Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես
Tue, 21 Apr 2026 14:45:18 +0400

Արթուր Աբրահամին պետք չէ բացատրել, թե ինչ է նոկաուտը։ Բոլորս հիշում ենք, թե քանի անգամ է նա հենց այդպես՝ կործանիչ հարվածով, տապալել իր հակառակորդներին։ Բայց այսօր իրավիճակը հակադարձվել է։ Այս անգամ ինքն է հայտնվել «խփված» վիճակում՝ գետնին տապալված։ Եվ ինչպես բռնցքամարտում, հիմա մնում է հաշվել մինչև տասը։ Տեսնենք՝ այդ տասը վայրկյանի ընթացքում նա կկարողանա՞ ոտքի կանգնել, շարունակե՞լ պայքարը, թե՞ կհամարվի պարտված։
Աշխարհի բազմակի չեմպիոնը, որը տարիներ շարունակ հպարտություն է բերել հայ ժողովրդին, այսօր՝ մի դպրոցաշինության առիթով, քաղաքական դաշտում ընկրկեց Նիկոլ Փաշինյանի առաջ։ Եվ այդ պահին, կարծես, մոռացավ ամենակարևորը՝ որ այսօր իշխանությունն ու ժողովուրդը նույն ճամբարում չեն։ Բռնցքամարտի լեզվով՝ նրանք հակառակորդներ են։ Մի անզգույշ, ավելորդ խոսքային հարվածով նա ջուրը գցեց իր տարիների հաղթանակները։ Մի բան, որը կարող էր պարզապես չանել։ Այսօրվա հանրային ընկալմամբ՝ գլխավոր հաղթանակը քաղաքական է, և այդ պայքարում նրա քայլը ընկալվեց ոչ թե որպես աջակցություն ժողովրդին, այլ՝ որպես զիջում հակառակորդին։
Սա դասական քաղաքական նոկաուտ է։ Նման է այն վրատարին, որը սեփական դարպասում գոլ է խփում։ Այն բռնցքամարտիկին, որը բացում է պաշտպանությունը և դառնում հեշտ թիրախ։ Ի՞նչ ստիպեց նրան այդպես բացվել։ Պարզ միամտությո՞ւն, թե՞ այլ հաշվարկներ։ Նրա խոսքերը՝ ուղղված Փաշինյանին, հնչեցին այսպես․
«Ձեզ բոլորը սիրում են… 70-80 տոկոսը այստեղ ձեզ սիրում են… ժողովուրդը ձեզ շատ է գնահատում»։ Այս խոսքերն էին այն բաց թողած հարվածը, որից հետո հնչեց նոկաուտի հաշվարկը։ Եվ հիմա՝ բռնցքամարտի կանոններով.
Արթուր, հաշվում ենք մինչև 10։
Տեսնենք՝ կկարողանա՞ս ոտքի կանգնել Նիկոլի նոկաուտից հետո։
Եթե կանգնեցիր՝ դեռ շանս կա շարունակելու պայքարը։ Եթե ոչ՝
մնաս բարով հաղթանակներ։ Դրանք այլևս չեն պատկանում հանրային հիշողությանը։ Կարող ես նվիրել՝ ում ցանկանաս։
Տասնյակ հազարավոր արձագանքները արդեն իսկ դրա վկայությունն են։
Սա մեկ մարդու անձնական կարծիք չէ, որը շատ կուզեի, այդպես լիներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր