Բժշկական թուղթ՝ նիստերից բացակայելու համար, բայց ակտիվ մասնակցություն քարոզարշավներին
Mon, 11 May 2026 13:45:22 +0400

Արդեն մի քանի ամիս է, ինչ ՔՊ ավագանու խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը չի մասնակցում Գյումրու ավագանու նիստերին։ Ընդհանուր առմամբ, նիստերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների մասնակցությունն էլ մյուս խմբակցությունների համեմատ բավականին ցածր է․ թեև ապահովվում է քվորումը, սակայն խմբակցության անդամների զգալի մասը բացակայում է նիստերից։
Հատկանշական է, որ արդեն երրորդ կամ նույնիսկ չորրորդ նիստն է, ինչ բացակայում է նաև խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը, և նրա շարունակական բացակայությանը, կարելի է ասել, արդեն համակերպվել են ոչ միայն թիմակիցները, այլև ավագանու ամբողջ կազմը։
Փորձեցինք պարզել, թե որն է Մինասյանի բացակայությունների պատճառը և ինչ հիմքով է նա պարբերաբար բացակայում նիստերից։ Գյումրու քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ Մինասյանը ներկայացրել է առողջական խնդիրների վերաբերյալ բժշկական փաստաթուղթ, ինչով էլ պայմանավորված է նրա բացակայությունը նիստերից։
Սակայն ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Վերջին ամիսներին նույն Սարիկ Մինասյանը, որը ավագանու նիստերից բացակայում է առողջական խնդիրների պատճառաբանությամբ, ակտիվորեն մասնակցում է Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին և վերջին օրերի քարոզարշավներին, մասնավորապես՝ Սյունիքում։ Նա պարբերաբար երևում է քարոզչական հանդիպումներին և մասնակցում թիմային ակտիվ աշխատանքներին։
Այս ֆոնին հարց է առաջանում․ եթե Մինասյանն իսկապես առողջական լուրջ խնդիրներ ունի, ապա ինչպես է կարողանում երկար ճանապարհներ անցնել, օրերով մասնակցել քարոզարշավներին ու քաղաքական հանդիպումներին, սակայն չի կարողանում ներկա գտնվել ավագանու ընդամենը մեկուկես-երկու ժամ տևող նիստերին, որոնք ևս նրա անմիջական պարտականությունների շրջանակում են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր