Ինչ վերապահումներ ունեմ Փաշինյանի կառավարության եւ ՔՊ-ի նկատմամբ
Wed, 29 Apr 2026 15:15:04 +0400

Արձագանքելով «Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանի հոդվածին՝ փորձեմ մի քանի դիտարկում անել հունիսի 7-ի ընտրությունների մասին։ Ի սկզբանե ասեմ, որ առաջադրված 19 ուժերի մեջ կան այնպիսիք, որոնց մասին նույնիսկ չէի էլ լսել կամ վերջին շաբաթներին եմ տեղեկացել եւ դեռ վերջնական որոշում չունեմ, թե որ ուժին եմ տալու քվես։ Ընդհանրապես, այն կարծիքին եմ, որ քաղաքական ընտրություններում շատ բան որոշվում է հենց ընտրության օրը՝ քվեախցում։ Եվ դրա պատճառով է նաեւ, որ ընտրությունները, որպես երեւույթ, ֆենոմեն, մեզ մոտ անկանխատեսելի են, ու ո՛չ սոցհարցումները, ո՛չ տարբեր միջոցառումները չեն կարող երաշխիք լինել, թե ով ինչքան քվե կստանա։
Հայաստանյան մենթալիտետը հաշվի առնելով կարելի է ասել, որ շատ բան կախված է անձերից, թե ովքեր են այս կամ այն ուժի թեկնածուները, ովքեր են ղեկավարում այդ ուժերին, եւ նրանք, ինչպես կասեր ժողովուրդը՝ «ինչ ունեն արած եւ ապրած»։
Սկսեմ ՔՊ-ից։ Առանձնապես հիացած չեմ այն քաղաքական գծից, որն առաջ է տանում այս պահին գործող քաղաքական մեծամասնությունը, ուստի դժվար թե ՔՊ-ին քվե տամ։ Առհասարակ, ես դեմ եմ հեղափոխություններին, եթե դրանք գիտատեխնիկական կամ ինտելեկտուալ բովանդակություն չունեն եւ չեն ծառայելու մարդկության բարօրությանը։ Բացի այդ, ինձ համար անհասկանալի են Նիկոլ Փաշինյանի ու նրա կաբինետի արտաքին քաղաքական, ներքաղաքական կուրսը, կրոնա-եկեղեցական քաղաքական գիծը։ Ես այն մարդկանցից չեմ, ովքեր առաջնորդվում են հանրային-քաղաքական դիսկուրսում շրջանառվող թեզիսներով՝ վիրավորական էպիտետներից մինչեւ «հներ-նորեր», «նախկիններ-ներկաներ» տիրույթ։ Ինձ համար անձամբ՝ բոլորն էլ, մեծ հաշվով, ե՛ւ մի քիչ հին են ու նախկին, մի քիչ նոր ու ժամանակակից։ Ինձ նաեւ անհասկանալի է, թե, ի վերջո, ինչ գաղափարախոսության է դավանում ՔՊ-ն՝ լիբերալ-դեմոկրա՞տ են, նեոլիբերա՞լ, թե՞…։ Հենց այն, որ ՔՊ-ն, ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որեւէ «իզմ»-ի դավանորդ չէ, արդեն վերապահման պատճառ է, որովհետեւ գաղափարախոսություն չունեցող կուսակցությունը, մեծ հաշվով, շահերի փոխհամընկնմամբ միավորված մարդկանց խումբ է` ոչ ավելին, որը պարզապես ձգտել ու հասել է իշխանության եւ փորձում է համատեղել կառավարումն ու սեփական/խմբային շահերի սպասարկումը։ Խոսքը քաղաքագիտական ընդունված չափանիշների հիման վրա ֆիքսված գաղափարախոսության մասին է` սոցիալիզմ, կոմունիզմ, լիբերալիզմ, լիբերալ-դեմոկրատականություն, կոնսերվատիզմ, նացիոնալ-կոնսերվատիզմ եւ այլն։
Ես՝ որպես անհատ, ունենալով քաղաքական որոշակի համոզմունքներ, այս կամ այն քաղաքական ուժին ձայն պետք է տամ` իմանալով նրանց գաղափարախոսությունների ուղղվածությունը, տարբերությունը, եւ թե դրանք որքանով են համատեղելի իմ համոզմունքների հետ։ Սա վերաբերում է ընտրություններին մասնակցող բոլոր 19 ուժերին։ Ինչ վերաբերում է ՔՊ-ի արտաքին քաղաքական կուրսին կամ աշխարհաքաղաքական ընտրությանը, հարցն այն չէ, թե ես ռուսամետ եմ կամ արեւմտամետ։ Այս առումով համամիտ եմ ուկրաինացի հայտնի մեկնաբան Դմիտրի Գորդոնի հետ` հետխորհրդային տարածքում իսկական/զուլալ արեւմտամետ չկա, «ամենաթույն» արմեւմտամետները բուծվում են ռուսական հատուկ ծառայությունների կողմից։ Արեւմուտքն ինձ համար առաջին հերթին օրինականություն է եւ իրավունք, իրավունքի եւ պարտականության հստակ ամրագրվածություն, արեւմտյան դասական արվեստ ու մշակույթ։ Սակայն Արեւելքն էլ իր հմայնքն ու գրավչությունն ունի ինձ համար՝ Ռուսաստանից մինչեւ Չինաստան ու արաբական միապետություններ կամ Կենտրոնական Ասիա։ Վերապահություն ունեմ «ո՛չ միս, ո՛չ ձուկ» վիճակի հետ կապված, որն աշխարհաքաղաքական ընտրության առումով առաջ է տանում Նիկոլ Փաշինյանը։ Նման բան, որ միանգամից երկու աթոռի վրա նստես, չի լինում, եւ կյանքը ցույց է տվել, որ դա անել փորձողներն ի վերջո զրկվում են երկու աթոռից էլ։ Դա վտանգավոր եւ արկածախնդրություն պարունակող մոտեցում է։
Եվ ինձ համար ընդունելի չէ եկեղեցական բարենորոգության այն մեթոդիկան, որը փորձում է առաջ մղել Նիկոլ Փաշինյանը։ Այո, հասկանալի է, ու բոլորս գիտենք, որ առաքելական եկեղեցին ունի բարենորոգման կարիք, որովհետեւ եկեղեցիները՝ որպես կենդանի օրգանիզմներ, ժամանակ առ ժամանակ պետք է թարմանան ու ժամանակի հետ համաքայլ ընթանան։ Խոսքս հավատքային հավիտենական ճշմարտություններին, դոգմատիկ կամ դոկտրինալ-հայեցակարգային հարցերին չի վերաբերում, այլ, այսպես ասած, հովվական պրակտիկային, հոգեւորականների անձնային բարեվարքությանը, ֆինանսական թափանցիկությանը եւ այլն։ Սակայն բարենորոգումը պետք է սկսել՝ պահպանելով ընդունված ընթացակարգերը, որոնք առկա են առաքելական եկեղեցում, եւ դա պետք է անի նման հարցերի վճռման միակ իրավասու եկեղեցական մարմինը՝ Ազգային-եկեղեցական ժողովը, որտեղ էլ պետք է կայացվեն որոշումները։ Այս դեպքում արմատականությունը` ռադիկալիզմն ընդունելի չէ, առաջնային կարեւորություն ունի էվոլյուցիան եւ ոչ թե ռեւոլյուցիան։ Հատկապես, որ ունենք պատմական նախադեպ՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու եւ Իտալիա պետության հարաբերությունների հետ կապված՝ ի դեմս Լաթերանյան համաձայնագրերի եւ դրանց հետ կապված զարգացումների: Եվ դա կարող է լավագույն օրինակ ծառայել Հայաստանի պարագայում։ Գուցե մի փոքր շատ երկարաշունչ ստացվեց, բայց այս տեսակետն էլ գոյության իրավունք ունի, կարծում եմ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր