։ Այն դադարում է լինել արժեքային հենարան և սկսում է ընկալվել որպես քաղաքական խառնարան՝ երբեմն երկգլուխ, երբեմն՝ միագլուխ առաջնորդության փորձերի դաշտ։
Սա արդեն ոչ թե անձնական հարց է, այլ հանրային հետևանք ունեցող երևույթ։ Որովհետև պետական մակարդակով շրջանառության մեջ է դրվում ընտանիքի մի մոդել, որը ձևախեղում է արժեքներն ու, վերջիվերջո, նաև պետությունը։
Ո՛չ այս ընտանիքի մոդելին․․․
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր