Ինչպե՞ս են նվազեցվելու բազմազավակ ընտանիքների հարկերը. Արման Թաթոյան
Tue, 12 May 2026 11:22:07 +0400

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ներկայացրել է բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրային դրույթը, որի համաձայն՝ բազմազավակ ընտանիքների հարկային բեռը կնվազի՝ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով։
Թաթոյանի խոսքով՝ առաջարկվող ծրագիրը փոխում է գործող հարկային տրամաբանությունը՝ ընտանիքը դիտարկելով որպես միասնական հարկային սուբյեկտ։
«Այսօր հարկ վճարող է համարվում յուրաքանչյուր ֆիզիկական անձ։ Մեր ծրագիրը փոխում է այս տրամաբանությունը։ Երբ ընտանիքը դառնում է բազմազավակ, հարկ վճարող է համարվում արդեն ոչ թե ամուսինները կամ ընտանիքի անդամները առանձին-առանձին, այլ ընտանիքը՝ որպես 1 սուբյեկտ»,- նշել է «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
Նրա գնահատմամբ՝ նախաձեռնությունը միտված է խթանելու ծնելիության աճը, աջակցելու երիտասարդ ընտանիքներին և ապահովելու երկրի ժողովրդագրական զարգացումը։
«Մենք պետք է անպայման սա իրականացնենք, այլ ելք չունենք չանելու, որովհետև մենք պետք է խթանենք ծնելիությունը մեր երկրում, որ շատ ընտանիքներ երիտասարդ ձևավորվեն, շատ բալիկներ ծնվեն, մեր բնակչությունը շատանա հանուն մեր երկրի ապագայի, և սա շատ արդար մոտեցում է»,- ընդգծել է Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր