Մարզպետը եւ համայնքապետը. արձակուրդ` քարոզչության մեջ
Sat, 09 May 2026 14:15:33 +0400

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին որոշումներ է ընդունել, որոնց համաձայն՝ մի շարք նախարարներ եւ մարզպետներ մայիսի 8-ից մինչեւ հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում արձակուրդում են լինելու, որպեսզի մասնակցեն նախընտրական քարոզարշավին։ Արձակուրդ մեկնածների թվում է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Արձակուրդ է վերցրել նաեւ Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ Նա մայիսի 7-ին Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել․ «Վաղվանից արձակուրդում եմ լինելու, սակայն այդ օրերն ինձ համար լինելու են ոչ թե հանգստի, այլ՝ պատասխանատվության ու նվիրումի օրեր։ Ամբողջ ներուժով ներգրավվելու եմ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավին՝ աջակցելով իմ քաղաքական թիմին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ հանուն մեր երկրի խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ ապագայի»։ Ա․ Ճաղարյանը 2015-2021թթ․ Իջեւանի համայնքապետարանում պաշտոնավարել է որպես համայնքի ղեկավարի տեղակալ, 2021թ. ապրիլի 8-ին՝ Ն․ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ 2021թ․ նոյեմբերի 14-ին կայացած Իջեւան համայնքի ավագանու ընտրությունների արդյունքներով ձեւավորված ավագանու կողմից ընտրվել է համայնքի ղեկավար։ Իսկ 2026թ․ աշնանը Իջեւան համայնքում նախատեսված են համայնքի ավագանու հերթական ընտրություններ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր