«Հրապարակ». Փառք Աստծո, այդ ժամանակներն անցյալում են, իսկ այդ մարդն այնտեղ է, որտեղ պետք է լինի
Thu, 30 Apr 2026 11:15:40 +0400

«Հրապարակի» զրուցակիցը վրացի քաղաքագետ, պրոֆեսոր, քաղաքական գործիչ Պետրե Մամրաձեն է:
– Երեկ վրացական մի շարք լրատվական կայքեր տեղեկատվություն հրապարակեցին այն մասին, որ ՀՀ վարչապետ Փաշինյանն իր վրացի գործընկերներին խոստացել է Վրաստանին հանձնել Ջիլիզա կոչվող հայկական գյուղը` սահմանազատման շրջանակներում: Որքանո՞վ է ճիշտ այդ տեղեկատվությունը, եւ ստեղծված տարածաշրջանային իրավիճակում ճի՞շտ է այսպես արագացված կարգով սահմանազատման գործընթաց անելը, թե՞ ճիշտ կլինի սպասել:
– Ես վստահ եմ, որ Վրաստանի եւ Հայաստանի իշխանություններն այս դեպքում անսխալ կգործեն՝ պահպանելով կայունությունը: Անկախության ձեռքբերումից հետո մենք այնպիսի հարաբերություններ ունենք, որ ոչ մի անգամ նման խնդիրներ չեն եղել, այդպես էլ կշարունակվի: Իսկ տարատեսակ կայքերում տարատեսակ հայտարարություններ կարող են հրապարակվել, այս ժամանակներում նման բաներից խուսափել հնարավոր չէ: Ցանկացած մարդ կամ մարդկանց խումբ կարող է սոցկայքերում հեղինակ լինել, էջեր բացել` ցանկացած ոճի ու բովանդակության, ու հրապարակել ինչ ուզում է․ դրանից խուսափել հնարավոր չէ: Մենք մեծագույն ու մեծաքանակ հուշարձաններ ունենք, որ այժմ Թուրքիայի տարածքում են, բայց նման բաների մասին հիմա խոսելը կնշանակի հարվածել ինքդ քեզ, լինել ինքդ քո թշնամին: Մենք գիտենք, թե ինչպես ավարտվեց ու երբեք չի ավարտվի արցախյան ողբերգությունը: Հենց հիմա կարդում էի, որ Արցախում ոչնչացրել են քրիստոնեական երկու եկեղեցի, հասկանալի է, որ այլկերպ չէր էլ կարող լինել: Տարիներ շարունակ հակընդդեմ կարծիքներ են հնչել: Ես հիշում եմ, որ Հայաստանի յուրաքանչյուր նախագահ, ով ընտրվում էր այդ պաշտոնին, նաեւ Թբիլիսի այցելության ընթացքում հայտարարություն էր անում, որ այն հայը, որը կհայտարարի, որ Վրաստանի տարածքում կան հողեր, որ Հայաստանին են պատկանում, նրանք հայ ժողովրդի թշնամիներն են, առաջին հերթին: Ես ցիտում եմ այս խոսքերը, ընդ որում՝ նաեւ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց այդ մասին Վրաստանի օպերային թատրոնում եւ դրանից առաջ ու հետո… Դա ճիշտ ու անհրաժեշտ քաղաքականություն է Հարավային Կովկասի համար: Երբ առանձին մարդիկ հրապարակում են Աստված գիտի ինչ, դա նույնպես հասկանալի է, սակայն դա պետք է վերահսկել, գործողություններ ձեռնարկել եւ միշտ հայտարարությամբ հանդես գալ, որ դա ոչ մի դեպքում չի արտացոլում իշխող քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների քաղաքական կամքը՝ երկուստեք:
– Բայց Ջիլիզայի մասին տեղեկատվության հրապարակումից հետո վրացական լրատվամիջոցներում մեկ այլ հրապարակում էլ եղավ, որ հայկական կողմը հրաժարվում է վերադարձնել մեզ մեր հողերը, եւ հակահայկական տրամադրությունների բուռն ալիք սկսվեց:
– Անկախացումից ի վեր թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի կառավարությունների կողմից չեմ հիշում որեւէ մի այդպիսի հայտարարություն…
– Հնարավո՞ր է, որ ինչ-որ երրորդ կողմ փորձում է խնդիրներ ստեղծել մեր երկու պետությունների միջեւ:
– Շատ հնարավոր է, ով ասես, ինչ ասես՝ կարող է անել, որովհետեւ էլեկտրոնային մասմեդիան այն տարածքն է, որ դա հնարավոր է, ու այդ մասին մեծագույն մասնագետներն են գրում, որ եթե ժամանակին գրքի տպագրությունն իսկական էվոլյուցիա էր, երբ Գուտենբերգը հայտնագործեց տպագրող սարքը, ինչն ամբողջությամբ փոխեց սկզբում Եվրոպայի, իսկ հետո ամբողջ մարդկության կյանքը, ապա հիմա աշխարհն ավելի մեծ էվոլյուցիա է ապրում, երբ ամեն մարդ, անկախ իր տեսակետներից ու հոգեկան առողջության կարգավիճակից, կարող է ունենալ սեփական կայքն ու գրել ինչ ասես: Ես այնպիսի բաներ եմ կարդում… հիշում եմ՝ վրացական թերթերը Շեւարդնաձեին մեղադրում էին Բերինգի նեղուցն ամերիկացիներին վաճառելու մեջ, եւ սա տիպիկ օրինակ է: Ամենակարեւորը՝ պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես է այդ լուրերին արձագանքում կառավարությունը: Իսկ լրագրողների մեծ մասը՝ ոչ բոլորը, ցիտում եմ, սենսացիան ավելի շատ են սիրում, քան հայրենիքը:
– Նայած որ լրագրողները` կա նաեւ դեղին մամուլ, որը մենք լրագրություն կամ ժուռնալիստիկա չենք համարում:
– Իհարկե, բայց նրանք շատ են:
– Ինչպեսեւ քաղաքականության մեջ շատ կան նման կերպարներ:
– Այդ կարգավիճակի ներկայացուցիչներ բոլոր ոլորտներում կան: Բնականաբար, նման տեղեկությունները շրջանառության մեջ են դնելու, բայց ամենակարեւորը կառավարության արձագանքն է: Իսկ թե կայքերում անընդհատ ինչ կլինի՝ դա երկրորդական է:
– Ինչպե՞ս եք գնահատում հայ-վրացական հարաբերությունները:
– Ես շատ ուրախ եմ, որ այս բոլոր տարիների ընթացքում, երբ ես նախագահ Շեւարդնաձեի նախագահության բոլոր տարիներին նրա նախագահական ապարատում էի աշխատում, եւ հիմա էլ, երբ արդեն 13 տարի լրացել է, ինչ «Վրացական երազանքն է» իշխանության, հենց այս քաղաքականությունը` հայկական ու վրացական կողմերից, ամբողջությամբ գերիշխող է: Եղել են շատ տհաճ պահեր, երբ նախագահ Սահակաշվիլին իրեն թույլ էր տալիս այնպիսի հայտարարություններ, որոնք անթույլատրելի էին երկրի նախագահի համար: Հիշեցնեմ․ 2009 թվականին նա հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունն ազատ անկման մեջ է հայտնվել: Ցիտում եմ` ասաց, որ Հայաստանի կառավարությունը չի կարողացել բարեփոխումներ իրականացնել, ի տարբերություն Վրաստանի, ինչի հետեւանքով Հայաստանի տնտեսությունն ազատ անկման մեջ է հայտնվել: Դրան հայկական կողմը, ՀՀ ԱԳՆ-ի մակարդակով, շատ զուսպ հայտարարությամբ պատասխանեց՝ ասելով, որ եթե նույնիսկ դա համապատասխաներ իրականությանը, ապա հազիվ թե ճիշտ է, որ բարեկամ երկրի նախագահը նման հայտարարություն անի: Իսկ ճշմարտությունն այն էր, որ այն ժամանակ՝ 2009-ին, Վրաստանում տնտեսությունը ոչ թե ազատ անկման մեջ էր, այլ մինուս էր: 2008-ին մենք ունեցանք պատերազմ՝ այդ սարսափելի ռազմաքաղաքական կատաստրոֆան, արկածախնդրությունը, որ Սահակաշվիլին բերեց, հետո շատ ծանր տարի էր: Ու հենց այդ ծանր տարվա ընթացքում, քո իսկ բերած արկածախնդրության ու աղետի պայմաններում, դու Հայաստանի մասին նման հայտարարություն ես անում: Էլի են եղել նման հայտարարություններ՝ ամբողջը սուտ եւ անընդունելի պահվածք, եղել է նման բան, եղել է ժամանակ, երբ Վրաստանի նախագահը նման բաներ էր անում: Բայց, փառք Աստծո, այդ ժամանակներն արդեն անցյալում են, իսկ այդ մարդն էլ այնտեղ է, որտեղ որ պետք է լինի՝ բերդում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր