Ինչ ակնկալիքներ Իսլամաբադի բանակցություններից
Wed, 22 Apr 2026 14:15:33 +0400

Իսլամաբադի բանակցությունները բացառիկ կարելի է համարել, քանի որ ամենաբարձր մակարդակով դրանք առաջին բանակցություններն են, որոնք ընթանալու են ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ՝ 79 թ. իսլամական հեղափոխությունից ի վեր։
Բանակցություններում անակնկալ միջնորդական առաքելությամբ հանդես է գալիս Պակիստանը, եւ նրա դերակատարումը ռեգիոնում կարծես աճում է։ Նույնիսկ եթե բանակցությունները մնան անարդյունք, Պակիստանի համար զուտ իմիջային առումով դրանք կարեւոր են լինելու։ Միջազգային առաջատար լրատվամիջոցներն ու վերլուծական կենտրոնները փորձում են հասկանալ` ինչ ակնկալիքներ ունենալ այդ բանակցություններից։ Al Jazeera-ն ու The Guardian-ն ընդգծում են, որ Պակիստանն ավելի շատ հետաքրքրված է իր կարգավիճակը բարձրացնելու հարցով՝ որպես խաղաղարար միջնորդ։ ԱՄՆ պաշտոնական տեսակետով՝ իրենք Իրանին արել են վերջին ամենալավ առաջարկը։
The New York Times-ը գրում է, որ Թեհրանի կողմից մինչեւ հիմա անորոշություն պահելը՝ կմասնակցեն բանակցություններին, թե ոչ, կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ճնշման հետ։ Եվրոպայում պահպանում են զգուշավոր լավատեսությունը` որ եթե երկխոսությունը շարունակվելու նույնիսկ փոքր հեռանկար կա, ապա էներգակիրների շուկան շատ արագ կարող է կայունանալ։ Ռուսական Коммерсантъ-ը հատկանշական է համարում, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը թույլատրել է ապրիլի 22-ին կայանալիք բանակցային երկրորդ փուլին իրանական կողմի մասնակցությունը։ Հիմնական պայքարը կգնա սանկցիաների վերացման եւ ակտիվների ապաարգելափակման հարցերի շուրջ, ըստ Forbes-ի ռուսական տարբերակի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր